Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս տարվա մեջ քայլեր ենք ձեռնարկելու՝ թանգարանների աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու». ԿԳՄՍ փոխնախարար

Հունվար 09,2024 20:02

Այսօր ԱԺ հանձնաժողովի նիստում  ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրեց «Թանգարանների մասին» օրենքի նախագիծը, որը կարգավորում է թանգարանների գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է թանգարանների տեսակները, գործառույթները, Հանրապետության թանգարանային հավաքածուի ձեւավորման, համալրման, հաշվառման, պահպանության եւ անվտանգության իրավական հիմքերը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը կարեւորեց նախագիծը եւ հարցրեց՝ այս պահին քանի՞ թանգարան ունենք ըստ տեսակի եւ սեփականության ձեւի, քանի՞ աշխատակից ունեն այդ թանգարանները. «Ես հիշում եմ, որ խրոնիկաբար ամենացածր աշխատավարձը թանգարանային ոլորտում աշխատողների աշխատավարձն է ոչ միայն մշակույթի, այլեւ առհասարակ ՀՀ միջին աշխատավարձի համեմատ: Կապ տեսնո՞ւմ եք աշխատավարձերի բարձրացման եւ այս օրենքի միջեւ»:

Քոչարյանը պատասխանեց. «Այս օրենքով մենք սահմանում ենք ատեստավորման հարցը: Ինչ վերաբերում է կոնկրետ դրույքաչափերին, այս օրենքով նախատեսված չէ, բայց անպայման այս տարվա մեջ քայլեր ենք ձեռնարկելու՝ աշխատավարձերի հարցը բարձրացնելու համար: Նախարարության ենթակայությամբ ունենք 19 թանգարան, եւ շուրջ 140 համայնքային թանգարաններ Հայաստանում: Հազարից ավելի աշխատատեղ կա: Մեծամասնությունը, ցավոք, սրտի մինիմալ աշխատավարձ են ստանում»:

 

 

Լիլիթ Գալստյանն արձագանքեց՝ պետական  ոլորտում աշխատավարձերի բարձրացում կա, մենք տեսնում ենք, եւ հանիրավի այս ոլորտը դուրս է մնացել: Փոխնախարարն ասաց, որ պիտի կանոնակարգեն մշակութային առարկաները ու ռեժիմներ սահմանեն. «Եթե որեւէ ոք գնի մշակութային առարկա շուկայից՝ օրինակ, նկար, եւ ուզենա արտահանել, կանցնի այլ ընթացակարգով: Մշակութային առարկան պետք է դառնա մշակութային արժեք, եթե ժամանակով գնահատվի, օրինակ, 50 տարվա առարկան: Դրանից պետք է բխի ներմուծումը, արտահանումը եւ այլն»:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031