Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ԱՊՀ տարածքով համաձայնվել են, ովքե՞ր են համաձայնվել եւ նրանք, ովքեր համաձայնվել են, հիմա ինչո՞ւ չեն միանում, ի՞նչն է խանգարում». Ռուստամյան

Հունվար 10,2024 13:52

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ հարկադիր վտարման ենթակա անձանց՝ վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:


Նմանատիպ համաձայնագիր վավերացնելու նախագիծ կնքվել է նաեւ ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ: Արփինե Սարգսյանն ասաց, որ այս դեպքում խոսքը ԱՊՀ մասնակից պետությունների հետ մեկ միասնական համաձայնագրի մասին է: Մինչ այս պահը համաձայնագիրը վավերացրել են ՌԴ-ն ու Բելառուսը, ՀՀ-ն կլինի երրորդը: Երկու երկրներ համաձայնագիրը կիրառում են ժամանակավոր, քանի որ իրենց օրենսդրությունը դա թույլ է տալիս: ՀՀ-ն չունի այդպիսի կարգավորում, հետեւաբար գնում է վավերացման ճանապարհով՝ վերապահումով, որ եթե դրանից հետո որեւէ այլ երկիր կմիանա համաձայնագրին, ՀՀ-ն կարող է տվյալ երկրի մասով ունենալ առանձին վերապահում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը մտահոգություններ ուներ. «Ինչի՞ է որոշվել, որ ԱՊՀ-ով պիտի արվի, այլ ոչ թե երկկողմ պայմանագրերով: Տարբեր երկրներ կարող են տարբեր մոտեցումներ ունենալ, այս գաղափարը որտեղի՞ց է առաջացել, որ պետք է անպայման ԱՊՀ շրջանակով դա իրականացվի, ավելի չի՞ բարդացվի պրոցեսը: Քանի՞սը պիտի միանան, որ համարվի՝ ԱՊՀ տարածքով գործում է դա»:

Փոխնախարարը պատասխանեց, որ ԱՊՀ-ն որոշում է՝ հարցերը ցանկանում է կարգավորել միասնական փաստաթղթի՞ ձեւաչափով, թե՞ ամեն պետություն հարցը քննարկի երկկողմ համագործակցության տրամաբանության մեջ. «Բազմաթիվ են դեպքերը, երբ ԱՊՀ-ն ցանկանում է մեկ միասնական փաստաթղթով կարգավորել: Հաշվի առնելով, որ կարգավորման առարկան հաճախ հանդիպող դեպքերից է, ընդհանուր մոտեցում է ձեւավորվել: Մեր տեսանկյունից էլ միգրացիոն տարբեր պրոցեսները կառավարելու տեսանկյունից անհրաժեշտ է մեկ միասնական քաղաքականություն վարել: ԱՊՀ տարածաշրջանով է իրականացվում դա, թե ոչ՝ պրոցեսը չի կարելի պայմանավորել համաձայնագրին միացած պետությունների թվով»:

Ռուստամյանն արձագանքեց. «Ասում եք՝ կա համաձայնություն, որ սա իրականացվի, ո՞ւմ միջեւ եւ որտե՞ղ է այդ համաձայնությունն արձանագրվել: Եթե համաձայնվել են, էլ ո՞նց են որոշելու՝ ով պիտի միանա, ով՝ չէ, ով համաձայնվել է, նա էլ կմիանա, այստեղ մի հատ անհասկանալի պահ կա, բացատրեք: Եթե ԱՊՀ տարածքով համաձայնվել են, ովքե՞ր են համաձայնվել եւ նրանք, ովքեր համաձայնվել են, հիմա ինչո՞ւ չեն միանում, ի՞նչն է խանգարում»:

Արփինե Սարգսյանը պատասխանեց. «Պարտադիր չէ, որ այն պետությունները, որոնք քննարկման սեղանի շուրջ են նստել, անպայման միանան համաձայնագրին, որովհետեւ ի վերջո տվյալ պետությունները ներպետական պրոցեսներով պետք է ապահովեն վավերացումը: ՄԱԿ-ի կողմից էլ կարող է կոնվենցիա ընդունվել ու ՀՀ-ն չմիանա դրան»:

ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանն ասաց, որ իր տպավորությամբ՝ այս համաձայնագիրը վավերացնելով՝ երկիրն իր սուվերենությունը չի կորցնում. «Համաձայնագիրը չունի քաղաքական բովանդակություն իր մեջ, շատ ընթացակարգային է»:

Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն տվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031