Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Սերգեյ Փարաջանովի արձանի բացման արարողությանը, որը հետագայում կտեղադրվի Կինոյի տան դիմաց: Արձանի քանդակագործն Արա Ալեքյանն է:
Միջոցառմանը մասնակցել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:
Կարդացեք նաև
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհավորել է բոլորին արձանի բացման առիթով և նշել. «Իրավամբ շատ կարևոր օր է մեզ համար, որովհետև նշում ենք մաեստրոյի 100-ամյակը: Այնպես է համընկել, որ 2023-2024-ին մեր երեք մեծերի՝ Սերգեյ Փարաջանովի, Արամ Խաչատրյանի և Շառլ Ազնավուրի հոբելյաններն են. մարդիկ, որոնցով հայ ժողովուրդն ամբողջ աշխարհին ներկայանում է և ճանաչելի դառնում, մարդիկ, որոնց անունը հնչելիս, անմիջապես ասոցացվում են Հայաստանի և հայ ժողովրդի հետ»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում ընդգրկված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանի շրջանակում նախատեսվում են նաև այլ միջոցառումներ, ինչի կապակցությամբ Արայիկ Հարությունյանն ասել է. «Այսօր Փարաջանովի ծննդյան օրն է, բայց մեր միջոցառումները, որոնք հաստատվել են կառավարական հանձնաժողովի կողմից, լինելու են ամբողջ տարվա ընթացքում: Մենք մի շարք մեծ միջոցառումներ ունենք տարվա ընթացքում, հաստատել ենք ավելի քան 30 ծրագիր: Մենք հոբելյանը նշելու ենք ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում՝ Երևանում, մարզերում, այլ նաև արտերկրում, մասնավորապես՝ Վրաստանում և Ֆրանսիայում արդեն ունենք նախանշված ծրագրեր»:
Ամփոփելով խոսքը՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է. «Մենք նաև փորձել ենք մեր տարբեր մեծերի ծրագրերը միավորել, որովհետև նրանք նաև որոշակի եզրերով միանում են միմյանց, և դրանով էլ ավելի հանրահռչակել նրանց մշակույթը»:
Արձանի բացման արարողությունից հետո ներկաները ծանոթացել են հոբելյանական միջոցառումների շրջանակում անցկացվող Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպարանափոխություն» ցուցադրությանը:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