Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղբանտարկյա՞լ է Արմեն Աշոտյանը. հարց Նինա Կարապետյանցին

Հունվար 09,2024 16:36

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը երեկ ևս երեք ամսով երկարացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը: Ընդդիմադիր գործիչը ազատազրկված կմնա մինչեւ ապրիլի 15-ը: Արմեն Աշոտյանի կալանքը փոխելու բոլոր՝ 40 միլիոն դրամ գրավ, այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք, նաեւ 15 անձնական երաշխավորությունները, այդ թվում՝ միջազգային ճանաչում ունեցող գործիչների կողմից, դատավոր Վահե Դոլմազյանը հաշվի չառավ:

Ուշագրավ է, որ Արմեն Աշոտյանի համար դատարանում անձնական երաշխավորությամբ հանդես եկավ նաեւ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: Ընդգծելով, որ Արմեն Աշոտյանի քաղաքական ուժի հետ ՀԱԿ-ը երկար տարիների անհաշտ քաղաքական հակառակորդներ են, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Լեւոն Զուրաբյանը նաեւ հայտարարեց. «…2012 թվականին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովն ընդունել է «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» անվամբ 1900 բանաձեւը, որը բանտարկումը քաղաքական հետապնդմամբ պայմանավորված, եւ, հետեւաբար, Եվրոպայի Խորհրդի կողմից ընդունված ժողովրդավարական նորմերին հակասող՝ ճանաչելու համար սահմանում է հինգ չափանիշ։ Այդ չափանիշներից մեկը սահմանված է երրորդ հոդվածի d կետով եւ լիովին համապատասխանում են Աշոտյանի գործին։ Համաձայն այդ կետի, «Անձնական ազատությունից զրկված անձը դիտարկվում է քաղաքական բանտարկյալ, եթե նա կալանավորվել է «քաղաքական շարժառիթներով խտրականորեն՝ այլ անձերի հետ համեմատությամբ»։ Կալանքի պահպանման դեպքում այդ պարագան շատ հեշտ կլինի ապացուցել»։

Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր զեկույցներից մեկում վերջերս արձանագրել էր Հայաստանում քաղբանտարկյալների առկայության հարցը: Այս կառույցը նաեւ Արմեն Աշոտյանին հայտարարել էր քաղբանտարկյալ՝ հավելելով. «Մեզ մեծապես անհանգստացնում է բավարար ապացույցների բացակայության պայմաններում Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին անազատության մեջ պահելը։ Ավելի քան երկու ամիս պարոն Աշոտյանը զրկված է եղել իր ընտանիքի հետ հաղորդակցվելու հնարավորությունից։ Բացի այդ, դատարանը մերժել է նրա պաշտպանների միջնորդությունը՝ Արմեն Աշոտյանին գրավով, տնային կալանքով, և Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) անվանի անդամների երաշխավորությամբ ազատ արձակելու մասին»:

Մինչդեռ հայաստանյան իրավապաշտպան շրջանակներում ձեռնպահ են մնում մեր երկրում քաղբանտարկյալների առկայության մասին հստակ հայտարարություններ անելուց:

