Հայը մնում է հա՞յ
Մեզ թվում է՝ երբ այլոց մասին մենք ասում ենք «թուրքը մնում է թուրք», «ռուսը մնում է ռուս», այլոք էլ մեր մասին նույնը չեն մտածում։
Առաջին հերթին կարող են նկատի ունենալ մեր պատմական պրիմիտիվիզմը, պետական մտածողության և պետականության ընկալման պատմական դեֆիցիտը, մեր նեղ անձնական մերկանտիլիզմը, իշխանությունը և պետական ռեսուրսները որպես անձնական հարստացման միջոց տեսնելու՝ էլիտաների մտածողության դեֆեկտը և այլ նման հատկանիշներ։
Մինչև մեր հավաքական միտքը չգիտակցի, որ մեր պատմական ողբերգությունների և սխալների հիմքում մենք ենք, և որ հայը պետք է սկսի փոխվել, ու չծնվեն նոր քաղաքական հոսանքներ, որոնք այդ գաղափարների կրողներն են և տարածողները, մեզ մշտապես ուղեկցելու են պարտությունները։
Կարդացեք նաև
Միայն նոր տարվա առաջին օրերին Հայաստանում և Ադրբեջանում հանրային դիսկուսիայի որակը ցույց է տալիս այս պահին երկուսիս պետական լրջության տարբերությունը։ Մեր հանրային օրակարգը պոկված ցնցուղն է, իսկ ադրբեջանականում քննարկում են, որ հունվարի 1-ից ԲՐԻԿՍ-ը դառնում է Ադրբեջանին սահմանակից (հաշվի առնելով, որ այս տարվանից կազմակերպության նոր անդամ է Իրանը)։ Ընդ որում, այս տարի ԲՐԻԿՍ-ում նախագահում է Ռուսաստանը։
ԲՐԻԿՍ-ը համաշխարհային տնտեսության հեռանկարն է, ու հետևաբար նաև՝ կարևորագույն քաղաքական-ուժային կենտրոն։
Հայաստանում ո´չ իշխանությունը, ո´չ ընդդիմությունը չեն խոսում այն մասին, որ ԲՐԻԿՍ-ը, որտեղ մենք կարող ենք ունենալ ստրատեգիական դաշնակիցներ, հասել է հենց մեր սահմանին, ավելի պարզ՝ հասել է Սյունիք։ Սյունիքի թեման փակելու, Հայաստանի՝ գետնին ընկած կշիռը բարձրացնելու ամենագրագետ հեռանկարը ԲՐԻԿՍ-ի հետ խոշոր տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելն է, ԲՐԻԿՍ-ի փողերով, հենց հիմա, հենց Սյունիքում և Հայաստանով մեկ։ Ընդ որում, ԵԱՏՄ-ում էլ այս տարի նախագահում է Հայաստանը։
Մենք ազգովի «ցնցուղ-ցնցուղ» ենք խաղում, անծրագիր ու առանց ստրատեգիական մտածողության էլիտաների առաջնորդությամբ մսխում պետականությունը։
Մենք սարքել ենք ՄԵԿ հոգու սպասարկող պետություն՝ իր բոլոր համակարգերով, ու զարմանում ենք թե ինչու է փլվում պետությունը։ Նիկոլն իր «դուշը» մեծ հաշվով տվել է պետական և հանրային բոլոր ինստիտուտներին՝ կիրարկման սեփական հայեցողությամբ։ Բաքվում ընթացող՝ Վագիֆ Խաչատրյանի դատը ոչնչով չի տարբերվում Երևանում ընթացող՝ Արմեն Աշոտյանի դատավարությունից. արդարադատության, իրավաբանության, ցինիզմի զրո տարբերություն։
Մենք հայերս ենք ձևավորել ստի, ստորաքարշության, լռելու, մանր շահի, իբր պայքարի մեր համակարգերը։ Իբր պետության մեր մոդելը ու հիմա զարմանում ենք, թե հակառակորդն ինչո՞ւ է ջարդում այն։
