Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա մենք նավը վարում ենք եւ կտրուկ շրջադարձեր ենք անում, ավերածություններ կառաջանան»․ Հովիկ Աղազարյան

Հունվար 10,2024 13:38

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դիմեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին․ «Չորս տարի առաջ այստեղ ես ասացի, որ այս օրենքը սարսափելի օրենք է, եւ մեկ օր շուտ պետք է դրանից ձերբազատվել։ Դուք եւ էլի մեր շատ գործընկերներ կառավարությունից հիմնավորեցին, որ շինարարությունը տնտեսության լոկոմոտիվն է, եկանք հասանք 100 մլրդ վերադարձին։ Հիմա մենք նավը վարում ենք եւ կտրուկ շրջադարձեր ենք անում, կտրուկ շրջադարձերի դեպքում ավերածություններ կառաջանան։ Ինչո՞ւ եք այսպես կտրուկ անում, աշխատանքային քննարկման ժամանակ ասում էինք՝ գոտիավորում անենք։ Մարդիկ հաշվարկել են, ծրագրավորում են կատարել, դուք ըսենց բան եք անում, կթռնեն դուրս բոլորը»։

Նշենք, որ այս նախագծով առաջարկվում է Երեւանին սահմանակից մարզերի համար հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի արտոնության կիրառությունը դադարեցնել 2027 թվականի հունվարի մեկից հետո, իսկ մնացած մարզերի մասով՝ 2029 թվականի հունվարի 1-ից հետո՝ բացառություն նախատեսելով սահմանամերձ բնակավայրերի համար։

Արման Պողոսյանն ի պատասխան ասաց․ «Մենք մշտապես ենք հայտարարել, որ այս համակարգից պետք է փորձենք ազատվել, բայց աստիճանաբար։ Հենց սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ մենք կտրուկ շարժումներ չենք անում, որպեսզի դաշտը լինի կանխատեսելի, եւ սթրեսի չենթարկենք ոչ մեր կառուցապատողներին, ոչ էլ ազգաբնակչությանը։ Հիմա մարզերի պարագայում տրվում է ավելի երկար ժամկետ, մեր կարծիքով՝ անցումային դրույթ ունենալու կարիք չկա։ Օրենքը քննարկվում է հիմա, եւ ամենամոտ վերջնաժամկետը երեք տարի հետո է՝ 2027 թվականի հունվարի 1-ին»։

Հովիկ Աղազարյանը հավելեց․ «Ես հիմա՝ որպես պատգամավոր, պատրաստ չեմ քվեարկել այս նախագծի օգտին, որովհետեւ լիքը բաներ չեմ հասկանում։ Հետեւաբար, իմ խնդրանքն է կառավարության մեր գործընկերներին՝ երկու ամսով հետաձգենք, մի հատ քննարկում անենք կառուցապատողների հետ եւ նոր կողմնորոշվենք»։

ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանն ասաց, որ նախագիծը տեղին է, բավականաչափ ժամկետ կա տրված, որպեսզի մարդիկ որոշում կայացնեն։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031