Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւն ընդունե՞ց սահմանազատում-սահմանագծումը սառեցնելու պահանջը

Հունվար 10,2024 12:00

Սահմանազատման-սահմանագծման գործընթացների սառեցումը կարող է ենթադրել դրանցից առհասարակ խուսափում, ինչո՞ւ է ռուսական կողմին ու հայաստանյան ընդդիմությանը դա անհանգստացնում

Տարեվերջին Հայաստանից եւ Ադրբեջանից հնչող պաշտոնական հայտարարությունները տպավորություն են ստեղծում, թե խաղաղության գործընթացը տեղից էականորեն առաջ մղելու հիմքեր կան: Բաքվից հայտարարություն հնչեց, թե Ադրբեջանը փորձում է խաղաղության գործընթացը տարանջատել սահմանների որոշման հարցից։ Reuters-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարեց, թե «սահմանների որոշման հարցը կարող է լուծվել առանձին»։ «Ադրբեջանը մեծ խոչընդոտներ չի տեսնում հարեւան Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար եւ կարծում է՝ սահմանների որոշման հարցը կարող է լուծվել առանձին, 35 տարի տեւած հակամարտությունն այժմ ավարտված է։ Հիմա Ադրբեջանի ռազմավարությունը խաղաղության հասնելն է, որը պահանջում է գործողություն երկու կողմերից», – ասաց նա։

Պաշտոնական Երեւանը ամիսներ հայտարարել էր, որ «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են, իսկ փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելուց բացի, հաջորդ կարեւոր սկզբունքը սահմանազատման իրականացումն է Խորհրդային Միության սահմանների հիմքով»։ Բաքվից այս հայտարարությունից հետո Երեւանը պատրա՞ստ է առանց սահմանազատման-սահմանագծման շուրջ հստակ պայմանավորվածության խաղաղության պայմանագիր ստորագրել։

Բոլորի համար էլ հստակ է, որ սահմանազատման-սահմանագծման հարցերի հստակեցումը ժամանակ պահանջող խնդիր է: Բացի այդ, հատկանշական է, որ մինչ պաշտոնական Երեւանը պնդում է, որ այդ գործընթացի հիմքում կոնկրետ քարտեզներ պետք է լինեն, Ադրբեջանի իշխանությունները խուսափում են կոնկրետ թվականի քարտեզ նշելուց։ Պաշտոնական Բաքուն հայտարարել է, թե 1975թ. քարտեզը, որին հղում է անում Հայաստանը, գոյություն չունի։ Ավելին, Ադրբեջանը պնդում է՝ «սահմանազատումը միայն քարտեզներով չի արվում»։

Հիմա Բաքուն խաղաղության համաձայնագրի ստորագրումը, փաստորեն, հնարավոր է համարում, երկու երկրների միջեւ սահմանները որոշելու գործընթացից անջատ, որը տարբերվում է մինչեւ այժմ Բաքվի ներկայացրած դիրքորոշումներից։

Ադրբեջանցի պաշտոնյայի նշյալ հայտարարությունից 2 օր անց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ Երեւանի համար կարող է ընդունելի լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանները խաղաղության համաձայնագրից առանձին որոշելու՝ Բաքվի առաջարկը։ Սահմանազատման-սահմանագծման պրոցեսը կարող է իրոք շատ երկար տեւել, ԱԺ-ի նախագահն այսպես հիմնավորեց իր կարծիքը: Սահմանազատման հարցերով հայկական հանձնաժողովը նախագահող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ավելի վաղ չէր բացառել, որ գործընթացը երկար կտեւի՝ գուցե տարիներ։

Ուշագրավ փաստ էր, որ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն անմիջապես արձանագրեցին, որ դեմ են առանց սահմանազատման խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Հավելենք, որ Մոսկվան եւս պարբերաբար շեշտում է որ սահմանազատման-սահմանագծման անցկացման անհրաժեշտությունը, ավելին` մշտապես իր «ծառայություններն» է առաջարկում այդ հարցում կողմերին, որպես աջակցություն, հետեւաբար, հայաստանյան ընդդիմության շտապ հակադարձումը եւս անսպասելի չէր, քանի որ նրանք վաղուց առաջ են մղում ռուսական օրակարգը:

