Ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին դատարան են բերում անվասայլակով: Չեմ կարող ասել, թե որքանով է լուրջ նրա հիվանդությունը, եւ շատ լավ հասկանում եմ նաեւ, որ հասարակության (նաեւ իմ) ընկալմամբ Խաչատրյանը ամենեւին էլ պայծառ անձնավորություն չէ:
Բայց ինձ հետաքրքիր է, թե ինչպես է հասարակության մեծամասնությունը (համենայնդեպս, սոցցանցային մակարդակով) մեկնաբանում անվասայլակի մեջ մարդու պատկերը՝ անկախ նրանից, թե ում մասին է խոսքը: Կամ՝ «ամեն ինչ դերասանություն է, սիմուլյացիա», կամ էլ՝ եթե նույնիսկ դերասանություն չէ, ապա «նրան հասնում է»: Ես այստեղ հասարակության եւ, հետեւաբար, պետության համար վտանգ եմ տեսնում, որովհետեւ մեր դեպքում կարող է գոյատեւել միայն այն պետությունը, որտեղ կա հասարակական նվազագույն համերաշխություն, որն իր հերթին հիմնված է իրար հանդեպ տարրական մարդկային վերաբերմունքի վրա:
Խոսքն այն երեւույթի մասին է, որը Հեգելն անվանում էր «բացասականության աշխատանք» (die Arbeit des Negativen): Այդ երեւույթին նվիրվել են բազմաթիվ ոչ միայն փիլիսոփայական, այլեւ հոգեվերլուծական ուսումնասիրություններ, օրինակ՝ հենց նույն վերնագրով ֆրանսիացի հոգեբան Անդրե Գրինի աշխատությունը:
Հասարակական գործընթացների առումով այդ երեւույթը դրսեւորվում է հետեւյալ ձեւով: Հեղափոխությունները տեսնում են արատավոր երեւույթներ եւ անզիջում պայքար են ծավալում դրանց դեմ: Երբ նրանք գալիս են իշխանության, շարունակում են «մերժել», այսինքն՝ այդ բացասական լիցքերը պահպանվում են, եւ նրանք, ինչ-որ բան կառուցելու փոխարեն, սկսում են քանդել եւ տառապում են պատժելու մոլուցքով:
Կարդացեք նաև
Պատժելու թիրախները կարող են տարբեր լինել՝ բուրժուազիան, հրեաները, «կուլակները», «նախկինները», հոգեւորականները, մտավորականները… հիշո՞ւմ եք, 2021 թվականի ընտրություններից հետո ինչպես էր ՔՊ-ականներից մեկը հրճվում, թե ինչպես ենք «մենք» (այսինքն՝ «ժողովուրդը») հաղթել «կեղծ ինտելեկտուալներին»: Այդ առումով շատ հարմար թիրախ է նաեւ բյուրոկրատիան, որովհետեւ տեղավորվում է «բարի թագավոր – անբիծ ժողովուրդ» սխեմայի մեջ, որտեղ այդ իդիլիայի միակ խոչընդոտը «կեղտոտ պաշտոնյաներն» են:
Այդ վրեժխնդիր բացասականությունն աշխատում է նաեւ հասարակության մեծ մասի մեջ: Հենց այդ պատճառով է, որ մարդիկ, որոնք ի բնե դաժան եւ արնախում չեն, վարակվում են նեգատիվիզմով, մերժողականությամբ ու սկսում են մարդկային սովորական չափանիշներով սարսափելի մտքեր արտահայտել:
…Երբ առողջական ծանր վիճակում դատարան էր բերվում Մանվել Գրիգորյանը, ես նույն չարախինդ աղաղակներն էի լսում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Հետքի» լուսանկարում՝ դատական նիստին Գագիկ Խաչատրյանին բերում են անվասայլակով։
Կեսարինը’ կեսարին,Աստծունը’ Աստծուն։
Ինչպես երևում է Գագիկ Խաչատրյանի ունեցվածքից, կեսարինը մենք տվել ենք կեսարին, բայց Աստծունը չենք տա կեսարին։