«Մենք 2021-ի թվականին ինքնակամ կառուցված շինությունների վերաբերյալ օրենսդրությունը փոփոխեցինք։ 2022-ից սկսեցինք ինքնակամ շինությունների հաշվառման գործընթացը, և այդ կետից սկսած՝ ունենք շուրջ 63 հազար ինքնակամ շինություն մեր էլեկտրոնային համակարգում»,- «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
Նա հայտնեց՝ 2022-ին շուրջ 26 հազար 600 ինքնակամ շինություն է հաշվառվել, իսկ 2023-ին՝ 34 հազար․ «Սա նշանակում է , որ այս հաշվառման գործընթացում մասնագետները կատարել են լայնածավալ աշխատանքներ և համապատասխանաբար մուտք է արվել կոմիտեի էլեկտրոնային համակարգ։ Արդեն 30 հազարից ավելի միավորները գնահատված են ու մուտք է արված մեր էլեկտրոնային համակարգ, որի արդյունքում 255 միլիոն դրամ գույքահարկի բազա է ավելացված։ Դրա արդյունքում մենք փաստել ենք, որ այդ շինությունը բնության մեջ կա, գնահատել ենք դա առկա տվյալներով, և սրանով համայնքային եկամուտների գրանցում է իրականացվել։ Կան որոշակի դիմում-բողոքներ, որ որևէ քաղաքացի չի հաշվառել։ Ցավով նշեմ, որ ժամկետի բացթողման դրույթ օրենքը չի նախատեսել, և քաղաքացիներն ունեին երկու տարի ժամկետ, որ կարողանային դիմել համապատասխան մասնագետներին։ 2023-ի հունվարից սկսած՝ հաշվառված ինքնակամ շինությունների թիվը եղել է միայն դեկտեմբեր ամսվա հաշվառված շինությունների թվի մոտ կեսը։ Եթե քաղաքացին չի հաշվառել այդ շինությունները, օրենքով այլևս բացառում է այդ շինությունների օրինականացման գործընթաց սկսելը»։
Սուրեն Թովմասյանն ասաց՝ լինում ենք դեպքեր, երբ տեսնում են, որ, օրինակ, պետության կողմից որևէ վկայական է տրվել, բայց բնության մեջ նման մակերեսով հողամաս չկա․ ավելի փոքր է այդ հողամասը, կամ տրվել է ավելի փոքր մակերես, բայց իրականում ավելի մեծ մակերեսով է վկայականը։
Սուրեն Թովմասյանը տեղեկացրեց՝ 2024-ի մինչև մարտ ամիս կներդրվի էլեկտրոնային համակարգ․ «Համակարգի ներդրմամբ բոլոր սահմանափակումներ կիրառող մարմինները էլեկտրոնային եղանակով պետք է ուղարկել դնելու և հանելու որոշումները, որն առցանց կերպով կարտացոլվի Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում։ Եթե նախկինում քաղաքացին պետք է ստանար որևէ փաստաթուղթ, դա բերեր, ներկայացներ Կադաստրի կոմիտեին, որպեսզի տեղեկացված լիներ Կոմիտեն՝ պետական մարմինը փոստով ուղարկեր, այս պարագայում էլեկտրոնային համակարգ մուտք է լինելու, և Կադաստրի կոմիտեն տեղեկացված է լինելու»։
Կարդացեք նաև
Նա հայտնեց՝ իրավաբանական անձինք, համայնքը և պետական մարմինները Կադաստրի կոմիտե դիմում կարող են ներկայացնել բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով։ Ըստ Սուրեն Թովմասյանի՝ սա թույլ տվեց գրասենյակներում հերթերի իրավիճակը կառավարելի դարձնել․ «Մենք սահմանափակեցինք ֆիզիկական անձանց՝ դիմում գրելու որոշ տեսակներ, որոնք խիստ նույնականացում չեն պահանջում։ 2023-ի կեսերից միասնական տեղեկատվական դիմում հնարավոր է ներկայացնել միայն էլեկտրոնային տարբերակով։ Դա տևում է մեկ րոպե, վճարումը կատարվում է անկանխիկ միջոցով։ Քաղաքացին Կադաստր գալու կարիք չունի, փաստաթղթերի համար ևս Կադաստր գալու կարիք չունի։ Փաստենք այսօր, որ հերթերը բավականին լավ վիճակում են․ տասը տասնհինգ րոպե է հերթում սպասումը»։
Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ՝ Կադաստրի կոմիտե հասցեագրված շուրջ 890 հազար դիմումների 35 տոկոսից ավելին էլեկտրոնային համակարգով է ներկայացված և պատասխանները տրամադրված են էլեկտրոնային համակարգի միջոցով։
Հարցին՝ կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքներն ի՞նչ փուլում են, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարը պատասխանեց․ «Մենք կադաստրային քարտեզները տեղափոխեցինք առցանց միջավայր, համադրեցինք մեկը մյուսին և բացահայտեցինք այն խնդիրները, որ ունենք մեր գրանցման համար հիմք հանդիսացող կադաստրային քարտեզներում։ 2021-ին իրականացրինք օդային լուսանկարահանումը, և դրանք դրեցինք քարտեզների ուղղման հիմքում։ 2023-ի տվյալներով՝ ունենք շուրջ 340 բնակավայր, որոնց կադաստրային քարտեզներն ուղղել ենք։ Այս պահին ուղղել ենք Շիրակի, Սյունիքի, Արարատի կադաստրային քարտեզները, Հրազդան և Ծաղկաձոր խոշորացված համայնքների, Վայոց ձորի մարզի որոշ բնակավայրերի քարտեզները։ Մյուսներն ընթացքի մեջ են, ինչպես նաև կառավարության որոշմանը հղում անելով՝ ուղղվել է նաև Երևան քաղաքի վարչական սահմանները հարակից համայնքների վարչական սահմանների հետ։ Մնացել է մեկ համայնք, այնտեղ էլ բանակցություններ են գնում, որ կարողանանք Երևանի վարչական սահմանը վերջնականապես ուղղել։ Սրանից հետո համայնքները հնարավորություն կունենան գլխավոր հատակագծեր մշակել, ավելի ճշգրիտ փաստաթղթի հղում կատարել»։
Սուրեն Թովմասյանն ասաց՝ եղել են համայնքներ, որոնց կադաստրային քարտեզները շեղված են եղել մինչև 100 մետր և ավել գծային մետրով։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