Մինչև չփոխենք հարցադրումները, մինչև չփոխենք մեր և աշխարհի հարցերին նայելու տեսանկյունը, մինչև չփոխվենք մենք, կորուստները լինելու են շարունակական։ Ոչ մի նոր տարի ոչ մի բան չի փոխելու. այսպես հանձնված նստած՝ տարեցտարի քարշ ենք տալու մեր ծանր, չլուծված հարցերն ու մեր իներցիոն, միայն դեպի փակուղի տանող պատկերացումները։ Հայը պիտի փոխվի, ուրիշ ճանապարհ չկա։ Սկզբում պետք է փոխվեն որոշումներ կայացնողները, մթնոլորտ ձևավորողները, հանրային օրակարգը, բարքերը, հետո՝ լայն հասարակությունը։
Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ
“Առաջին հերթին կարող են նկատի ունենալ մեր
ա) պատմական պրիմիտիվիզմը,
բ) պետական մտածողության և պետականության ընկալման պատմական դեֆիցիտը,
գ) մեր նեղ անձնական մերկանտիլիզմը, իշխանությունը և պետական ռեսուրսները որպես անձնական հարստացման միջոց տեսնելու՝ էլիտաների մտածողության դեֆեկտը և այլ նման հատկանիշներ։”
Լավ հարցադրում. ի՞նչ նկատի ունեն այլոք երբ ասում են “հայ”: Ամերիկայում, օրինակ, երբ ասում են “Irish” մտքին է գալիս գարեջուր, պար: Ավելի կրթվածները կմտածեն Ջ.Ջոյս, պոեզիա: Երբ ասում են “Russian” մտքին է գալիս օղին, Սպուտնիկ, Չայկովսկիյ, բալետ, խոկեյ: Ավելի կրթվածները կմտածեն պոեզիա, Դոստոևսկի,…: Երբ ասում են “Jew” մտքին է գալիս ֆինանսներ, Այնշտեյն, Հոլոկոստ, …: Ավելի կրթվածները կմտածեն Օպենհայմեր, Կիսսինջեր,…
Ինչպե՞ս է ձևավորվել այս ընկալումը: Կարծում եմ, Ամերիկայում ապրող իրլանդացիների, ռուսների, հրեաների ակտիվ շփումներից այլոց հետ: Ի՞նչն է որ հայերին չի բերել ճանաչելիություն: Կարծում եմ խնդիրը նրանում է, որ հայն իր մասին չափազանց մեծ կարծիք ունի (իր կարծիքի մասին մեծ կարծիք, իր ապրելաձևի …): Բայց մի՞թե դրանում նա կարող է շրջանցել հրեային: Ոչ, իհարկե: Հրեան ճանաչում է աշխարհը որպես հրեաներ և մնացածները, բայց նրանք սովորել են նավարկել այդ “այլոց” օվկիանոսում: Ո՞րն է հրեայի տակտիկան: Ավելի ճիշտ, այսպես ասեմ. ի տարբերություն հրեայի, հայը չի ենթարկում իր հատուկ լինելու ինքնավստահությունը փորձության: Որոշում է, որ ինքն ա որ կա ու մինջև կյանքի վերջ, որպես մանտրա ասում դա ինքն իրեն, իր երեխային…: Իսկ եթե մեկը հարցականի տակ է դնում, ոչ թե սկսում է մտածել թե ոնց եղավ որ տենց եղավ, այլ հռչակում է այդ մեկին թշնամի: Հեշտ ու հանգիստ… Հրեան միշտ գնում է առճակատման, փորձում և արդիականացնում իր հնարավորությունները: Որոշ դեպքերում նույնիսկ ընկերանում այդ մեկի հետ ով նշեց իր թուլությունը: Այս կարգի մարդիկ ընդունելի են հասարակության կողմից ու ցանկություն է լինում նրանց ճանաչել: Իսկ առաջիններից փորձում են խուսափել: Այսպես է որ Ամերիկայում գիտեն թե ինչ բան է իրլանդացի, հրեա, ռուս,… ու չգիտեն թե ինչ բան է հայ: Հայն ինքն իրեն մեկուսացրել է իր գոռոզության պալատներում (ոչ էլ ամրոցներ են):
