«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը արձագանքելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին եւս երեք ամիս կալանքի տակ պահելու մասին հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի երեկ կայացրած որոշմանը՝ ահազանգ հնչեցրեց միջազգային բոլոր կառույցներին։
«Նորից ահազանգում եմ միջազգային կառույցներին, որ հետո չասեն, բա ինչու չէիք տեղեկացրել։ Խնդիր է դրված ցանկացած գնով, եթե անգամ այդ գինն արժենալու է Արմեն Աշոտյանի կյանքը, լռեցնել Արմենին, որովհետեւ նիկոլական ռեժիմը Արմենին չի կարող գնել, չի կարող կոտրել, Արմենին չի կարող սարքել գրպանային , ինչպես սարքել է բազմաթիվ ընդդիմադիրների։
Հիմա ես ահազանգ եմ հնչեցնում․Արմեն Աշոտյանի կյանքը վտանգի տակ է։ Իմ այս ահազանգը ուղղում եմ նաեւ միջազգային կառույցներին։ Երբ ես միջազգային իմ գործընկերների հետ խոսում եմ մեր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մասով, ասում են, բա ինչի՞ ժամանակին չեք ահազանգել։ Հիմա ահազանգում եմ։ Այս ռեժիմը որոշել է սպանել Արմեն Աշոտյանին, որովհետեւ խայտառակ դատական ֆարսի, որին ես ամեն դատական նիստին ականատես էի լինում, ապոգեյը երեկվա դատական նիստն էր։
Նիստը նախագահողը, որ էլ չգիտեր ինչ աներ, որպես կանոնակարգի խախտում Արմեն Աշոտյանին ասում էր․ «Դուք իմ ուղղությամբ չեք նայում», «Դահլիճում ինչ-որ մեկի ծամոնի ճտտոցը լսեցի»։ Կամ, երբ տուժող ճանաչված Գալինա Հարությունյանը ասում է, որ ինքը տուժող չէ, հրաժարվում է տուժող լինելուց։ Երբ որ իբր գաղտնալսման պերսոնաժ վկաներին Արմենը հստակ ասում է․ «Ինչ ասեմ։ Գնացեք, իմ դեմ ցուցմունք տվեք, գնացեք, իմ անունը տվեք»։ Այսինքն, նա ոչ միայն չի ուղղորդել, չի ազդել վկաների վրա, այլ ասել է․ «Եթե ձեր մերձավորներին փրկելու համար պետք է, որ իմ դեմ ցուցմունք տաք, գնացեք եւ իմ դեմ ցուցմունք տվեք։ Ավելին, ես խոստանում եմ, որ դատարանում չեմ ասի, որ դուք կեղծ ցուցմունք եք տվել եւ դատարանում կլռեմ»։ Ու այսքանից հետո նիստը նախագահողը անամոթաբար հայտարարում է, որ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու ռիսկերը մնում են ուժի մեջ եւ երեք ամսով երկարաձգում է Արմենի խափանման միջոցը։Այսինքն, մինչեւ ապրիլի 13-ը ։
Կարդացեք նաև
Հիմա ասում եմ, դեսպանատներ, միջազգային կառույցներ, ընդդիմադիր ողջ դաշտ, որ մինչեւ հիմա լռել եք, այսօրվանից պետք է աղմուկ բարձրացնեք Ես, որպես ՀԿ նախագահ, կրկին եւ մշտապես, երեկ եւս հերթական անգամ արդեն ահազանգել եմ միջազգային բոլոր կառույցներին, որ այս ռեժիմը որոշել է սպանել իր ամենաարմատական, ամենաուժեղ, ամենաչկոտրվող ընդդիմախոսներից մեկին»,-ասաց տիկին Զոհրաբյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից