Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշումն անտեղի է եւ ժամանակավրեպ, նպատակին ընդհանրապես չի ծառայում` կենտրոնը որեւէ ձեւով չի բեռնաթափվում. Իզաբելլա Աբգարյան. «Հրապարակ»

Հունվար 10,2024 11:25

Տարեվերջին Երեւանի քաղաքապետարանն ավագանու նիստով անցկացրել է Երեւանի 2024 թվականի բյուջեն եւ զարգացման ծրագիրը, այդ թվում` հունվարի 1-ից Երեւանի` կարմիր գծանշումներով ավտոկայանատեղիներում կայանելու համար 160 հազար դրամ վարձավճարի նոր դրույքաչափի սահմանումը։

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ՝ Հայկ Մարությանի թիմակից Իզաբելլա Աբգարյանը մեզ հետ զրույցում նշում է, որ 2024 թվականի բյուջեի նախագիծն ու զարգացման ծրագիրն այլեւս իրողություն են, եւ այս տարի ինչ-որ բան փոխել հնարավոր չէ, քանի որ «Հանրային ձայն» խմբակցության կողմից քվորում ապահովելու արդյունքում ՔՊ-ական իշխանությունները կյանքի կոչեցին կարմիր գծերի թանկացման ծրագիրը: Աբգարյանի կարծիքով` հնարավոր է ինչ-որ բան փոխել միայն հաջորդ տարվա համար, սակայն ՔՊ-ական իշխանությունները վճռական են եւ դժվար թե հետ կանգնեն իրենց կայացրած որոշումից:

«Այդ նախագծերն ընդունվում են ամեն տարի դեկտեմբերին` հաջորդ տարվա համար: Ինչպես գիտենք` այն ոչ միայն կարմիր գծերին է վերաբերում, այլեւ պարտադիր վճարումներին: Փաստացի կայանատեղիների վճարի չափն արդեն իսկ սահմանվել է: Արդեն կան մարդիկ, ովքեր վճարել են, եւ եթե փոփոխություն տեղի ունենա, անպայման պետք է մարդկանց վերադարձվեն այն գումարները, որոնք նրանք վճարել են: Սա, անխոս, բարդություն է առաջացնում, իսկ որ ամենակարեւորն է` իշխանությունները մտադիր չեն որեւէ ձեւով գնալ զիջումների: Համենայնդեպս, ես դա հասկացա քննարկումների եւ բանավեճերի ժամանակ: Ողջ խնդիրը հենց սա է: Ես պնդում եմ, որ այդ որոշումն անտեղի է եւ ժամանակավրեպ, իսկ նպատակին ընդհանրապես չի ծառայում` կենտրոնը որեւէ ձեւով չի բեռնաթափվում: Արդեն իսկ մարդկանցից բազմաթիվ բողոքներ ենք ստանում: Քաղաքացիներն այդ գումարները վճարել են, բայց կայանելու տեղ չեն գտնում: Տեսնում ենք նաեւ, որ առանց պետհամարանիշների ավտոմեքենաներ են կայանում այդ գծանշումների վրա: Էլեկտրական մեքենաներն էլ ազատված են այդ վճարումներից, իսկ մենք գիտենք, որ դրանք շքեղ մեքենաներ են, որոնք, փաստորեն, հանգիստ կայանում են որտեղ ցանկանան: Այսինքն` կենտրոն վարչական շրջանը բեռնաթափված չէ: Բեռնաթափում կլիներ այն դեպքում, եթե գոնե նեղ փողոցներում կայանում չլիներ: Այս պարզ բաները, փաստորեն, իշխանությունները չեն հասկանում կամ գուցե չեն ցանկանում հասկանալ: Իշխանության նպատակը միայն մեծ գումարներ գանձելն է: Այդ մասին, եթե ուշադիր լինենք, իրենք էլ են խոստովանում: Ասում են, որ այս տարի պատրաստվում են նոր ավտոբուսներ բերել, իսկ դրա համար անհրաժեշտ է գումար: Իմ կարծիքով` ազնիվ կլիներ, եթե պարտատոմսեր թողարկվեին, իսկ քաղաքացիները դրանք գնեին եւ գումար տրամադրեին քաղաքային իշխանություններին: Ես պնդում եմ, որ այդ նախագիծն անիմաստ է եւ բացառապես մեկ նպատակ ունի` ավելացնել մուտքերը»,- ասում է Իզաբելլա Աբգարյանը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031