«Այս ծրագրի նպատակը պարզ բան էր՝ բնակարանային ապահովման պետական աջակցություն։ Մենք ունենք բնակարանային ապահովման լուրջ խնդիրներ, որը երկարաժամկետ լուծման խնդիր է։ Երկրորդ նպատակն էլ՝ շինարարության ոլորտի աճ, տնտեսական աճ։ Ասում եք՝ 2023 թվականին 50 մլրդ-ի չափով եկամտահարկ է վերադարձվել։ Խնդիրը հետեւյալն է՝ այդ շինարարությունը, որը խթանվել է այս ծրագրով, տրամաբանորեն պետք է նաեւ հարկային մուտքեր այդտեղից ավելացած լինեն, որքա՞ն են այդ հարկերը»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։
Նշենք, որ այս նախագծով առաջարկվում է Երեւանին սահմանակից մարզերի համար հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի արտոնության կիրառությունը դադարեցնել 2027 թվականի հունվարի մեկից հետո, իսկ մնացած մարզերի մասով՝ 2029 թվականի հունվարի 1-ից հետո՝ բացառություն նախատեսելով սահմանամերձ բնակավայրերի համար։
Թադեւոս Ավետիսյանը նաեւ հարցրեց, թե ի՞նչ սկզբունքով են որոշել այս ժամկետները։ «Վերադառնալո՞ւ եք արդյոք պրոգրեսիվ եկամտահարկին եւ ուղղելո՞ւ եք արդյոք ձեր թույլ տված կոպիտ սխալը։ Դիտարկո՞ւմ եք մեխանիզմներ, որը կուժեղացնի ծրագրի սոցիալական ուղղվածությունը եւ բնույթը, այլ ոչ թե ծրագրի դադարեցումը։ Պարտադիր չէ վերացնել այս ծրագիրը, կարելի է ընթացակարգերով ծրագրի ուղղվածությունը փոխել, դարձնել ցածր եկամուտներ ունեցողների համար հասանելի։ Ես ձեզ վստահ ասում եմ՝ 2029 թվականի լուծած չենք լինելու սոցիալապես անապահովների բնակարանային խնդիրները»,- ասաց պատգամավորը։
Արման Պողոսյանը նշեց, որ չկա վերլուծություն, թե որքան հարկեր են գեներացվում այս արտոնյալ ծրագրի շրջանակներում։ Նա նաեւ ասաց, որ պրոգրեսիվ եկամտային հարկին վերադառնալու մտադրություն չկա, տեսանելի ապագայում նախատեսվում է պահպանել եկամտահարկի համահարթ մոդելը։
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ այս համակարգի ներդրման նպատակն ի սկզբանե չի եղել բնակարանային ապահովումը կամ սոցիալականը։ «Նպատակը եղել է շինարարության ոլորտը փոսից հանելը, որին հետո տրվել են որոշակի սոցիալական կոմպոնենտներ։ Կարծում եմ՝ այն ժամանակ այս որոշումն ընդունողներն իրենց մտքում ունեցել են, որ մի որոշակի պահի այս համակարգից պետք է հրաժարվել։ Եթե այն ժամանակ տարեկան մի քանի միլիարդի հետվերադարձ է եղել, իսկ հիմա 52 մլրդ դրամ միայն անցած տարի է վերադարձվել, եթե այդ գումարն ավելի արագ աճեր, համոզված եմ, որ այս համակարգն ավելի շուտ դուրս կգար։ Ոչ ոք չի ասում, որ այս համակարգը միայն վատ կողմեր ունի, որովհետեւ բացի նրանից, որ շինարարության ոլորտը խթանել է, մարդկանց հնարավորություն է տվել բնակարան ձեռք բերել, նաեւ ահագին նպաստել է ստվերի կրճատմանը։ Այդ 52 մլրդ դրամը, որը պետությունը հետ է տալիս, օդից չէ, դա ծախս է, որ կարող է ուղղվել այլ նպատակների ու ավելի թիրախային տեղեր»,- ասաց Թունյանը։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այս նախագծին։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