Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց պատմության դասագիրքը թուրքական շահերի պաշտպան. ՀՅԴ

Հունվար 09,2024 23:23

Յուրաքանչյուր ժողովրդի համար թե՛ սերնդի դաստիարակության, թե՛ պետականության կերտման գործում չափազանց կարևոր է ազգային պատմության դերը։ Սա է պատճառը, որ շատ ու շատ ժողովուրդներ, ինչպես օրինակ, թուրքերը իրենց համար փորձում են ստեղծել գրեթե իդեալական պատմություն՝ հաճախ կեղծելով պատմական փաստերը:

Մե՛նք՝ հայերս, բավականին հարուստ պատմություն ունենալով, երբեք նոր պատմություն հորինելու կարիք չենք ունեցել, թեև օտարներն ու օտարի շահերը սպասարկողները հաճախ են փորձել կեղծել կամ խեղաթյուրել մեր պատմությունը:

Խորհրդային Միության փլուզումից հետո սկսվեց խորհրդային կեղծիքներից հայոց պատմության մաքրման գործընթացը։ Թվում էր, որ այսուհետ պայքարը միայն թուրքական պատմակեղծարարության դեմ է լինելու, սակայն 2018 թ․ «թավշյա հեղափոխությունից» հետո յուրահատուկ գրոհ սկսվեց ազգային արժեհամակարգի դեմ․ թիրախ դարձան հատկապես հայոց լեզուն և հայոց պատմությունը:

2019 թ․ առաջարկված կրթական նոր չափորոշիչները նախատեսում էին հայոց լեզվի և հայոց պատմության դասաժամերի կրճատում բուհերում, գրականության դասագրքերից հայ միջնադարյան գրականության դուրս բերում, հայոց պատմության դասագրքերի խմբագրում և թուրքերի տեսանկյունից «թշնամական կերպարների» հեռացում, ինչպես նաև պատմական փաստերի խեղաթյուրում:

Այսպես կոչված, «կրթական նոր չափորոշիչները» առաջ բերեցին գիտական հանրության, մի շարք ուսուցիչների և ուսանողների դժգոհությունը, մասնավորապես ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը, Պատմության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը և բազմաթիվ հարգված գիտնականներ մատնանշեցին չափորոշիչների և դրանց հիման վրա ստեղծվող դասագրքերի վտանգները: Բողոքի ակցիաներ սկսեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը, որին միացան բազմաթիվ ուսանողներ: Չափորոշիչների կիրառումը և դրանց հիման վրա դասագրքերի տպագրումը հետաձգվեց նախ՝ կորոնավիրուսի, հետո՝ պատերազմի, դավաճանական կապիտուլյացիայի և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով։

2023 թ․ տպագրվեց 7-րդ դասարանի հայոց պատմության նոր դասագիրքը։ Այս «վայ» դասագիրքն իսկական աղետ է նոր սերնդի համար և աննկարագրելի ավեր հայոց պատմագիտության ասպարեզում:

Դասագրքի հեղինակը ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ Սմբատ Հովհաննիսյանն է, որը չի խորշել պատմության ակնհայտ կեղծումից

Այժմ կփորձենք հնարավորինս հակիրճ քննարկել դասագրքում տեղ գտած առավել ակնհայտ կեղծիքները և բացահայտել դրանց վտանգները՝ սկսելով մեր պատմական հայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ հիշատակություններից:

Այսպես՝ ըստ դասագրքի՝ Հայկական լեռնաշխարհը «… գտնվում է Իրանական և Փոքրասիական (Անատոլիական) բարձրավանդակների, Միջագետքի հարթավայրի և Սև ծովի միջև»։ Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ կարգին է, բայց 7-րդ դասարանի երեխային սովորեցնում են Փոքր Ասիան և Փոքրասիական բարձրավանդակը կոչել միայն 13-րդ դարում այստեղ հայտնված քոչվոր թուրքերի տված «Անատոլիա» և «Անատոլիական բարձրավանդակ» անունով: Ինչո՞ւ, եթե ակնհայտ է, որ այլոց հայրենիքները զավթելու նպատակով են թուրքերը Փոքրասիական բարձրավանդակին կցել այդ արհեստական անունը:

«Արևելքում լեռնաշխարհի սահմանները հասնում են մինչև Ուրմիա (Կապուտան) լիճ…»։ Հետաքրքիր է՝ Ս. Հովհաննիսյանն իրո՞ք չգիտի Հայկական լեռնաշխարհի արևելյան սահմանը։

«Քարտեզագրությունից անտեղյակ մարդն անգամ անմիջապես կնկատի, որ Հայկական լեռնաշխարհի արևելյան սահմանը Կասպից ծովն է, իսկ Ուրմիա լիճը գտնվում է լեռնաշխարհի հարավ-արևելքում»։

Ուրեմն հեղինակն ակնհայտորեն կեղծում է՝ գուցե ադրբեջանցիներին չնեղացնելու համա՞ր:

Հետաքրքիր է, որ հայոց պատմական հայրենիքի մասին խոսելիս Ս. Հովհաննիսյանը «մոռացել» է տեղեկություններ հայտնել նաև Փոքր Հայքի մասին:

Մեկ այլ ուշագրավ դիտարկում․ դասագրքում նշվում է. «Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում և հիմնականում (ոչ ամբողջությամբ) ընդգրկում է Այրարատ, Սյունիք և Գուգարք նահանգները»։

Այս դեպքում հարց է ծագում․ ո՞ր նահանգի մի մասի տարածքում է գտնվում ՀՀ Տավուշի մարզը, եթե այն ո՛չ Գուգարքում է, ո՛չ Այրարատում, ո՛չ էլ Սյունիքում։ Այս դեպքում էլ դասագրքի հեղինակը «մոռացել» է Ուտիք նահանգը, որի մեծ մասը զավթած Ադրբեջանը այդ տարածքով սահմանակցում է Տավուշի մարզին և վերջինիս նկատմամբ զավթողական նկրտումներ ունի: Ինչպիսի՜ համերաշխություն «հարևան» ադրբեջանցիների հետ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031