Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանի առիթով Հայաստան է ժամանել նրա ընկերներից Նոդար Վաշակիձեն: «Այժմ թոշակառու եմ, իսկ ժամանակին աշխատում էի ավիացիայում, Փարաջանովը շատ էր սիրում ավիացիան: Երբ առաջին անգամ հանդիպեցի իրեն, համազգեստով էի, ինքը կասկածանքով նայեց ինձ ու հարցրեց՝ լսի, դու ո՞վ ես, ԿԳԲ-ից ե՞ս… »,-մաեստրոյի հետ առաջին հանդիպումն է ներկայացնում Վաշակիձեն, որ Փարաջանովի հետ ծանոթացել էր նրա մտերիմներից մեկի միջոցով:
«Մենք մտերմացանք: Ինքը մի քիչ «նախանձում» էր իմ ատամներին, ասում էր՝ ինչ է, Հոլիվուդո՞ւմ ես ատամներդ սարքել (ծիծաղում է-Գ.Հ.) »,-ասում է Փարաջանովի մտերիմ ընկերը: Ու հավելում է. «Ինքը շատ էր սիրում հին իրեր, ու շռայլորեն բոլորին ինչ-որ բան նվիրում էր՝ անգամ իր իսկ ծննդյան օրը: Մի անգամ ինձ հին փայտե բուֆետ որոշեց նվիրել՝ 100-ամյա վաղեմության, ես անընդհատ ձգում էի բուֆետը տուն տանելը: Մի օր ասաց՝ հիմար ես, ինչ է, բուֆետները փողոցներում թափված չեն, եթե չտանես կտամ էլդար Շենգելայային: Եվ ես ստիպված մեքենա վարձեցի, ու տարա բուֆետը, որը մինչ օրս իմ տանն է: Ես հպարտանում եմ դրանով: Ի դեպ, Սերգեյի շատ հետաքրքիր աշխատանքներ էլ ունեմ, այնպես որ հարկ կլինի նրա մասին գիրք գրել, ափսոս որ գրելու տաղանդ չունեմ»:
Վաշակիձեն ասում է, որ Փարաջանովի հետ հանդիպումը իր կյանքում շրջադարձային է եղել, ինքը սկսել է կյանքին այլ հայացքով նայել: Նա հիշեց նաեւ Փարաջանովի վերջին ծննդյան օրը, երբ մաեստրոն հիվանդ պառկած էր. «Նա պառկած էր ու չէր կարող վեր կենալ, դա մեր վերջին հանդիպումն էր… Իսկ դրանից առաջ հիվանդանոցից մի անգամ նամակ էր ուղարկել, գրել էր՝ չե՞ս ուզում քո ընկերոջը այցելել, իսկ գրության վրա իր քաղցկեղն էր նկարել՝ մետաստազներով: Նա միշտ օրիգինալ էր: Ցավոք, հնարավորություն չունեի ամեն օր այցելել նրան՝ աշխատանքային զբաղվածությանս պատճառով…Ի դեպ, նա միշտ իմ վրա հույս էր դնում, իր բոլոր հյուրերին ասում էր՝ Նոդարը ձեզ կօգնի, գրություն էր ուղարկում, այսինչին ուղարկիր Մոսկվա, մյուսին թռցրու մեկ այլ քաղաք: Նա միշտ երաշխավորում էր իր մտերիմներին, որ բոլորին կօգնեմ…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