Լրահոս
Օրվա լրահոսը

«Փարաջանովը գիտակցում էր իր հանճարեղությունը, քայլում էր ու ասում՝ ես հանճար եմ». Յուրի Մեչիտով

Հունվար 09,2024 17:25

Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանի առիթով Հայաստան է ժամանել ճանաչված լուսանկարիչ եւ վավերագրող Յուրի Մեչիտովը, որը ավելի քան 10 տարի եղել է Փարաջանովի կողքին, նկարել նրան նկարահանման հրապարակում:

Մեչիտովը Փարաջանովի բազմաթիվ դիմանկարների հեղինակ է։ «Կարծում եմ Փարաջանովն այնպիսի խելահեղ խենթ էր, որ նման արձանը լրիվ սազում է նրան: Նա շատ դժվար էր ընկալում փողկապով մարդկանց, ես շատ մոտիկից գիտեի նրան… նա օրենքներից, կարգերից, կարծրատիպերից դուրս մարդ էր: Հիմա այս քանդակը, որտեղ նա մեկ ոտքի վրա է կանգնած, շատ բնորոշ է նրան, ու ինձ դուր է գալիս: Ժամանակի ընթացքում այն կզբաղեցնի իր տեղը»,-ասաց Մեչիտովը:

Aravot.am-ի խնդրանքին՝ որեւէ փոքրիկ դրվագ պատմել, Յուրի Մեչիտովն այսպես արձագանքեց. «Փարաջանովն ասում էր՝ դու ինձ նկարիր եւ հեռուն կգնաս։ Դրանից հետո ես եղա Լոս Անջելեսում, այնտեղ ցուցահանդես կազմակերպեցի, իսկապես շատ հեռուն գնացի: Նա այնպիսի մարդ էր, որին կամ հասկանում էիր կամ նեղանում: Փարաջանովը շատ հեշտությամբ էր վիրավորում մարդկանց, կարող էր վերցնել ու ասել՝ դու հիմար ես, ոչինչ չես հասկանում… Իսկ մարդը պետք է ինքնաքննադատություն ցուցաբերի եւ ասի՝ այո, ես ոչինչ չեմ հասկանում եւ դա ճանապարհ էր՝ դեպի ինչ-որ բան ընկալելը»:

Մեչիտովը հավելեց. «Սերգեյ Փարաջանովը սիրում էր գեղեցիկ ապրել: Նա ընդհանրապես այլ աշխարհի մարդ էր: Նա ցնցող մարդ էր, այդպիսիք հիմա չեն ծնվում: Ժամանակն է նման մարդկանց ծնում, ես չեմ կարող բացատրել, թե ինչու հիմա այդպես չէ: 1950, 60, 70-ականներին մեզանում հանճարներ կային, նայեք հայկական կինոն՝ Սոս Սարգսյան, Ֆրունզիկ Մկրտչյան, ինչ հսկաներ…»:

Հարցին՝ կարոտո՞ւմ է Փարաջանովին, Մեչիտովը պատասխանեց. «Ես անընդհատ նրա հետ եմ»: Հաջորդ հարցին՝ արդյոք Փարաջանովը կհավանե՞ր իր արձանը, նա այսպես պատասխանեց. «Կասեր՝ էհ, այս հայերը (ծիծաղում է- Գ.Հ.)…Ընդհանրապես ինքը քննադատաբար էր վերաբերվում ամեն ինչին, նա հստակ գիտակցում էր իր հանճարեղությունը, քայլում էր ու ասում էր՝ ես հանճար եմ, ես հանճար եմ…

Փարաջանովն ասում էր՝ պետք է ազատ լինել… Նա երկու բան ուներ իրեն բնորոշ՝ գեղեցիկի ընկալում եւ ազատասիրություն… Ափսոսում եմ, որ այս ամենը չտեսավ Զավեն Սարգսյանը, որը փայփայում էր Փարաջանովի թանգարանը: Եթե նա չլիներ, ոչ թանգարանը կլիներ, ոչ այս արձանը, ոչ էլ Փարաջանովի հիշատակը: Փարաջանովի թանգարանը Հայաստանի մշակույթի կարեւոր մասն է, եթե նախկինում հայտնի մարդկանց, հյուրերին տանում էին կոնյակի գործարան, հիմա տանում են Փարաջանովի թանգարան»:

Հավելենք, որ Մեչիտովը ստեղծել է «Սերգեյ Փարաջանով։ Երկխոսության քրոնիկոն» գիրք-ֆոտոալբոմը։ Մեչիտովը լուսանկարել է նաեւ Փարաջանովի ընկերներին եւ հյուրերին, այդ թվում՝ Անդրեյ Տարկովսկուն, Մարչելո Մաստրոյանիին, Տոնինո Գուերրային, Մայա Պլիսեցկայային եւ այլոց:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031