Իսկ այն, որ պաշտոնական Բաքուն խոսեց սահմանազատման-սահմանագծման պրոցեսը խաղաղության գործընթացից տարանջատելու մասին, թերեւս, Վաշինգտոնի ճնշումների շնորհիվ է հնարավոր դարձել, ինչը, ըստ ամենայնի, այնքան էլ դուր չի եկել Մոսկվային: Սահմանազատման-սահմանագծման գործընթացների սառեցումը կարող է ենթադրել դրանցից առհասարակ խուսափում: Հետեւաբար, ինչո՞ւ է ռուսական կողմին ու հայաստանյան ընդդիմությանը դա անհանգստացնում: Կարելի է ենթադրել, որ Բաքվից նման գնահատականը անսպասելի է եղել նախեւառաջ Մոսկվայի համար, եւ այդ «նորությունն» առաջինը քննադատելու գործն իր վրա վերցրեց հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը:

Ռուսաստանը նպատակաուղղված ձգտում է Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը եւ երկու երկրների առավել սուր հակասությունների կարգավորմանը, Բաքվից, ապա Երեւանից հնչած հայտարարություններից հետո շտապեց հիշեցնել ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության առաջին փոխնախարար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը` օտարերկրյա ռազմական կցորդների համար ճեպազրույցում։ «Անդրկովկասում իրավիճակը մնում է լարված, բայց կայունացման միտումներ կան», նկատեց նա։ Խոսելով ռուս խաղաղապահների դերի մասին, նա հարկ համարեց հավելել, որ նրանք Լեռնային Ղարաբաղի բնակիչներին տարածաշրջան վերադարձնելու հնարավորության երաշխավորն են, փաստացի, այդկերպ կարեւորելով առաքելության գործունեության շարունակման հրամայականը: «Մեր զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել՝ որպես խաղաղ կյանք կառուցելու եւ բնակիչներին տարածաշրջան վերադարձնելու հնարավորության երաշխավոր», ասաց Գերասիմովը:

Հայաստանի արտգործնախարարը Ադրբեջանի հետ խաղաղության հնարավորություն է տեսնում, դեկտեմբերի վերջին Իրանի արտգործնախարարի հետ մամուլի ասուլիսում արձանագրեց Արարատ Միրզոյանը. «Որեւէ պետություն միայնակ դժվար թե կարողանա խաղաղության պայմանագիր ստորագրել, մենք տեսնում ենք դրական ազդակներ, ինչպես օրինակ, վերջին շփումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը, երբ որ տեղի ունեցավ ռազմագերիների ու պահվող անձանց ազատ արձակում, մյուս կողմից էլ տեսնում ենք բացասական ազդակներ, ես նկատի ունեմ պարբերաբար հնչող ագրեսիվ խոսքերը, կոչերն Ադրբեջանից, բարձրաստիճան հանդիպումներից խուսափելը: Տարբեր առաջարկներ կան, բայց այդ հանդիպումները վերջին շրջանում տեղի չեն ունենում»:

