Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿ-ում ձևավորվել է նոր՝ Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն

Հունվար 09,2024 17:00

Ելնելով 2022թ. հունիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից, ինչպես նաև` դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարություններով նախանշված միջոցառումների ծրագրերից՝ 2024թ. հունվարի 1-ից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության գործառույթները փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեին։

Դրանով պայմանավորված՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության 47 հաստիքները, որոնցից 39-ը՝ ինքնավար (քննիչների), իսկ 8-ը՝ կառուցվածքային ստորաբաժանմանն օժանդակող քաղաքացիական ծառայողների և տեխնիկական սպասարկման, փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեին։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով ՀՀ քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կառուցվածքում ձևավորվել է գլխավոր վարչության կարգավիճակ ունեցող նոր ստորաբաժանում՝ «ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն»։ Նշված ստորաբաժանումը, որը գործելու է անմիջապես ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համակարգման ներքո, ներառում է 4 վարչություն։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մեկ այլ հրամանով փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ քննչական կոմիտեի կանոնադրությունում, որով սահմանվել են ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության իրավասություններն ու գործառույթները։

Սահմանվել է, որ նոր ստորաբաժանումը կազմակերպելու և նախաքննություն է իրականացնելու ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ (ագրեսիա իրականացնելու ուղղակի և հրապարակային կոչերը), 152-րդ (միջազգային ահաբեկչությունը), 308-ից 317-րդ (ահաբեկչության հետ կապված հանցագործությունները), 320-րդ (oրենքով չնախատեսված զինված միավորում ստեղծելը կամ ղեկավարելը), 321-րդ (oրենքով չնախատեսված զինված միավորմանը մասնակցելը), 326-ից 330-րդ (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը կամ անցկացնելը, ինչպես նաև զանգվածային անկարգությունները, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, վերջինիս արդարացումը), 349-րդ (միջազգային թռիչքների կանոնները խախտելը), 350-րդ (ՀՀ օդային տարածքի օգտագործման կանոնները խախտելը) հոդվածներով, 42-րդ գլխով (Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները) և 469-ից 471-րդ (պետական սահմանն ապօրինի հատելը, անօրինական միգրացիայի կազմակերպումը, պետական սահմանի նշանները վերցնելը, տեղաշարժելը կամ ոչնչացնելը) հոդվածներով նախատեսված հանցագործությունների դեպքերով, ինչպես նաև` Կոմիտեի նախագահի կողմից իրեն հանձնարարված քրեական վարույթներով։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության բոլոր նախկին քննիչները, որոնք ցանկություն են հայտնել շարունակել իրենց ծառայությունը ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում, պահպանելով իրենց կարգավիճակը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով արդեն իսկ նշանակվել են համապատասխան պաշտոններում։

Այն պաշտոնները, որոնք մնացել են թափուր, առաջիկայում կհամալրվեն ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոների զբաղեցման համար սահմանված ընթացակարգով։ Վերջիններիս դասային աստիճանները համապատասխանեցվել են Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոններին համապատասխանող դասային աստիճաններին:

ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունը տեղակայվել է ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական վարչական շենքի հարևանությամբ՝ Մամիկոնյանց 48 հասցեում գտնվող ՀՀ ՔԿ վարչական շենքում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածներով նախատեսված առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հնարավոր հաղորդումները կամ այդ հանցագործություններով իրականացվող նախաքննությանը վերաբերող դիմումները, այլ փաստաթղթերն անհրաժեշտ է հետայսու հասցեագրել նշված հասցեով։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031