Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձի արտոնությունը կդադարեցվի 2027 թ․ եւ 2029 թ․ հունվարի մեկից հետո

Հունվար 10,2024 12:54

Կառավարությունը լրացումներ է առաջարկում Հարկային օրենսգրքում։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ասաց, որ նախագիծը մի քանի նպատակներ է հետապնդում։ Առաջինը՝ մարզերում քաղաքաշինական եւ տնտեսական ակտիվության խթանումն է։ Մյուս հիմնական նպատակը հիփոթեքային վարկերի սպասարկման գծով վերադարձվող եկամտային հարկի գումարների անշեղ աճը զսպելն է երկարաժամկետ հեռանկարում։

Ըստ Արման Պողոսյանի՝ այս համակարգից օգտվում է հասարակության հիմնականում միջին ու բարձր եկամուտ ունեցող խավը։ Կառավարությունը հայտարարել է, որ պետք է այս համակարգից դուրս գալու ռազմավարություն լինի։ «Եթե հիշում եք՝ 2021 թվականի տարվա վերջին ընդունվեց օրենք, Երեւանը գոտեւորվեց այս տրամաբանությամբ եւ որոշակի ժամանակացույցով սահմանվեց, որ համակարգի կիրառությունը կդադարեցվի Երեւան քաղաքում։ Վերջնաժամկետը 2025 թվականի հունվարի մեկն է, այսինքն՝ այդ ամսաթվից հետո ստացվող վարկերի մասով այլեւս հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսների վերադարձ չի կատարվի»,- ասաց նա։

Ըստ Արման Պողոսյանի՝ հիմա մոտավորապես նույն տրամաբանությամբ առաջարկվում է նույն լուծումներն ունենալ նաեւ մարզերի համար։ Հետեւյալ մոտեցումն է ընտրվել՝ Երեւանին հարակից մարզեր եւ Երեւանին ոչ հարակից մարզեր։ Երեւանին սահմանակից մարզերի համար առաջարկվում է արտոնության կիրառությունը դադարեցնել 2027 թվականի հունվարի մեկից հետո ստացվող հիփոթեքային վարկերի գծով։ Իսկ մնացած մարզերի մասով՝ 2029 թվականի հունվարի 1-ից հետո՝ բացառություն նախատեսելով սահմանամերձ բնակավայրերի համար։

Նախագծով նաեւ փոփոխություն է առաջարկվում վերադարձվող եկամտային հարկի եռամսյակային առավելագույն սահմանաչափի մասով։ Գործող օրենսդրությամբ այն սահմանված է 1,5 մլն դրամի չափով, նախագծով առաջարկվում է կիսով չափ նվազեցնել եւ սահմանել 750 հազար դրամի չափով։

«Տրամաբանությունն այն է, որ համակարգին հաղորդվի ավելի շատ ընդգծված սոցիալական նշանակություն։ Եվ երկրորդ, որ կրկին զսպվի հետագա աճը, որովհետեւ մենք ուշադրության արժանի վիճակագրություն ունենք։ 2023 թվականն ամփոփել ենք շուրջ 52 մլրդ դրամ վերադարձով, 2022 թվականը՝ 36,5 մլրդ դրամ, այս տարի գնահատվում է շուրջ 80 մլրդ»,- հավելեց նա։

Ըստ փոխնախարարի՝ փոփոխություններին հետադարձ ուժ չի տրվելու, բոլոր այն քաղաքացիները, որոնք այս համակարգի շահառու են, իրենք մինչեւ վարկի մարումը կշարունակեն շահառու մնալ նույն պայմաններով։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031