Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե այդ մարդիկ Հայաստանում ապրելու ցանկություն չունեն, լքել են ՀՀ-ն, ինչի՞ ենք պարտադրում գալ. Գուրգեն Արսենյան

Հունվար 10,2024 12:38

Այսօր ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց նոր համաձայնագիր՝ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին: Այն կնքվել է ՀՀ կառավարության եւ Ավստրիայի դաշնային կառավարության միջեւ:

Փոխնախարարը նշեց, որ պրակտիկան ցույց է տալիս, որ նման համաձայնագրերը խթան են հանդիսանում ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ վիզաների ազատականացման երկխոսությունը ավելի կառուցողական հիմքերի վրա դնելու, որովհետեւ սա ցույց է տալիս ՀՀ պատրաստակամությունը հետ ընդունել այն անձանց, որոնք անկանոն բնակություն են հաստատել ԵՄ տարբեր երկրներում. «2023-ին ԵՄ երկրների շրջանակներից մենք ստացել ենք 411 հայտ եւ դրական պատասխանի է արժանացել մեր կողմից 92,99%-ը: Այն անձինք, որոնք հետ ընդունման ենթակա չեն, բնականաբար, դրական պատասխանի չեն արժանացել»:

ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասաց. «Խոսքը այն քաղաքացիների մասին է, որոնք չեն բնակվում այստեղ, լքել են ՀՀ-ն եւ երկկողմ համաձայնագիր ասվածը իրականում նրանց Հայաստան վերադարձնելու մասին է: Խոսքը մեր քաղաքացիների մասին է, որոնք օրինական կամ ոչ օրինական ելքեր են գտել իրենց համար ՀՀ-ից հեռանալու, չեն ցանկանում այդ մարդիկ ապրել ՀՀ-ում: Հիմա մենք այդ մարդկանց, որ բերում ենք այս պայմանագրերի հիման վրա Հայաստան, բավարարում ենք եվրոպական երկրների կառավարությունների ցանկությունը, ունե՞նք վիճակագրություն, թե այդ մարդկանցից հետո ի՞նչ են արել: Եթե այդ մարդիկ Հայաստանում ապրելու ցանկություն չունեն, դա նշանակում է, որ մենք, բավարարելով եվրոպական կառավարությունների ցանկությունները, մեր մարդկանց բան ենք պարտադրում»:

Արսենյանը նաեւ հարցրեց՝ կա՞ վիճակագրություն, թե մինչեւ այս պահը քանի՞ քաղաքացի է հեռացել ՀՀ-ից եւ բնակվում է ԵՄ երկրներում, կա՞ վիճակագրություն, թե քանի քաղաքացի է հեռացել ՀՀ-ից նոր միգրացիայի հետեւանքով, անկախությունից հետո:

Արփինե Սարգսյանը պատասխանեց. «Նմանատիպ համաձայնագրերը ոչ թե ԵՄ կողմի պարտադրանք է կամ ՀՀ-ի կողմից ճարահատյալ նախաձեռնություն է, այլ սա երկկողմ փոխհամաձայնեցված պատրաստակամության օրինակ է, որ ՀՀ-ն պատրաստ է ընդունել իր այն քաղաքացիներին, որոնք ոչ թե օրինական հիմքերով բնակվում են ԵՄ անդամ երկրներում, այլ հակառակը՝ ինքնությունը չպարզված է, կան խնդիրներ անձնագրերի, փաստաթղթավորման հետ կապված, կամ չունեն առհասարակ փաստաթղթեր, կամ կեղծ փաստաթղթերով զարտուղի ճանապարհներով հայտնվել են ԵՄ անդամ երկրների տարածքում: Բնականաբար, ցանկացած պետություն ուզում է, որ իր տարածքում բնակվեն հստակ իդենտիֆիկացված եւ օրինական հիմքերով եկած թեկուզեւ օտարերկրացիներ, որովհետեւ սա կարեւոր է ներքին անվտանգության տեսանկյունից: Եթե կան անօրինական հիմքերով բնակվող անձինք, պետք է վերադարձվեն քո երկիր, սա շատ ընդունելի պրոցեսներ են: Վերադարձածները լքել են, թե ոչ՝ վիճակագրություն չի վարվում»:

Արսենյանն արձագանքեց. «Այնպես չի, որ ՀՀ-ն պետք է նստի ու խորը մտահոգության մեջ ընկնի, թե իբր քաղաքացին, որն ուզեցել է գնա, արդյոք Ավստրիայի օրենքների համաձա՞յն է գործում, կամ Նորվեգիայի, Իտալիայի: Դա իրենց խնդիրն է, իրենց երկրի խնդիրն է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031