«Առավոտի» զրուցակիցն է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
-Պարոն Խաչատրյան, Նիկոլ Փաշինյանը տարին սկսել է տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների թերությունները բացահայտելով, պաշտոնանկություններ է անում։ Ի՞նչ նպատակ են հետապնդում նրա այս գործողությունները, փորձում է մարդկանց ուշադրությունը շեղե՞լ ավելի կարեւոր հարցերից։ Եվ ի վերջո, արդյոք այս թերացումները չե՞ն ապացուցում, որ հենց ինքն է ձախողել կառավարումը։
-Փաշինյանը տեսնում է, որ իր կառավարությունը ձախողել է բոլոր բնագավառներում։ Եվ քանի որ կառավարությունը ձախողել է, իսկ կառավարությունն ասոցացվում է անձամբ իր անվան հետ, ինքը փորձում է մեղավորներ կարգել։ Ժողովրդի ու իր հետեւորդների մոտ փորձում է տպավորություն ստեղծել, որ ինքն ուժեղ, պահանջկոտ, սրտացավ ղեկավար է, բայց դե ինքը մեղք չունի, որովհետեւ իր շրջապատում կան անբան, անտաղանդ մարդիկ, բայց ինքն այնքան խիստ ու ազնիվ է, որ պատրաստ է պատժել իր թիմակիցներին, որոնք գործը ձախողել են։
Ձուկը գլխից է նեխում, բայց պոչից են սկսում մաքրել։ Ակնհայտ է, չէ՞, որ ինքն է բոլոր բնագավառներում ձախողել՝ սկսած դպրոցաշինությունից ու ճանապարհաշինությունից։ Հիշո՞ւմ եք, իրենց խմբակցության պատգամավորներից մեկը, կարծելով, թե խոսափողն անջատված է, ասել էր՝ ճանապարհ են կառուցում, երկու ամիս հետո քանդում են։
Կարդացեք նաև
Տեսնում ենք, թե պաշտպանական բնագավառն ինչ վիճակում է, տեսնում ենք արտաքին քաղաքականությունում ի՞նչ վիճակ է, ինչ է կատարվում տնտեսությունում։ Ինքը ձախողել է, բայց իր սովորության համաձայն՝ մեղավորներ է փնտրում։ Այլեւս մարդիկ զզվել են նախկինների դեմ մեղադրանքները լսելուց։ Ինքը չի կարող ասել, որ նախկիններն են մեղավոր, որ զուգարանում թափանցիկ ապակիներ են դրել։ Հիմա սկսել է իր շրջապատում մեղավորներ փնտրել, միայն թե որեւէ մեկը չկարողանա իրեն մեղադրել։
-Նիկոլ Փաշինյանն իր կառավարման տարիներին լուրջ խնդիրներ է ստեղծել Հայաստանի ու Արցախի համար։ Նրա քաղաքականության հետեւանքով հանձնվել է Արցախը, ռազմական գործողությունների միջոցով բռնազավթվել են Հայաստանի տարածքները, 2020 թվականի պատերազմից հետո առանց ռազմական գործողությունների հակառակորդին են հանձնվել Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի բարենպաստ դիրքերը։ Ո՞վ պետք է պատասխան տա այս ամենի համար։
-Ինքը փորձում է այսպես մանր հարցերը բերել օրակարգ, ժանտախտի պահին քեֆ է կազմակերպում։ Դեկտեմբերի 19-ին եկավ տոնածառի լույսերը վառեց։ Դրանից ուղիղ երեք ամիս առաջ ադրբեջանցիներն Արցախի Հանրապետությունում վառում էին հայկական գյուղերն ու քաղաքները։ Ագրեսիա կազմակերպեցին Արցախի Հանրապետության դեմ՝ Հայաստանի լուռ եւ դավաճանական անտարբերության պայմաններում։ Եվ ինքը տոնածառի լույսերը վառելու համար հենց ամսի 19-ն ընտրեց։
Այո, ճիշտ նկատեցիք, նախ ինքը փորձում է օրակարգից շեղել, որ այս հարցերը չբարձրաձայնվեն։ Հատկապես որ արդեն հնարավոր չէ թաքցնել, որ այն, ինչ ներկայացնում են որպես «խաղաղության պայմանագիր», իրականում Հայաստանի ստրկացման պայմանագիր է։ Իսկ երկրի վիճակի համար մեղավոր է երկրի ղեկավարը, հատկապես հաշվի առնելով այն ավտոկրատ պայմանները եւ անձի պաշտամունքը, որը մենք ունենք։
Մեղավոր են բոլոր նրանք, որոնք հանուն իրենց պաշտոնի Փաշինյանի հլու-հնազանդ հետեւորդներն են։ Ամբողջ կառավարությունը, քաղաքական պաշտոն զբաղեցնող բոլորը Փաշինյանի հետ պատասխանատու են, բայց գերագույն մեղավորն ու պատասխանատուն անձամբ Նիկոլ Փաշինյանն է։ Արցախը հայաթափվեց իր օրոք, Ադրբեջանը Հայաստանից տարածքներ գրավեց իր օրոք, Ադրբեջանը Հայաստանի հետ երբեք այսքան ծաղրական ու քամահրական տոնով չի խոսել, ինչպես Փաշինյանի օրոք։
Այսպիսով՝ Փաշինյանը փորձում է ժողովրդի ուշադրությունը շեղել, իր իշխանությունը ամրապնդել։ Վերջերս էլ նախագահի ձեռքից նույնիսկ ԱԱԾ տնօրեն նշանակելու իրավասությունը խլեց։ Հասկանում է, որ կա դժգոհություն, փորձում է այդ դժգոհությունը մեղմել՝ խրախճանքներ կազմակերպելով։ Հին հռոմեական սկզբունքի համաձայն՝ հաց եւ խրախճանք։ Հաց չկա, խրախճանք է կազմակերպում։ Եվ ունիտազի որակ նայելը այդ խրախճանքի դրսեւորումներից մեկն է։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