Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազար Փարպեցին խոսե՞լ է 29.8 հազար քառակուսի կիլոմետրի մասին

Հունվար 10,2024 14:00

Երբ պատմության միջից ընտրվում է «պետականակենտրոն» ուղերձը

«Փաստը պատմության արտապատկերում հավասար է փաստաթղթի: Պատմաբանը, որն ընդունում է միայն «վավերագրական» պատմություն, հանգիստ խղճով շրջանցում է այն հատվածները, որոնց վերաբերյալ չկան կամ գրեթե չկան «փաստաթղթեր»: Կարող է տպավորություն ստեղծվել, որ բացակայող փաստաթղթերի հետ միասին բացակայում էր նաեւ ինքը՝ պատմությունը», – 1980-ականների վերջում գրում էր հայ փիլիսոփա Կարեն Սվասյանը:

Բայց, եթե պատմությունը ոչ թե տարբեր փաստերի, երեւույթների կամ իրադարձությունների հաջորդականություն է, ոչ էլ ինչ-որ մի էություն, որը ծավալվում է ժամանակի կամ տրամաբանության մեջ (ինչպես որ, մասնավորապես, Հեգելն էր կարծում), ուրեմն, դա անցյալը հետազոտելու որոշակի ընթացակարգ է: Հենց այդ ուղղությամբ է նախորդ դարի վերջին տասնամյակներից սկսած զարգանում, այսպես կոչված՝ «նարատիվ փիլիսոփայությունը», որը մերժում է ավանդական այն մոտեցումը, թե պատմությունը (պատմագիտությունը) կարող է ստանալ անցյալի մասին օբյեկտիվ եւ հավաստի տեղեկատվություն: Եթե չի կարող, ապա պատմագիտության առարկան դառնում է ոչ թե բուն անցյալը, այլ անցյալի մասին խոսակցություն, պատում, նարատիվ, որն արտահայտվում է լեզվի միջոցով:

Ստացվում է՝ ինչպես Ակուտագավայի «Թավուտում» հայտնի պատմվածքում. ցանկացած մարդ իր ձեւով է ներկայացնում պատմությունը, այն պատմվում է  ինչ-որ մեկի կողմից եւ ինչ-որ ժամանակաշրջանում: Եթե նարատիվիստական մոտեցումը ճիշտ է, ապա  «պատմական ճշմարտություն» կոչվածը  ժամանակակից ածանցյալ եւ խիստ պայմանական երեւույթ է:

Բայց, եթե մենք կարող ենք կամայական ձեւով ընտրել այն «ուղերձը», որը մեզ տվյալ պահին ձեռնտու է, ապա պատմության այն մասերը, դրվագները, «նարատիվները», պատումները, որոնք չեն տեղավորվում մեզ անհրաժեշտ «ուղերձների» մեջ, կարելի է պարզապես արհամարհել, դեն գցել՝ ինչպես, ենթադրաբար, դեն են գցվում «փաստաթղթեր» չունեցող պատմական ժամանակահատվածները: Օրինակ, ժամանակակից Ուկրաինայի «նարատիվն» այն է, որ «ռուսները մեզ դարեր շարունակ գաղութացրել են» (մի քիչ նման է մեր «արեւմտամետների» մոտեցմանը), իսկ Ռուսաստանի «ուղերձն» այն է, որ իրականում ոչ մի Ուկրաինա եւ ոչ մի ուկրաինացիներ գոյություն չունեն: Եթե առաջնորդվենք վերը նկարագրված «նարատիվիստական» մոտեցումներով, ապա երկու մոտեցումներն էլ «ճիշտ են»:

«Պետք է այդ ուղերձները, որոնք տրվում են, լինեն պետականակենտրոն, պետության մասին պետք է լինեն, պետության պատմություն պետք է դա լինի, եւ գրականությունն էլ պետք է լինի այդպիսին: Այդտեղ էլ շատ մեծ ամպլիտուդ կա, եւ պետք է շատ ուշադիր լինել: Եվ մենք, առանց սեթեւեթելու, պետք է դա ասենք եւ ասում ենք՝ պետք է լինի պետականակենտրոն բովանդակություն»: Այդպիսի հրահանգ է վերջերս տվել վարչապետ Փաշինյանը ԿԳՄՍՆ-ին:

Ասվածի համատեքստից կարելի է հասկանալ, որ «պետությունը» ինչ-որ մի վերացականություն է, վակուումի մեջ գոյություն ունեցող մի երեւույթ, որը չունի ո՛չ ազգային, ո՛չ հոգեւոր, ո՛չ էլ նույնիսկ պատմական բովանդակություն: Ըստ այդմ, հավանաբար, տրամաբանական կլիներ բոլոր պատմական տեքստերում, սկսած, օրինակ, Ղազար Փարպեցու եւ Եզնիկ Կողբացու երկերից, փնտրել պնդումներ, որոնք ակնարկում են, որ Հայաստանը պետք է պետություն ունենա 29.8 հազար քառակուսի կիլոմետրի սահմաններում:

Եթե «ուղերձը» պետք է լինի բացառապես «պետության մասին», ապա ինչպե՞ս վարվել այն ժամանակաշրջանների հետ, երբ պետություն գոյություն չուներ: Գուցե այդ ժամանակաշրջանները պետք է ներկայացնել այնպես, որ ողջ ժողովրդի եւ հատկապես նրա առաջադեմ մասի ուշքն ու միտքը պետականության վերականգնո՞ւմն էր: Այնինչ ժամանակակից իմաստով պետության մասին մեր մտածողները, կարծում եմ, սկսեցին երազել միայն 18-րդ դարից՝ Հովսեփ Էմինի ժամանակաշրջանից:

Ի՞նչ «ուղերձ» ունի պետության մասին Գրիգոր Նարեկացու «Ողբերգության մատյանը»: Այնտեղ նույնիսկ հայ ժողովրդի մասին որեւէ բառ չկա: Բայց՝ որ նրա նման հանճարները տեղավորվում են համամարդկային «ունիվերսալիզմի» մեջ, դա, ինձ թվում է, շատ բան է խոսում մեր մշակույթի եւ պատմության մասին:

«Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության մեջ կամ «Հոգեւոր Հայաստան» հոդվածի մեջ արդյո՞ք Չարենցը եւ Տերյանը «Հայաստան» ասելով  նկատի ունեին պետությունը եւ հատկապես 29.8 հազար քառակուսի կիլոմետրը:

…Մի խոսքով, եթե ընտրենք «նարատիվիստական» մոտեցումը, ապա, իհարկե, կարելի է բստրել ցանկացած անհեթեթություն: Ցավն այն  է, որ նման մոտեցումը վտանգի տակ է դնում հենց պետությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031