Հունվարի 9-ի լուսադեմին Վարդենիսի մարտական դիրքերից մեկում, նախնական տվյալներով, սպանված Ոսկեվազի բնակիչ Կարեն Կարապետյանը վերջին անգամ երեկ էր խոսել ընտանիքի անդամների հետ, երբեւէ չի դժգոհել ծառայությունից:
Այս մասին Aravot.am-ին հայտնեց Ոսկեվազ վարչական շրջանի ղեկավար Երվանդ Համբարձումյանը:
«Նոր եմ իրենց տնից դուրս եկել, ծառայակիցների հետ լարված հարաբերություններ ունենալու մասին խոսակցություն չի եղել նույնիսկ եղբոր հետ: Միշտ ասել է՝ լավ է: Վերջին անգամ երեկ է խոսել, ասել ՝ ամեն ինչ նորմալ է, ոչ մի դժգոհություն կամ անհանգստություն չի հայտնել: Ինքնասպանության վարկածը բացառվում է, լարված հարաբերությունների մասին էլ չի հայտնել, ընտանիքի անդամները մտածում են՝ գուցե թշնամու կրակոցից է սպանվել, ասում են՝ դիրքերից կարող է թշնամին է կրակել: Մի ժամ է՝ ինչ լսել են որդու մահվան լուրը»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին, թե սպանված սպան լարված հարաբերություններ է ունեցել համածառայակցի հետ:
Կարեն Կարապետյանն ավարտել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ու «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում էր արդեն վեց ամիս իրականացնում ծառայությունը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