Նինա Կարապետյանց

Իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Նինա Կարապետյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ իր գնահատմամբ, Արմեն Աշոտյանը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ, քանի որ իրավապաշտպաններն այժմ կարծես ձեռնպահ են մնում նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչների մասին գնահատականներ տալուց: Տիկին Կարապետյանցը, պարզվեց, անգամ տեղյակ էլ չէ գործի նախաքննության ավարտի եւ դատարանային փուլ մտնելու մասին: Ասաց՝ ծանրաբեռնված է, չի հասցնում բոլոր գործերին հետեւել: Ավելին, խոստովանեց, որ դադարել է շատ բաների հետեւել, որովհետեւ. «Այս համակարգն այլեւս վերածվել է ֆարսի: Ես հասկանում եմ, որ մենք շատ լուրջ խնդիր ունենք համակարգային, դա անգամ անձերի հետ կապված չի: Անձնապես որեւէ խնդիր չունեմ որեւէ մեկի մասին ասելու՝ քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ եւ որեւէ տարբերություն չկա՝ խոսքը ներկայի մասին, է նախկինի մասին է, կարկառունի մասին է, չկարկառունի մասին է, որովհետեւ երկրում քաղբանտարկյալ ունենալը ՀՀ-ի վարկանիշի, ՀՀ-ի ապագայի հետ կապված խնդիր է: Անկեղծորեն, ժամանակ չեմ ունեցել հետեւելու, խոստանամ, որ անպայման կհետեւեմ գործին: Ես գիտեի, որ գործը դեռ նախաքննության փուլում է: Եթե բոլոր անձինք հարցաքննվել են, եթե այլեւս դատախազությունը համարում է, որ բավարար հիմքեր ունի գործը դատարան ուղարկելու համար, կալանքի տակ գտնվելն անտրամաբանական է. բոլոր ցուցմունքները տրված են, այլեւս ինչի՞ վրա պիտի ազդի Աշոտյանը: Մարդիկ եկել, ենթադրում եմ նաեւ իրենց ներկայացուցիչների հետ, ցուցմունքներ են տվել, ապացույցներ վերացնելու հնարավորություններ էլ չունի, որովհետեւ, ենթադրվում է, որ բոլոր ապացույցները պիտի հավաքված լինեն: Այս իմաստով, անտրամաբանական է շարունակել պահել կալանքի տակ»:

Մեր զրուցակիցը մեծ կասկածներ ունի նաեւ երկրից բացակայելու հանգամանքի հետ կապված, որովհետեւ այժմ կա «ՍԵԿՏ» համակարգ, որի միջոցով հնարավոր է փակել անձի՝ ՀՀ-ի սահմանները լքելու հնարավորությունը, նաեւ՝ Աշոտյանը եթե ցանկանար գնալ՝ կգնար մինչեւ քրեական գործը. «Եվ այնպես էլ չի, որ մեծ թվով մարդիկ, ում վերաբերյալ քրեական գործեր են հարուցված եղել, այդ թվում նաեւ այս իշխանության ապաշնորհության, իշխանության հետ պայմանավորվածությունների, թե կոռուպցիայի արդյունքում, չեն լքել ՀՀ սահմանները: Բազմաթիվ մարդիկ լքել են եւ, այսպես ասած՝ մի Աշոտյան ավել կամ պակաս, առանձնապես բան չէր փոխվելու: Անկեղծ, ես կարծում էի, որ գործը դեռ նախաքննության փուլում է, իսկ դա էականորեն փոխում է իրավիճակը. նախաքննության փուլում, հեղինակություն ունեցող, հնարավորություններ, հմտություններ, կապեր ունեցող մարդիկ, իսկապես, կարող են ազդել նախաքննության փուլի վրա՝ վկաների ցուցմունքներ տալու, ապացույցներ վերացնելու, բայց, եթե այլեւս գործը դատարանում է եւ դատախազությունը համոզված է, որ բավարար հիմքեր ունի մեղադրանք առաջադրելու եւ գործը դատարան ուղարկելու համար, սա նշանակում է, որ իրապես խնդիր կա»:

Իրավապաշտպանը երեկ հետեւել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով նիստին. «Իհարկե, տխուր պատկեր է, որովհետեւ զգացվում է, որ մարդը վատառողջ է: Այն, ինչը ես հիմա տեսնում եմ դատարանում, դա կոնկրետ Աշոտյանի նկատմամբ վերաբերմունք չի, դա արդարադատության հետ աղերս չունեցող գործընթացներ են եւ անիմաստ եմ համարում ժամանակ ծախսել, նայել, երբեմն նյարդերս էլ չեն բավարարում: Եթե քաղաքական ենթատեքստ կա, եթե քաղբանտարկյալ է՝ ի՞նչ կապ ունի՝ նախկինների՞ց է, թե՞ ներկաներից, դա անձի անձնական տվյալներից կախված չէ, դա պետության խնդիրն է արդեն»:

