Արցախից բռնի տեղահանված 29-ամյա Զոյա Պետրոսյանը Գյումրի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում՝ նախկին ծննդատանը, հունվարի 5-ին լույս աշխարհ է բերել իր առաջնեկին։ 3 կիլոգրամ 50 գրամ քաշով ծնված աղջնակին անվանել են Ուլյանա, այդպես է ցանկացել հայրը՝ Արմեն Առուստամյանը, որը, ցավոք, չհասցրեց տեսնել դստերը։
Նա սեպտեմբերի 20-ին զոհվել է Ստեփանակերտում՝ պայքար մղելով թշնամու դեմ՝ իր զորամասը պաշտպանելու համար։
«Մենք բնակվում էինք Ստեփանակերտում, տարհանվեցինք սեպտեմբերի 28-ին, մորս հետ բնակության եմ հաստատել Գյումրիում։ Այս ջերմ քաղաքում էլ ծնվեց մեր առաջնեկը, որին շատ էինք սպասում, բայց Աստված չկամեցավ, որ հայրը տեսնի իրեն։ Սեպտեմբերի 20-ին, գիշերվա ժամը 3-ին իմացա, որ զոհվել է։
Նա երազում էր աղջիկ ունենալու մասին, անգամ անունն էր որոշել, ես էլ իր երազանքը կատարեցի, անունը Ուլյանա դրեցի», -ասում է Զոյա Պետրոսյանը։
Կարդացեք նաև
Նա պատմում է՝ 7 ամիս էր, ինչ ամուսնացել էին, երբ սկսվեց Արցախից բռնագաղթը։
«Բլոկադայի ժամանակ ես հղի էի, բայց ամուսինս, փառք Աստծո, ամեն ինչով ապահովում էր, նեղություն չեմ կրել, սոված չեմ մնացել, վիտամինների պակաս չեմ զգացել։ Բայց, իհարկե, տիրող իրավիճակն ազդում էր բոլորիս վրա, հացի գիշերային հերթերը․․․ Ճիշտ է՝ ես չէի հերթ կանգնողը, ամուսինս էր բերում, այդուհանդերձ, տեսարանը ճնշող էր»։
Նա պատմում է, որ ամուսնու հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 19-ին, ժամը 13․00-ին։
«Ճնշման խնդիր ունեի, հիվանդանոցում էի, զանգեց, հարցրեց՝ ինչպես ես։ Այդ օրը երկու անգամ զանգել էր, վերջին անգամ ասաց՝ լավ մնացեք, երեխուն լավ կնայես, ես հետո կզանգեմ։ Անջատել է հեռախոսը, ու սկսել է գրադը խփել։ Հետո ես իրեն զանգում էի, բայց այլևս անհնար էր կապ հաստատելը։ Երկու օր ոչ մի տեղեկություն չկար, գիշերը գտան իրեն զորամասում։ Ամուսնուս եղբայրը որտեղ ասես ման չի եկել իրեն՝ էլ հիվանդանոցներ, էլ դիահերձարան, էլ տեղ չէր մնացել․․․
Մի կերպ ռուսների օգնությամբ հանել ենք դին զորամասից, բենզինի խնդիր կար, որ տեղափոխեինք, բայց հարազատները՝ եղբայրը, մայրը, քույրն ամեն ինչ արեցին, որ տեղափոխենք Եռաբլուր, հուղարկավորենք։
Յուրահատուկ բնավորություն ուներ, ինչքան հոգատար էր, երեխասեր էր, ինչ ձևով էր սպասում մեր բալիկին, երազում էր, որ ծնվի, մեծանա, ձեռքը բռնի, ման գա։ Երազանքը չկատարվեց։ Փառք Աստծո մեր աղջիկը ծնվեց առողջ, բայց դե առանց հորը տեսնելու․․․»,-հուզվում է Զոյա Պետրոսյանը։
Նա պատմում է, որ ամուսնուն կորցնելուց հետո կորցրեց հայրենիքը։
«Գնացինք ռուսների մոտ, նրանք երկու օր մեզ իրենց մոտ պահեցին, հետո ավտոբուսներով տեղափոխվեցինք Գորիս։ Իսկ Գորիսից մեզ մեքենայով ուղարկեցին Աղվերան, որտեղ մի ամիս մնացինք հյուրանոցներից մեկում։ Հետո տուն վարձեցինք Գյումրիում ու տեղափոխվեցինք այստեղ։
Հարմարվել եմ այստեղ, ուղղակի աշխատանք գտնելու առումով է դժվար, գուցե գտնեմ ու կարողանամ նորից ստեղծել։ Ճիշտ է՝ դժվար է զրոյից սկսելը, բայց կփորձեմ անել հանուն երեխայիս, որպեսզի պահեմ, մեծացնեմ, կրթության տամ։
Գյումրիում շատ լավ են վերաբերվում, բայց շատ եմ կարոտում Ստեփանակերտը։
Ինչքան լավ են վերաբերվել ինձ Գյումրու ծննդատանը, բառեր չեմ գտնում շնորհակալություն հայտնելու բժիշկներին, թեև գիտեմ իրենք իմ գովաբանության կարիքը չունեն, բայց ուրախ եմ, որ ընտրել եմ հենց այս ծննդատունը։ Ես գոհ եմ նրանցից, իմ փոխարեն իրենք են ամեն ինչ անում ինձ համար։ Այսօր դուրս եմ գրվում հիվանդանոցից, ինձ նվերներով ճանապարհում են», -ասում է Զոյա Պետրոսյանը։
Նա բնակվում է մոր հետ, որը Բաքվի ջարդերի ժամանակ տեղափոխվել է Ստեփանակերտ, երեք պատերազմ է տեսել, կորցրել ամուսնուն։ Ընտանիքին միակ ժպիտը պարգևողը նորածին Ուլյանան է։
«Ճիշտ է՝ չեմ կարող հոր տեղը լրացնել, բայց ամեն ինչ կանեմ, որ անհոգ մեծանա, իմ առաջին թոռնուհին է», -ասում է տատիկը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Փոխե՛ք այս վերնագիրը․․․
Հետո էլ Սամվել Շահրամանյանին մեղադրում են հայկական զինված ուժերի մասին թուղթ ստորագրելու մեջ։