Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Մկրտչյան․ «2023-ին ԼՂ-ից բռնի տեղահանվածների ծրագրերին հատկացվել է մոտ 29 մլրդ դրամ, միջազգային դոնորները 1,5 միլիարդ դրամ են հատկացրել»

Հունվար 10,2024 14:31

Չնայած կառավարության աջակցության ծրագրերին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից քիչ են այն քաղաքացիները, որոնք չեն ստացել ֆինանսական աջակցությունը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադառնալով այս խնդրին, նշեց, որ դա պայմանավորված է բազայում տվյալների համադրմամբ։

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման առաջին, երկրորդ օրը հնարավոր էր հեշտ արձանագրել տվյալները, դրանք վերցնել միգրացիոն ծառայությունից կամ սահմանապահ ծառայությունից։ Հետագա օրերին, քանի որ մարդկանց թիվը մեծ էր, անհնար էր հսկայական հերթում մարդկանց կանգնեցնել մինչեւ տվյալները կարձանագրեն։ Մենք ասացինք, որ սոցիալական ծառայության կենտրոններ գնան, հումանիտար կայան գնան, տվյալները գրանցեն։ Եղել են դեպքեր, երբ հոկտեմբերի առաջին շաբաթը շահառուները երկրում չեն եղել, վերադարձել են, հետո են դիմել։

40+10 հազար դրամ աջակցության դեպքում տվյալների համադրման անհրաժեշտություն է եղել։ Համադրման վերջնական փուլը կավարտենք առաջիկա շաբաթներին ու վճարումներն ամբողջական կիրականացնենք։ Այդ տվյալներն անընդհատ համադրման կարիք ունեն»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ եթե դեպքեր լինեն, որ անհատական որոշում կայացնելու կարիք կլինի, փաստաթղթերը կուսումնասիրեն, վարչարարությամբ այդ խնդիրը կլուծեն։

Նախարարի տեղեկացմամբ՝ 112 հազար մարդու վճարվել է միանվագ 100 հազար դրամ աջակցությունը, առաջիկայում տվյալների համադրում կկատարվի, եւ այն մասը, որը չի վճարվել, կստանան աջակցությունը։

«Մենք պետք է վստահ լինենք, որ շահառուների տվյալները հավաստի են, ուստի պետք է մեր տվյալների հետ դրանք համադրենք։ 40+10 հազարի դեպքում էլ տարբեր խնդիրներ կան։ Օրինակ մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցման պայման է պետք, բնակարան ունե՞ն, թե՞ ոչ։ Հընթացս պարզվում էր, որ կան մարդիկ, որոնք ժամանակին գրանցված են եղել Հայաստանում, բայց դրա մասին չեն իմացել։ Բայց քանի որ համակարգում ֆիլտր ենք դրել, հիմա պետք է հերթով անցնենք հազարավոր տվյալներով, որպեսզի ճիշտ որոշում կայացնենք։ Հունվարից հետո պարզ կլինի, թե ովքեր են մեր իրական շահառուները»,-ասաց Մկրտչյանը։

Նախարարը վստահեցրեց, որ երկարաժամկետ ծրագրերում են ներառվելու նաեւ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստան տեղափոխված արցախցիները։

Ըստ նախարարի՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ծրագրերին հատկացվել է մոտ 29 մլրդ դրամ, միջազգային դոնորները մոտ 1,5 միլիարդ դրամ են հատկացրել։ Բնակվարձի եւ կոմունալ ծառայությունների ծախսերի համար ավելի քան 104 հազար մարդ հոկտեմբեր ամսին ստացել 40+10 հազար դրամ աջակցությունը, նոյեմբերին՝ 77 հազար, դեկտեմբերին՝ 82 հազար մարդ։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031