Լրահոս
Օրվա լրահոսը

Լինելո՞ւ է, արդյոք, Նոր աշխարհակարգը

Հունվար 10,2024 11:00

1.Աշխարհակարգերը պատմության ընթացքում

Ներկայումս քաղաքագիտական եւ հրապարակախոսական հարթակներում երբեմն հայտնվում են Նոր աշխարհակարգի մասին քննարկումներ։ Առանձնապես հաճախ են դրան անդրադառնում ռուս փորձագետները։ Փորձենք քննարկել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում «աշխարհակարգ» կոչվածը եւ ինչո՞ւ է անհրաժեշտ նորը ստեղծելը (եւ անհրաժե՞շտ է արդյոք)։

Աշխարհակարգը մեր մոլորակի երկրների համակեցության համակարգ է, որը բնորոշվում է որոշակի ուժային կենտրոնների բաշխվածությամբ, կանոններով եւ ինստիտուտներով։ Առանց որոշակի աշխարհակարգի հաստատման, մեր մոլորակը կգտնվի անընդհատ պատերազմների մեջ, որոնք նպատակ կունենան ստեղծել օրեցօր փոփոխվող ուժային համակարգին համապատասխան միջպետական դասավորություններ, այսինքն՝ առանց աշխարհակարգի Երկիրը կգտնվի անընդհատ պատերազմների մեջ, եւ, ի վերջո, ոչնչացման սպառնալիքի տակ։ Այսինքն, աշխարհակարգը, ըստ էության, soft power-ի՝ «փափուկ ուժի», մեխանիզմներն են, որոնք թույլ են տալիս խուսափել պատերազմներից։

Պատմության ընթացքում առավել հայտնի են մի շարք աշխարհակարգեր.

– «Վեստֆալյան համակարգ»։ Վեստֆալյան համակարգը ձեւավորվեց 17-րդ դարում, կրոնական պատերազմների ավարտից հետո, որն ավելի հայտնի է «Երեսնամյա պատերազմ» անվամբ։ Այս համակարգի ձեւավորման արդյունքում հիմնադրվեց պետությունների սուվերենության գաղափարը, որի իմաստը պարփակված էր երկու սկզբունքների մեջ. ոչ մի պետություն իրավունք չունի միջամտել այլ պետության  ներքին գործերի մեջ, եւ՝ բոլոր պետությունները հավասար են իրար միջեւ հարաբերություններում։ Վեստֆալյան համակարգի շնորհիվ վերացավ պետությունների հարաբերությունների «սյուզերեն-վասալ» ձեւը, ինչպես նաեւ կրոնական որեւէ դավանանքին պատկանելությունը ստորադասվեց սուվերենությանը։ Այս հիմնական կանոնների հաստատմամբ Վեստֆալյան համակարգը սկիզբ դրեց ժամանակակից միջազգային իրավունքին։ Հիմնական ուժային կենտրոնը, ով հիմնադրեց այս համակարգը, Ֆրանսիան է, իր վարչապետ կարդինալ Ռիշելյեի գլխավորությամբ, ու նպատակը իր արեւելքում հզոր գերմանական, կամ այլ տիպի էթնիկ կամ կրոնական միավորման փոխարեն ունենալ շուրջ 300 մանր ու միջին «սուվերեն» պետություններ, որոնք իրեն չէին կարող սպառնալ։ Այս համակարգը որոշակի էֆեկտիվությամբ աշխատեց մինչեւ Ֆրանսիական հեղափոխությունը։

– «Կոնգրեսների համակարգ կամ Եվրոպայի կոնցերտ»։ Կոնգրեսների համակարգը ձեւավորվեց աշխարհի վերաձեւման Նապոլեոնյան արշավանքների ավարտից հետո։ Հականապոլեոնյան կոալիցիայի անդամ Եվրոպայի խոշոր տերությունները միավորվեցին այս համակարգի երկու հիմնական սկզբունքների՝ պետությունների տարածքային ամբողջականության անձեռնմխելության եւ հակահեղափոխական, շուրջ, որոնք էլ հենց հանդիսանում էին համակեցության կանոնները։ Որպես համակեցության ինստիտուտ ստեղծվեց պարբերական կոնգրեսների համակարգը, որտեղ հավաքվում էին աշխարհի հզորները, եւ որը որոշում էր ոչ միայն Եվրոպային, այլեւ աշխարհին վերաբերող շատ խնդիրներ։ Եվրոպայի կոնցերտը հիմք դրեց ժամանակակից դիվանագիտությանը։ Որոշ հետազոտողներ կոնգրեսների համակարգը համարում են համաշխարհային կառավարություն ստեղծելու առաջին փորձը։

