«Մենք հավատում ենք երկխոսությանը: Հունաստանում մենք շարունակաբար ասում ենք 3 բառ՝ ժողովրդավարություն, դիվանագիտություն, երկխոսություն։ Ներգրավված կողմերը պետք է շարունակական երկխոսության մեջ լինեն: Ես կարծում եմ՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը շատ իրատեսական, կայուն և արդար լուծում է խնդրին: Խաղաղության գործընթացը պետք է անդրադառնա կոնկրետ խնդիրների: Սահմանների սահմանազատումը պետք է հստակ լինի, որ հետագա վայրագություններ չդրսեւորվեն: Երկու կողմերը պետք է ներգրավված լինեն: Նպատակին հասնելու իրական հնարավորություն կա։ Ռազմական գործողություն չպետք է լինի ապագայում»,- այսօր ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում ասաց Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը՝ պատասխանելով, հարցին, թե իսկապես հնարավո՞ր է Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղություն:
Արարատ Միրզոյանն էլ անդրադառնալով ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացին՝ նախ հիշեցրեց, թե քանի հանդիպումների մասնակցելուց ադրբեջանական կողմը հրաժարվեց՝ Գրանադա, Բրյուսել. «Միաժամանակ այս ոչ կառուցողական մթնոլորտում մենք տեսանք կառուցողական քայլեր Բաքվից, օրինակ՝ գերիների ազատ արձակման հարցում: Տեղի է ունեցել նաեւ խաղաղության պայմանագրի առաջարկների փոխանակություն: Մենք ստացել ենք ադրբեջանական առաջարկությունները, հունվարի 4-ին, կարծեմ, արդեն փոխանցել ենք հայկական հերթական առաջարկները: Ես կասեի՝ բովանդակային առումով ադրբեջանական առաջարկների մեջ տեսնում ենք որոշակի հետընթաց… բայց մի բան կուզենայի ընդգծել, ոչ այնքան առաջարկների հետընթաց կամ առաջընթաց լինելն է կարեւոր, այլ այն հիմնարար սկզբունքների համախմբումը, որոնց վրա պետք է հիմնվի խաղաղության պայմանագիրը…Այդ սկզբունքները բազմիցս հանրահռչակել ենք՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում՝ առանց երկիմաստությունների։ Սա առավելագույն հստակություն պահանջող հարց է։ Վերջնական խաղաղության համաձայնագիրը պետք է սա ապահովի ու սահմանի հստակ հիմքերը, որոնց հիման վրա ընթանալու է սահմանների սահմանազատման գործընթացը։ Այսինքն՝ սա տարածքային ամբողջականությունն է, սահմանների անձեռնմխելիությունը և սահմանազատման սկզբունքները: Սա է Հայաստանի առաջնային պլանում»։
Նախարարը նկատեց նաեւ, որ ցանկացած անորոշություն հետագա էսկալացիայի կամ նոր ռազմական գործողությունների հիմք է դառնալու:
Միրզոյանի խոսքով, հաջորդ սկզբունքը, որ ցանկանում են տեսնել հաստատված խաղաղության համաձայնագրում՝ վերաբերում է տարածաշրջանային տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը. «Խաղաղությունը միայն կրակոցների բացակայությունը չէ։ Խաղաղությունը նաեւ բաց սահմաններն են, ապրանքների ու մարդկանց տեղաշարժն է միմյանց տարածքով։ Դժվար է խաղաղություն անվանել մի իրավիճակ, երբ Հայաստանը շարունակում է մնալ շրջափակման մեջ։ Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա մի քանի արդար սկզբունքների հիման վրա, դրանք նույնպես հայտնի են՝ երկրների ինքնիշխանություն հաղորդակցությունների նկատմամբ, հավասարություն և փոխադարձություն»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