Միրզոյանը նաեւ անդրադարձավ հարցին, թե Բաքուն համաձա՞յն է 1975-90-ականների քարտեզների կիրառմանը. «Մեզ համար չափազանց կարեւոր է, որ հետագա սահմանազատման գործընթացը կանխատեսելի լինի, դրա սկզբունքները, դրա հիմքերը ֆիքսվեն խաղաղության պայմանագրում, մեր համար, օրինակ, քարտեզների հիշատակումն այդպիսի մի դրսեւորում է՝ վստահանալու, որ որոշակի կանխատեսելիություն է ապահովվում՝ չկանխորոշելով արդյունքները, հակառակ դեպքում սահմանազատման գործընթացն անիմաստ կլինի, բայց ապահովելու այդ տեսանելիությունը, կանխատեսելիությունը: Պայմանագրի վերջնական տեքստ չունենք, հետեւաբար ես չեմ կարող եւ որեւէ մեկը չի կարող ասել՝ ինչ կլինի վերջնական բանակցությունների արդյունքում: Այս պահին, այո, մենք քննարկում ենք քարտեզների ընդգրկման հնարավորությունը՝ որպես սահմանազատման սկզբունք ամրագրելու, սահմանազատման համար կանխատեսելիություն ապահովելու փորձ»: Նկատենք, որ ՀՀ ԱԳ նախարարը նույն ասուլիսում նաեւ պնդեց, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների շահագործման հարցում Հայաստանի ու Իրանի մոտեցումները համահունչ են, Երեւանն ընդգծում է, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության հարգմամբ։

The Guardian-ի հետ զրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովն էլ իր հերթին դեկտեմբերի վերջին հայտարարեց, որ կողմերը մոտ են խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությանը, եւ վճռական այս փուլում անհրաժեշտ է կոնկրետ արդյունքների հասնելու Երեւանի անկեղծ հանձնառությունը: Նա հավելել էր, որ Բաքուն մասնավորապես սպասում է Երեւանից խաղաղության պայմանագրի առաջարկների պատասխանին։ Արարատ Միրզոյանն այդ առիթով նշել էր, որ Հայաստանը կուսումնասիրի այդ առաջարկները եւ պատշաճ կարգով կարձագանքի: Բրիտանական թերթի հետ զրույցում Ամիրբեկովը հիշեցրել էր՝ համաձայնագրի նախագիծը պատրաստվել է հինգ հիմնական սկզբունքների հիման վրա՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիություն, միմյանց նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարում, սպառնալիքից կամ ուժի կիրառումից հրաժարում, ինչպես նաեւ ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատում եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաղորդակցության բացում։ Այժմ, ըստ ադրբեջանցի դիվանագետի, Բաքուն ցանկանում է կողմերի միջեւ վեճերը լուծելու մեխանիզմ ստեղծել՝ «ինչ-որ երկկողմանի հանձնաժողով, որը պետք է ստեղծվի՝ վերացնելու համաձայնագրի բոլոր թյուրըմբռնումները կամ տարաձայնությունները»։ Այդ առաջարկը, Ամիրբեկովի խոսքով, Բաքուն կցանկանար առանձին կետով տեսնել խաղաղության համաձայնագրի տեքստում։ Խոսելով կողմերի միջեւ վիճելի հարցերից՝ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը Ադրբեջանն ու Նախիջեւանը միմյանց կապող ճանապարհի մասին է հիշատակել: Նա դժգոհել էր, թե 3 տարի անց Հայաստանն անգամ չի սկսել 42-կիլոմետրանոց հատվածի տնտեսական-տեխնիկական հիմնավորումը, մինչդեռ Ադրբեջանի իշխանությունները, նրա պնդմամբ, այլեւս չեն կարող ժամանակ կորցնել, միաժամանակ, ինչպես շեշտել է՝ չեն կարող ստիպել Հայաստանին անել այն, «ինչ պարտավորվել էր անել»։

Նկատենք, որ ՀՀ իշխանությունները հերքում են, թե նման պարտավորություն են ստանձնել, շեշտելով՝ պատրաստ են հաղորդակցությունների ապաշրջափակմանը, բայց՝ հարգելով երկու երկրների ինքնիշխանությունը։ «Անիմաստ է ենթադրել, որ մենք ներխուժելու ենք՝ պարտադրելու այս միջանցքը ուժով կամ նման այլ բաներով։ Ուստի, մենք դիմեցինք Իրանին որպես պլան Բ՝ Իրանի տարածքով ավտոմոբիլային եւ երկաթուղային կապերի ձեւավորման համար», հավելել էր Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանը։

