Հունվարի 9-ին լրանում է կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը: Նրա հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց հոբելյանների ցանկում:
Ի թիվս այլ միջոցառումների, Կինոյի տանը կայացավ Փարաջանովի արձանի (հեղինակ՝ Արա Ալեքյան) բացման հանդիսավոր արարողությունը։
Արձանը կտեղադրվի Կինոյի տան հարակից տարածքում, որը կկրի «Նռան գույնի հրապարակ» անունը:
Կարդացեք նաև
Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանն ասաց, որ նման արձանի մասին երազել է Փարաջանովի թանգարանի տնօրեն լուսահոգի Զավեն Սարգսյանը: Նա ընդգծեց, որ մաեստրոյի երազած հայկական կինոն բարձր դիրքերում է, եւ աշխարհով մեկ արդեն սկսել են խոսել հայկական կինոյի մասին:
Հավելենք, որ ողջ տարին է հոբելյանական, իսկ օրվա ընթացքում նախատեսված միջոցառումների թվում են Դավիթ Գալստյանի «Դրվագներ Ջոկոնդայի կյանքից» ցուցադրությունը՝ Կինոյի տանը, «Գյուրջիև» եւ «Բարեկամություն» համույթների ելույթները՝ Փարաջանովի թանգարանում, «Մոսկվա» կինոթատրոնին հարող տարածքում ֆոտոտաղավարը, հարիսայի հյուրասիրությունը, շարժական ինստալյացիա/պերֆորմանսը՝ Երեւանի կենտրոնական փողոցներով եւ կինոդիտումները:
Փարաջանովի մտերիմների հետ հարցազրույցները՝ հաջորդիվ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