Կարծում եմ նույն ինքնահավանությունից է բխում անշնորհակալ լինելը` մեկ այլ բան որ վանում է շրջապատը: Մենք, այստեղ բազմիցս ենք դեմ առել սրան: Հայը կօգտվի քո միջնորդությունից, օգնությունից ու մի առ ժամանակ անց կպատմի անցածը քեզ առանց ամաչելու, կարմրելու,… իբրև թե քեզ է արել բարի գործ ու դու պիտի գնհատես դա… Մենք ունենք ռուս, հրեա, շոտլանդացի, ամերիկացի, … ընկերներ, բառի բուն իմաստով` այս երևույթը բացակայում է այդ մարդկանց մոտ:
Վերջերս մեր ընկերոջ տանն էինք, ցանկացավ մեզ հաճույք պատճառել ու գիթառի վրա Օկուջավայի, Վիսոցկու երգերից հետո, նվագեց հայկական երգ: Նա Ղազախստանցի է, ավելի քան 30 տարի է ապրում է Ամերիկայում, խոսում է ռուսերեն.. Նվագեց “Արա վայ, վայ” ռուսերեն տեքստով: Ես չհարցրեցի թե ինչ ղազախական երգ գիտի, թե գիտի արդյոք որ Օկուջավայի մայրը հայ էր, Վիսոցկու խորթ մայրը (որն իրեն մեծացրեց ու որին նա շատ սիրում էր) հայ էր: Չհարցրեցի, որոհետև այդ ամենը կարևոր չէր: Կարևորը այն էր որ այս մարդը փորձում էր հայկական բան բերել մեր ամերիկական հանդիպմանը: “Ճնշելու”, “կզացնելու”, “նսեմացնելու” պահանջ չկա: Փարաջանովը կշշմեր եթե իմանար որ իր հայ լինելը ինչ որ մեկը օգտագործում է “ճնշելու”, “կզացնելու”, “նսեմացնելու” համար: Մինչդեռ, հարգելի Վահե, այս ախորժակը չի հագեցված հայի մոտ: Հայը անում է դա հայերի նկատմամբ: Հրեան անում է դա այլոց նկատմամբ, բայց երբեք իր ցեղակցի հանդեպ:
Այսքան պրիմիտիվիզմի մասին: Ամեն ինչը բխում է այս պրիմիտիվիզմից: Ես շատ եմ մտածում այս ամենի մասին ու այս պահին կարող եմ ասել հետևյալը.
մենք, որպես ազգ չենք հասունանում: Ծառը աճելու համար երեք բանի կարիք ունի` լույս, ջուր ու հող: Բնությունը կխնամի այդ ծառը: Ազգը աճելու համար նույնպես երեք բանի կարիք ունի` իմաստություն (լույս), ձիրք (ջուր) ու պետություն (հող): Մարդկությունը կճանաչի այդ ազգը: Ազգ դառնող ժողովուրդը իմաստությունը կուտակում է արհավիրքների միջով անցնելուց հետո, եթե ամենքը և բոլորը ձեռք են բերում միասնական լինելու գինը ու գիտակցումը: Ազգ դառնող ժողովուրդը ձիրք է վարժեցնում թվացյալ չնչինից հարստություն ստեղծելու:
Եվ, վերջապես, ձգտում ու համախմբվում է պետականության շուրջ, որի միակ իմաստն ու նպատակն է երազած հողը Հայրենիք դարձնելը: Միակ իմաստը: Ու երբեք, երբեք, նշաձողերի իջեցում: