Լրահոս
Օրվա լրահոսը

Հսկիչ գնման գործընթացը կտեսաձայնագրվի, ՀԴՄ-ների համար տեսախցիկներ կտեղադրվեն․ ի՞նչ փոփոխություններ է առաջարկում կառավարությունը

Հունվար 10,2024 14:16

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ հարակից նախագծերի փաթեթին։ «Այս նախագծով վարչարարական մի շարք փոփոխություններ ենք իրականացնում, որ հիմնական նպատակներից մեկը թեմատիկ ստուգումների ընթացքի եւ արդյունքի տեսաձայնագրումն է, որպեսզի հետագայում վեճ չառաջանա կատարված վարչարարական միջոցառման եւ արձանագրված խախտումների մասով։ Մասնավորապես, հսկիչ գնումների ՀԴՄ թեմատիկ ստուգման շրջանակներում նախատեսվում է հսկիչ գնման ընթացակարգի որոշ մասերը տեսաձայնագրել։ Սա դրական փոփոխություն է, թե տնտեսվարողը, թե ՊԵԿ-ը կարող են համոզվել թե վարչարարության օրինականության մեջ, թե կատարված խախտումն արձանագրելու օրինականության մեջ»,- ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Ըստ նրա՝ այս կարգավորումը պետք էր վաղուց ներդնել, որպեսզի դատական վեճեր չլինեն։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ մյուս առաջարկվող կարգավորումը հետեւյալն է։ Այն առեւտրի օբյեկտներին, որոնց շրջանառությունը գերազանցում է 25 մլն դրամը, օրենքով պարտադրվելու է ունենալու ՀԴՄ հետ կատարվող գործողությունները տեսախցիկի տիրույթում պահելու կանոն, որպեսզի հետագայում, եթե տնտեսվարողը չի ընդունում իր մոտ հսկիչ գնման փաստը, կարողանա այդ տեսաձայնագրումը վկայակոչել եւ ապացույցը ներկայացնել։

Ռուստամ Բադասյանը նաեւ ասաց, որ 2023 թվականին ՀԴՄ-ների տպման 7 տոկոս աճ է արձանագրվել։ 2023 թվականին տպվել է մոտ 200 մլրդ դրամով ավելի ՀԴՄ, քան 2022 թվականին։

«Մեր գնահատականներով՝ այս տարի առնվազն 0,5 տոկոսային կետով եւ ավելի հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավում կունենանք»,- ասաց նա։

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հարցրեց․ «Տեսուչը, որը հսկիչ գնում է կատարում, իր մոտ ունենալու է փակցված տեսախցիկ։ Ինքը տեսանկարահանում է ամբողջ պրոցեսը, ներառյալ գնման պահը, թե՞ որոշակի պահ միջից բաց է թողնվում, որովհետեւ եթե ինքը նկարահանում է նաեւ վաճառողին, նրա հետ խոսակցությունն ու գործարքը, կա տեսակետ, որ դա միջամտություն է անձնական կյանքին»։

Ռուստամ Բադասյանն ասաց, որ հարկային մարմնի կողմից տեխնիկական միջոցները կարող են օգտագործվել ոչ գաղտնի եղանակով։ «Մեր նախագիծն ասում է, որ ոչ գաղտնի չենք անելու, որովհետեւ դրա կարիքը չունենք։ Մենք բացահայտ ենք անում, մենք մեր գործողությունը նկարագրում ենք, թե ինչ ենք անելու, որը տեսաձայնագրվում է»,- հավելեց Բադասյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031