Պաշտոնական Բաքուն երկրի ԱԳ նախարարի մակարդակով տարին ամփոփեց` ազդարարելով, թե` «կրճատվում է այն կետերի թիվը, որոնց շուրջ կան տարաձայնություններ»: Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի վերջին մանրամասներ բացահայտեց հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից՝ հայաստանցի պաշտոնակցին առաջարկելով հանդիպել սահմանին՝ առանց միջնորդների։ Բայրամովը կրկին ակնարկեց՝ Բաքուն կողմ է խաղաղության գործընթացի շուրջ բանակցությունների երկկողմ ձեւաչափին։

Բայրամովը հայտարարեց, թե Բաքուն ցանկանում է, որպեսզի խաղաղության համաձայնագիրը հիմնված լինի փոխադարձության սկզբունքի վրա եւ բացառի լուրջ տարաձայնությունները։ Նրա խոսքով՝ դեռ կան դետալներ, որոնք խոչընդոտում են պայմանագրի հետ կապված գործընթացին։ Թե որոնք են դրանք, նա հրաժարվեց մանրամասնել, փոխարենը հավելեց, որ հայկական կողմի դիրքորոշումներում արդեն փոփոխություններ են տեսնում: «Կրճատվում է այն կետերի թիվը, որոնց շուրջ կան տարաձայնություններ։ Առաջընթաց կա առաջարկությունների փաթեթում, որը մենք ստացել ենք նոյեմբերի 21-ին։ Դժվար է ասել, թե որքանով է այն խաղաղությանը մոտ կամ հեռու: Ես կարծում եմ, որ եթե լուրջ քաղաքական կամք լինի, ապա կարելի է արագ խաղաղության համաձայնություն կնքել։ Հակառակ դեպքում գործընթացը կձգձգվի», նշեց Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Հատկանշական է, որ Բայրամովը նաեւ ընդգծեց, որ խաղաղության համաձայնագիրը չի լինի բոլոր հարցերի լուծումը, նրա կարծիքով՝ փաստաթուղթը կարեւոր է որպես առաջին քայլ. «Սեպտեմբերի 19-ի հակաահաբեկչական գործողությունից հետո նոր իրողություններ են ի հայտ եկել, եւ մենք անկեղծորեն հավատում ենք, որ եթե հայկական կողմը քաղաքական կամք դրսեւորի, ապա խաղաղության պայմանագրի ճանապարհը բաց է: Առաջիկա օրերին մենք հույս ունենք տեսնել այդ քաղաքական կամքի աստիճանը»:

Այնուհետեւ խոսելով բուն փաստաթղթի բովանդակության մասին, Բայրամովը պնդեց՝ իրենց դիրքորոշումն է սահմանազատման գործընթացն առանձնացնել խաղաղության պայմանագրից։ Մինչդեռ նախորդ օրը ՀՀ ԱԳ նախարարը նկատել էր, որ Երեւանի համար չափազանց կարեւոր է, որպեսզի սահմանազատման գործընթացի սկզբունքներն ու հիմքերը ֆիքսվեն խաղաղության պայմանագրում։ Ընդ որում, Բայրամովը սահմանազատման գործընթացը կապեց Հայաստանից Բաքվի պահանջած ութ գյուղերի վերադարձի հետ, ասաց՝ այդ հարցը բոլոր հանդիպումներում բարձրացնում են, եւ դրանց պատկանելությունը չի վիճարկվում:

Ի դեպ, լրագրողներն Ադրբեջանի ԱԳ նախարարին հարց էին ուղղել նաեւ ռուսական զորախմբի հետագա ճակատագրի մասին։ Բայրամովը համառոտ էր պատասխանել. գոյություն ունի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություն, որի համաձայն՝ ռուս խաղաղապահները ԼՂ-ում կտեղակայվեն մինչեւ 2025թ. նոյեմբերը:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031