Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ է զբաղված Փաշինյանի՝ հատուկ հանձնարարություններով դեսպանը. «Հրապարակ»

Հունվար 10,2024 11:10

«Հատուկ հանձնարարություններով դեսպան» եզրույթի մասին հանրության գերակշիռ մասը տեղեկացավ, երբ 2022 թ․ մարտի 14-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, թողնելով ընդդիմադիր դաշտը, նշանակվեց Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան։ Սակայն մինչ նրա նշանակումը Փաշինյանը նման եւս մեկ դեսպան ուներ՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, որը 2018-ի հեղափոխությունից հետո ծանրակշիռ ծառայություններ մատուցեց հեղափոխական իշխանություններին եւ ժամկետը լրանալուց հետո՝ 2020-ին «դեսպան» նշանակվեց։

ԱԳՆ-ից փորձեցինք ճշտել, թե 2020 թվականից մինչ օրս Արթուր Ջավադյանն ինչ գործունեություն է ծավալել․ քանի պաշտոնական հանդիպում է ունեցել, ում հետ, քանի հատուկ հանձնարարություն է կատարել, եւ ինչ հանձնարարություններ են եղել դրանք։ ԱԳՆ-ից հետեւյալ պատասխանն ենք ստացել․

«ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Արթուր Ջավադյանը 2020թ. ՀՀ վարչապետի որոշմամբ Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի կառավարիչների խորհրդում նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարիչ։ Բանկն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր Հայաստանում իրական հատվածում եւ ֆինանսական համակարգում: Ա. Ջավադյանն իր գործունեության սկզբում 2020թ. հունիսին հիմնադրել է «Տնտեսական հեռանկարների կենտրոն» հիմնադրամը, որը նպատակ ունի նպաստել Հայաստանի Հանրապետությունում սոցիալական, միջազգային ինտեգրացիայի խորացման եւ երկարաժամկետ տնտեսական զարգացման նպատակներին: Արթուր Ջավադյանը հանդիսանում է նաեւ վերոգրյալ հիմնադրամի խորհրդի նախագահը: Հիմնադրամն ակտիվ համագործակցություն է հաստատել միջազգային տնտեսական կազմակերպությունների, միջազգային ֆինանսատնտեսական ոլորտի ղեկավարների եւ փորձագետների հետ: Ձեւավորվել է Հիմնադրամի պատվավոր անդամների խորհուրդ, որն այս պահի դրությամբ բաղկացած է 30 անդամներից: Նրանց թվում են կենտրոնական բանկերի գործող եւ նախկին նախագահներ, միջազգային ֆինանսական կառույցների ղեկավարներ, ինչպես նաեւ միջազգային հեղինակություն վայելող ակադեմիական հանրության ներկայացուցիչներ: 2023թ. ապրիլի 16-ին Հիմնադրամը հյուրընկալել է միջազգային համաժողով Transformation Towards Sustainability: energy and finance Jungen:

Համաժողովին բացի հիմնադրամի պատվավոր անդամներից (խոսնակների կարգավիճակով) մասնակցում էին նաեւ ՀՀ-ում գործող ֆինանսական հաստատությունների ղեկավարները, որի շրջանակներում նախանշվել են կայուն էներգետիկ լուծումների եւ ֆինանսական ռազմավարությունների առաջխաղացման նոր հնարավորություններ։ Ա. Ջավադյանն իր գործունեության սկզբից հանդիսանում է Տնօրենների հայկական ինստիտուտի խորհրդի նախագահը եւ Միջազգային էներգետիկ կորպորացիայի խորհրդի անդամ: ՀՀ վարչապետի 2022թ. ապրիլին 27-ի թիվ 434-Ա որոշմամբ ստեղծվել է Տնտեսական քաղաքականության խորհուրդը, որը բաղկացած է ՀՀ եւ միջազգային հեղինակություն վայելող օտարերկրյա ականավոր գիտնականներից, հասարակական գործիչներից եւ անկախ փորձագետներից: Խորհրդում իր ակտիվ գործունեությունն է ծավալում ինչպես հատուկ հանձնարարություններով դեսպան Ա. Ջավադյանը (Տնտեսական քաղաքականության խորհրդի նախագահի տեղակալի կարգավիճակով), այնպես էլ ՏՀԿ Հիմնադրամի թիմը, որն իր գործունեությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ (ՀՀ վարչապետի N 1528-Ա որոշում, Հավելված 2) համակարգում է խորհրդի աշխատանքային խմբի գործունեությունը՝ ապահովելով վերջինիս կապը նաեւ խորհրդի անդամների հետ: Իր գործունեության սկզբից ի վեր ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանն ունեցել է բազմաթիվ հանդիպումներ եւ շփումներ միջազգային տնտեսական կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների ղեկավարների, գործարար, ակադեմիական եւ այլ շրջանակների հետ»,- ասված է ԱԳՆ Լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար Իննա Թորգոմյանի՝ մեզ ուղարկված պատասխանում։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031