«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում խոսելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը հերթական անգամ երեք ամսով երկարեցնելու մասին հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի կայացրած որոշման մասին՝ ասաց․ «Ես հիմա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ զգացողություն ունեմ՝ խնդիր է դրված դատարանում սպանել Արմեն Աշոտյանին, ինչպես սպանեցին Արմեն Գրիգորյանին։
Մշտապես ասել եմ, որ Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանի համար լրջագույն հակառակորդ է, որովհետեւ Արմեն Աշոտյանը ինտելեկտուալ է, չկոտրվող տեսակ է։ Բոլոր նրանց, ում Նիկոլ Փաշինյանը չի կարողանում կոտրել եւ սարքել իր գրպանային ընդդիմությունը, ինչպես բազմաթիվ չակերտավոր ընդդիմադիրների արեց այս տարիների ընթացքում, փորձում է նրանց հետ այլ տեսակի հաշվեհարդարներ տեսնել։
Ես գիտեմ, որ Արմենը չէր ուզենա, որ ես հիմա այս մասին խոսեի, բայց պիտի ասեմ,․ Արմենը առողջական լրջագույն խնդիրներ ունի, ողնաշարի երկու ծանրագույն վիրահատություններ է տարել։ Արմենի տեսակին փակել չորս պատերի մեջ, սրա հեռահար նպատակը մեկն է։
Ես հիմա դիմում եմ ընդդիմադիր դաշտի բոլոր խաղացողներին։ Երեկ շատ լավն էր դաշնակցական Գեղամ Մանուկյանի խոսքը դատարանի դահլիճում։ Բայց ես չեմ տեսնում բացի Արմենի կուսակցությունից, ընդդիմադիր դաշտի պայքարի կոնսոլիդացիա՝ ընդդիմադիր դաշտի ամենալուրջ հականիկոլականի՝ Արմեն Աշոտյանի համար։ Մի արեք այդպես։ Ես գիտեմ, որ ընդդիմադիր դաշտը հիմնականում ավելի շատ զբաղված է իրար դեմ պայքարելով, քան թե Նիկոլ Փաշինյանի։ Բայց այսպես Նիկոլ Փաշինյանը հատ-հատ կոտրելու է կամ փորձելու է կոտրել բոլոր այն քիչ մնացածներին, որոնք չեն ճկռում եւ չեն դառնում Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման գրպանային ընդդիմությունը, ինչպես տեսնում ենք խորհրդարանում։ Բազմաթիվ ընդդիմադիրներ, որոնք 2021 թվականին Նիկոլին հեռացնելու ինչ-որ լոզունգներով եկան խորհրդարան, վերցրեցին մանդատներ, բայց այսօր իրենց միսիան մեկն է․ խելոք, հնազանդ սպասարկել նիկոլական ռեժիմը»։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից