«Երբ ես լսում եմ «հանրային գերակա շահ», ոչ մի լավ բան չեմ ակնկալում, որովհետեւ հանրային գերակա շահ անվան տակ եւ այդ գործիքով այլանդակեցին եւ գետնին հավասարեցրին Երեւանի կենտրոնն ու Երեւանի պատմական ժառանգությունը՝ բոլոր սրբատաշ քարերով, աղյուսաշեն քարերով շենքերը, վերջերս էլ՝ նույն Տիգրան Ավինյանի ձեռամբ Ֆիրդուսի թաղամասը»,-օղակաձեւ այգու կառուցապատման (որով նախատեսվում է նաեւ թենիսի հայտնի կորտի տեղափոխումը) նախագծի մասին այս կարծիքին է «Երեւանի ժառանգության պաշտպանության կոմիտե»-ի անդամ Իզաբելլա Սարգսյանը։
Երեւանի քաղաքապետարանը մտադիր է Սայաթ Նովա-Նալբանդյան փողոցների միջնամասում օղակաձեւ այգու 4-րդ հատվածը հայտարարել հանրային գերակա շահ եւ «Գրին ռոք մենեջմենթ» ՍՊԸ-ին տալ այդ հատվածի կառուցապատման իրավունք՝ առանց մրցույթի։
Ընդ որում, նշված հատվածում է գտնվում նաեւ թենիսի կորտը՝ հայտնի «Բուրեվեստնիկ»-ը։ Այս մասին հայտարարվեց հունվարի 8-ին Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, կառուցապատման համար քաղաքապետարանին դիմել է «Գրին ռոք մենեջմենթ»-ը։
Կարդացեք նաև
«Նշված տարածքում առկա են 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքեր, որոնք հիմնականում համայնքի կողմից վարձակալության իրավունքով տրամադրված հողամասի վրա են գտնվում, ուստի անհրաժեշտություն է առաջացել նշված տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ։ Ներկայում Երեւանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ ՀՈԱԿ-ը նախապատրաստում է կառավարության որոշման նախագիծ, այդ թվում՝ ընկերությանը առանց մրցույթի տարածքի նկատմամբ կառուցապատման իրավունք տալու մասին»,-հայտարարվել է գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հստակեցրել է՝ խոսքը ԵՊՀ-ի դիմացի այգու 4-րդ զանգվածի մասին․ «Այդտեղ խառը կառուցապատված է։ Առաջարկվում է այգին վերականգնել։ Այդտեղ ինքս երկար տարիներ պարապել եմ թենիս, իրականում այն ժամանակ գուցե տարօրինակ չէր, բայց հիմա երբ նայում ենք օղակաձեւ այգու տրամաբանությունը, այդտեղ թենիսի կորտերն իրականում չպետք է լինեն։ Այգին պետք է լիներ այգի։ Հետեւապես, բոլոր այն հատվածներում, որտեղ հանրային կանաչ տարածքներ են, պետք է վերադարձնենք քաղաքին։ Այս ծրագիրը դրա մասին է։ Խնդրում եմ, արագ իրականացրեք այդ աշխատանքները, հատկապես կառավարության որոշման նախագծի պատրաստման աշխատանքները, որպեսզի հնարավորություն ունենանք հենց այս տարի սկսենք այդ ծրագիրը»։
Երեկվանից Ֆեյսբուք սոցիալական ցանցում այս ծրագրի վերաբերյալ քաղաքացիները դժգոհություններ են արտահայտում։ Երեւանի քաղաքապետարանն այսօր պարզաբանում է տարածել․ «․․․ Օղակաձեւ այգու 4-րդ հատվածի վերակառուցման վերաբերյալ քննարկումները այս պահին շարունակվում են, որի շրջանակում առաջարկվում է՝ հատակագծային օպտիմալ լուծումներով ստեղծել բարեկարգ ծառուղիներ ու ծաղկազարդ արահետներ, հետիոտնային շարժման համար ճեմուղիների և հետիոտն արահետների ցանց․․․ Այգու արդյունավետ օգտագործման և տարբեր եղանակային պայմաններում, շուրջտարյա գործունեության ծավալման հնարավորության նպատակով այգում կստեղծվեն կամ կվերակառուցվեն նաև փակ փոքրածավալ կառույցներ (սննդի սպասարկման կետ, սրճարան, ընտանեկան հանգստի և ժամանցի ոչ հիմնական շինություններ, հուշանվերների խանութ, hանրային միջոցառումների՝ համերգային և մշակութային ծրագրերի կազմակերպման համար կնախատեսվի համապատասխան միջավայր):
․․․Օղակաձեւ զբոսայգու թենիսի կորտերի հարցը քննարկման փուլում է. քանդելու նպատակ չի հետապնդվում, չի բացառվում՝ այլ համահունչ միջավայր տեղափոխելու հնարավորությունը»։
Իզաբելլա Սարգսյանն ասում է՝ թենիսի կորտի տեղափոխումը նշանակում է վերացնել այն իր տեղում եւ այն ձեւով՝ ինչպիսին այժմ կա։
«Նույն հաջողությամբ կարող են ցանկացած տեղ կորտեր կառուցել եւ ասել՝ տեղափոխել ենք։ Այս կորտերի ամբողջ իմաստն այն է, որ դա ԵՊՀ-ի, իր տեղավայրի, ամբողջ լանդշաֆտի մաս է, դա պատմության մաս է կազմում։ Եվ սա նման է Հին Էրիվան նախագծին, երբ նույն գերակա շահով ամբողջ Պուշկին, Արամի Տերյան փողոցների շենքերը քանդեցին, քարերի մի մասը հավաքեցին մի տեղ, վրայից բետոն արեցին, մարդկանց այդտեղից դուրս շպրտեցին, իր պատմական միջավայրից հանեցին՝ անունը դրեցին «Հին Էրիվան» նախագիծ»,-նշում է Սարգսյանը։
Ինչ վերաբերում է նշված հատվածում սրճարաններ կամ ժամանցի վայր կառուցելուն, ապա Սարգսյանը նկատում է՝ այն, ինչ նկարագրում է քաղաքապետարանը, ամբողջ Երեւանը դա է, ամեն տեղ կրպակներ ու սրճարաններ են, զբոսանքի վայրեր․ ի՞նչ կարիք կա օղակաձեւ այգում նույն բանն անել․ «Եթե բարեկարգման խնդիր կա, ապա հենց օղակաձեւ այգում գտնվող Կամերային երաժշտության տան շրջակայքում կիսաքանդ սրճարաններ են, չգործող, թող դրանք մաքրեն, այդ մասը բարեկարգեն, այդտեղ դնեն իրենց նշած հուշանվերների կրպակը՝ եթե դրա կարիքն այդքան շատ կա»։
Ըստ Սարգսյանի, քաղաքապետարանի նկարագրածը, ինչ նախատեսվում է կառուցել, ռաբիսություն է, հետընթաց․ «Աշխարհում ոչ ոք չի բարեկարգում, հակառակը՝ թողնում են մի քիչ վայրի աճած ծառեր։ Թենիսի այդ կորտի կողքին աճող ծառերը երկար տարիներ է՝ այդպես է եղել, ոչ մի կարիք չկա դա բարեկարգելու։ Ես, որպես ամբողջ կյանքում թենիսով զբաղվող մարդ, ասեմ՝ կորտի բարեկարգման խնդիրը սրճարանի եւ կրպակի հետ կապ չունի։ Բարեկարգման խնդիրը գրունտն է, քանի որ ավազի կորտ է, պետք է լավացնել այդ ավազի որակը, հարթեցվի։ Այնտեղ նորմալ հանդերձարան, նորմալ ցնցուղ կա, խաղողի վազերով նստելու տեղ կա, ցայտաղբյուր։ Կորտերի բարեկարգումից խոսում են մարդիկ, ովքեր այդ սպորտաձեւից ոչինչ չեն հասկանում»։
Ինչո՞ւ պետք է հանրային այս տարածքը առանց մրցույթի հանձնվի մի կառուցապատողին, ընդ որում՝ սրճարան, ճեմուղի ու կրպակ կառուցելու համար այն ճանաչվի հանրային գերակա շահ։
Սարգսյանն ասում է՝ հանրային գերակա շահ արտահայտությունը լսելիս՝ խուճապի մեջ եմ ընկնում, այդ օրենքն ու դրա կիրառումը մեր երկրում ամենախնդրահարույց գործընթացներից է դեռ 2000 ականներից սկսած։
«Հանրային գերակա շահ է, երբ ռազմավարական նոր ճանապարհ պետք է կառուցվի, եւ օրինակ՝ այդտեղ կան արոտավայրեր, որոնք սեփականատերեր են, ու այդ մարդկանցից պետությունը գնում է տարածքը։ Այսինքն, իրոք հանրային շահի համար ես ճանապարհ կառուցում։ Բայց երբ զբոսայգում են կիրառում հանրային գերակա շահը, մի սեփականատերից այդ կորտը վերցնում են, տալիս այլ սեփականատիրոջ, որ այդտեղ սրճարան կառուցվի, դա գերակա շահ չէ»,-նշում է Սարգսյանը։
Նա նկատում է՝ եթե քաղաքապետարանը հանրային բառն է օգտագործում, ուրեմն պետք է ի սկզբանե հանրային քննարկում լիներ, նախագծեր առաջարկեին՝ թենիսի կորտը պահած տարբերակով, այլ ոչ թե սոցցանցում հանրային աղմուկից հետո ինչ-որ պարզաբանում տան․ «Դա պետք է լիներ հանրային մասնակցության առարկա։ Իսկ հիմա կանգնեցնում են փաստի առաջ՝ նախագիծը կա, կառուցապատողը կա, որին առանց մրցույթի են ընտրել։ Այսինքն՝ հանրությանը կանգնեցնում են փաստի առաջ ու ասում՝ դա ձեր շահից է։ Նման բան նորմալ ժողովրդավարական երկրում չի կարող լինել»։
Իզաբելլա Սարգսյանը հիշեցրեց Ռամադա հյուրանոցի կառուցման պատմությունը, որի տարածքը՝ Փավստոս Բուզանդ փողոցում, տարիներ առաջ հանրային գերակա շահ ճանաչվեց, հյուրանոցը կառուցվեց Վարդանյանների սեփականության վրա, հետագայում այս գործով Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ-ում պարտվեց։
«Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ընկերությունը, որին քաղաքապետարանն առանց մրցույթի մտադիր է տալ նշված տարածքը, շինարարական մի շարք նախագծերի հեղինակ է, օրինակ ՝ Դիլիջանի բազմաֆունկցիոնալ համալիրը։ Ընկերության կայքէջում արդեն կա օղակաձեւ այգու կառուցապատման նախագիծը։
Ընկերության հիմնադիրն է Մարետա Գեւորկյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Գլխավոր լուսանկարը՝ Իզաբելլա Սարգսյանի ֆեյսբուքյան էջից