Դիտարկմանը, որ նախկինում բոլոր իրավապաշտպանները շատ ավելի ակտիվ էին, մանավանդ, քաղաքական տարրեր ունեցող գործերով, մինչդեռ այժմ պասիվությունը նույնիսկ բավականին նկատելի է, Նինա Կարապետյանցն արձագանքեց. «Օրինակ, կան գործեր, որոնցով ես համոզմունք ունեմ, որ տվյալ անձն իսկապես այդ արարքն արել է եւ մինչեւ չլինի դատարանի վճիռը, իհարկե, չեմ պնդի, անուններ էլ չեմ տա, որ անմեղության կանխավարկածը չխախտվի: Բայց ես համոզված եմ, որ իրենք դա արել են: Այլ խնդիր է, թե, ե՞րբ է սկսում օգտագործվել քրեական գործի հարուցումը, կալանքը եւ այլն: Այսինքն, եթե այդ մարդը տասնյակ տարիներ աշխատել է, ղալլաթ է արել ու դու դա չես տեսել մինչեւ այդ մարդուն՝ ինչ-որ պաշտոնի ընտրվելը, հանկարծ հետո ես տեսնում, դա, իհարկե, հետապնդում է: Այստեղ է, որ, օրինակ, ինձ մոտ խնդիր է առաջացնում. այսինքն, բուն քրեական գործի հարուցումն ինձ համար քաղաքական հետապնդում չի, ես համարում եմ, որ այդ գործերը շատ վաղուց պիտի հարուցված լինեին, դեռ նախկինների օրոք պետք է հարուցված լինեին: Իսկ թե ե՞րբ են հարուցում, այ դա շատ կասկածելի է: Ինչո՞ւ իմ գործընկերները դրա մասին չեն խոսում կամ էլ զգուշավոր են խոսում, ես բոլորի փոխարեն պատասխան տալ չեմ կարող: Այդ հարցում ես իմ գործընկերների հետ ունեմ շատ մեծ տարաձայնություններ. մենք այդ հարցում համաձայն չենք իրար հետ: Անուններ չտամ էլի, որովհետեւ… բաց են, բոլորինն էլ տեսնում եք, թե ինչ է կատարվում… մեծ խնդիր ունեն, որովհետեւ տարբեր կազմակերպությունների անդամներ, իրենց թիմակիցներ, դարձել են բարձրաստիճան պաշտոնյաներ, խնդիրներ ունեն, որովհետեւ ծրագրեր ունեն, ծրագրեր են իրականացնում եւ չեն ուզում հարաբերությունները վատթարացնել, բացատրում են նրանով, որ չեն ուզում Հայաստանի ժողովրդավարական վարկանիշը գցեն, որովհետեւ, իբր, Արեւմուտքն, այսպես ասած, աջակցում է Հայաստանին, որովհետեւ երկիրը ժողովրդավարական ճանապարհով է գնում, բայց, արդյունքում չխոսել խնդիրների մասին՝ անհարմար անեկդոտ կա, չեմ ուզում պատմել, եթերային չի: Դա ոչ մի արդյունքի չի բերելու, դա ՀՀ-ին օգուտ չի բերելու, միայն վնասելու է: Ես համարում եմ, որ խնդիրների մասին խոսելը, ազնիվ լինելը, մեր կարգավիճակին համապատասխանելով հասարակությանը տեղեկացնելը՝ յուրաքանչյուրիս պարտականությունն է: Իշխանություններին անընդհատ խնդիրների մասին հիշեցնելը, ստիպելը, որ դուրս գան լոյալ իրավիճակից, երբ իրենք անսահման իշխանություն ունեն, քաղհասարակության պարտականությունն է: Ոչ մի այլ արդարացում ինձ համար ընդունելի չէ: Երկիրը ժողովրդավարական է, երբ քաղհասարակությունը խոսում է խնդիրների մասին, ոչ թե գլուխը կախում է, տմտմբացնում է եւ իշխանության ամեն գործողությունների հետ համաձայնվում է եւ կապ չունի, թե ո՞վ է իշխանությունը»:

Հիշեցնենք, Արմեն Աշոտյանը մեղադրվում է իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ փողերի վատնում, փողերի լվացում կատարելու մեջ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031