– Ազգերի Լիգա։ Կոնգրեսների համակարգը սկզբում ավելի շատ, հետո՝ ավելի պակաս արդյունավետությամբ պահպանեց եվրոպական եւ համաշխարհային խաղաղությունը մինչեւ «հեղափոխությունների վիրուսը» եւ գաղութների համար պայքարն անխուսափելի դարձրեցին պատերազմը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո երկրները  ստեղծեցին Ազգերի Լիգայի համակարգը, որտեղ ընդգրկվեցին թե պատերազմում հաղթողները, թե պարտվածները։ Համակարգն առանձնապես հաշվի չէր առնում ստեղծված ուժերի բալանսը, սակայն հիմնական կանոն էր համարում ազգերի ինքնորոշման իրավունքը, որի հետեւանքով տրոհվեցին եվրոպական խոշոր կայսրությունները՝ Օսմանյանը, Ռուսականը, Ավստրո-Հունգարականը։ Այսուհետեւ ազգերի ինքնորոշման իրավունքը դարձավ աշխարհի քարտեզի գծագրման հիմնական սկզբունքը։ Այսուհետեւ, չնչին բացառություններով, երկրները ստեղծվում էին տրոհման եւ ոչ թե տարածքների գրավման կամ միավորման ձեւով։ Քանի որ Ազգերի Լիգայի համակարգը, որպես համաշխարհային կառավարություն եւ աշխարհակարգի ինստիտուտ իրականում հաշվի չէր նստել աշխարհում ստեղծված ուժերի բալանսի հետ, այն ընդամենը 20 տարի անց փլուզվեց եւ 1939թ. սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։

– Սառը պատերազմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո որպես աշխարհակարգի հիմնական ինստիտուտ եւ համաշխարհային կառավարություն հիմնադրվեց Միավորված Ազգերի Կազմակերպությունը, որտեղ հաղթողները եւ աշխարհի ուժեղներն արդեն ունեին հատուկ իրավունքներ։ Շատ արագ սկսվեց հաղթողների միջեւ Սառը պատերազմը, որին նույնպես շատ արագ միացավ ԽՍՀՄ-ԱՄՆ միջուկային հակադրությունը։ ՄԱԿ-ից հետո միջուկային զսպումը դարձավ Սառը պատերազմի միջոցով խաղաղության ապահովման երկրորդ կարեւոր ինստիտուտը։ Որոշ ժամանակ անց սրանց միացավ ԵԱՀԿ-ի համակարգը։ ԵԱՀԿ-ի ստեղծման ժամանակ Խորհրդային Միությունը ընդունեց մարդու իրավունքների գերակայության հարցը, ինչը վերջնականորեն հղկեց ետսառըպատերազմյան կանոնները, ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները դարձնելով հիմնական ֆոկուսը։

– Pax Americana՝ «Ամերիկյան խաղաղություն»։ Սառը պատերազմը ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ ավարտվեց ԽՍՀՄ պարտությամբ եւ փլուզմամբ։ Նոր աշխարհակարգը որոշող միակ պետությունը մնաց ԱՄՆ-ն։ Նոր աշխարհակարգի համար նոր ինստիտուտներ չստեղծվեցին, քանի որ միակ գերտերությունը ինստիտուտների կարիք չէր զգում։ Որպես աշխարհակարգի կանոններ մնացին ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները, սակայն կարեւոր հավելումն այն էր, որ այս ամենը պետք է տրվեր ԱՄՆ մեկնաբանությամբ, կամ առնվազն ստանա ԱՄՆ «դաբրոն»։

Այժմ Ռուսաստանը ձեռնոց է նետում ձեւավորված Pax Americana համակարգին։ Ինչո՞ւ, ի՞նչ միջոցներով, եւ ինչպիսի՞ Նոր աշխարհակարգ է պատկերացնում Ռուսաստանը՝ կքննարկենք հետագայում։

Շարունակելի

Աղասի ԵՆՈՔՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031