Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թերացումների հանրայնացումը և մարդկանց աշխատանքից ազատելը նախընտրական փիար ակցիայի մեկնարկի բաղկացուցիչ մասն էր. Դավիթ Անանյան. «Հրապարակ»

Հունվար 09,2024 10:59

2024 թվականը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց նախընտրական թամաշա հիշեցնող դրվագներով` պաշտոնանկություններ, վատ կախիչների եւ էժան ցնցուղի համար զայրույթ եւ այլն:

Թեմայի մասին զրուցել ենք ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի հետ:

Պարոն Անանյան, Նիկոլ Փաշինյանը 2024-ը մեկնարկեց բարկությամբ ու պաշտոնանկություններով: Նա իր թիմակիցներից մի քանիսին բոլորի աչքի առաջ նվաստացրեց, ապա ազատեց աշխատանքից: Առհասարակ, ի՞նչ կապ ունի Քաղաքաշինության կոմիտեի նախագահը դպրոցների կախիչների որակի հետ: Որքանո՞վ է այդ կառույցը պատասխանատու դպրոցների գույքի համար: Այդ խնդիրն առավելապես մարզպետարանների տիրույթում չէ՞:

– Այդտեղ գերատեսչական առումով պատասխանատուները երեքն են: Մարզպետարաններն այնքանով են պատասխանատու, քանի որ հանդիսանում են պատվիրատու, հետեւաբար՝ աշխատանքների հանձնողն են, Քաղաքաշինության կոմիտեն, ըստ էության, շինարարական աշխատանքների կատարման ստանդարտացման եւ դրանց վերահսկողության հետ կապված է պատասխանատու, իսկ ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարարությանը, ապա նախարարությունն էլ պատասխանատու է այնքանով, որ դպրոցների սպորտդահլիճները պետք է լինեն չափորոշիչներին համապատասխան: Այնպես որ, թեորիապես երեք կառույցներն էլ որոշակի պատասխանատվություն ունեն: Պարզապես կան ներքին խնդիրներ: Եթե Արմավիրի մարզի ինչ-որ դպրոցում Նիկոլ Փաշինյանն իր դժգոհությունն է հայտնել, ապա այդտեղ մարզպետի մեղավորությունն իսպառ բացակայում է: Խնդիրն այն է, թե արդյո՞ք ճիշտ հասցեատիրոջն են պատժել՝ այս կամ այն թերացման համար, թե ոչ…. Առհասարակ, աշխատանքներն ու դրանց վերաբերյալ թերացումները, դրանց հանրայնացումը եւ արդյունքում մարդկանց աշխատանքից ազատելը նախընտրական փիար ակցիայի մեկնարկի բաղկացուցիչ մասն էր: Հարցին պետք է նայել այդ տեսանկյունից, թե չէ երկրի վարչապետն ի՞նչ գործ ունի՝ գնա նայի, թե որ դպրոցի կախիչն է լավը կամ վատը: Կամ՝ դպրոցի ցնցուղի հետ ի՞նչ կապ կարող է ունենալ երկրի ղեկավարը: Այդ ակցիայի պոտենցիալ հասցեատերն ընտրողներն են, այս տեսանկյունից պետք է հարցին նայել: Տվյալ կառույցները, հավանաբար, ինչ-որ տեղ նաեւ թերացել են, սակայն թերացումն ու պատիժն անհամարժեք են: Այնպես որ, պետք է հասկանանք` տեղի՞ն էր պատիժը, թե՞ ոչ: Մենք՝ բոլորս, պետք է նկատենք, որ արտահերթ ընտրությունների մեկնարկը եւ նախընտրական քարոզարշավն ազդարարվեցին այդօրինակ պաշտոնանկություններով:

Դուք արմատներով Տավուշի մարզից եք: Տավուշի մարզում բոլոր դպրոցներն իդեալական վիճակո՞ւմ են, թե՞ քանի որ Տավուշի մարզպետը վարչապետի քավորն է, այնտեղ կարող են բոլոր թերությունները ներվել:

– Վստահաբար այնտեղ էլ կան խնդիրներ, բայց թիրախավորվել են ըստ էության այն մարզպետները, որոնք կուսակցական եւ նեղխմբային առումով առաջնային մերձավորների շրջանակներից չեն: Լոյալության առումով, աշխատանքից ազատվածները բավականին լոյալ մարդիկ են: Այսինքն` հարցին պետք է նայել երկու կողմից. պաշտոնանկ են եղել այնպիսի անձինք, որոնք դժվար քաղաքական օպոնենտ դառնան եւ հարեն կուսակցությանը, քաղաքական կլանին, եթե կարելի է նրանց էլիտա անվանել, ապա՝ էլիտային:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031