Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական «ռեվիզոռռոն»

Հունվար 09,2024 10:00

Լինում է, որ ընտանիքում ամուսինը (կամ կինը) իրենց առջեւ նպատակ են դնում «վերխ հավաքել» ընտանիքի մնացած անդամների վրա: Հաճախ է պատահում, որ դպրոցում ուսուցիչն է ինքնահաստատվում՝ աշակերտին նվաստացնելով ու պատժելով: Կան բազմաթիվ հիմնարկներ, որտեղ ղեկավարն իրեն «ցարիբոգ» զգալով՝ հաճույք է ստանում հրահանգներ տալուց եւ աշխատակիցներին ճնշելուց: Կուսակցություններում առաջին դեմքը սովորաբար իր հանդեպ որեւէ վերաբերմունք չի ընդունում, բացի անվերապահ հիացմունքից: Պետական ղեկավարները նույնպես ունեն իրենց «կայֆերը», որոնք լավագույնս արտահայտվում են Քաջ Նազարի՝ «Գյադե՛ք, էս կողմ, գյադե՛ք, էն կողմ» հրահանգի մեջ:

Ցանկացած «իշխանավոր»՝ սկսած ընտանիքից, վերջացրած պետություններով, այս կամ այն չափով ունի վարքի նման, իմ կարծիքով, պաթոլոգիկ դրսեւորումներ: Համոզված եմ, որ նրանք բոլորը հոգեբանի աջակցության կարիք ունեն: Մասնագետը պետք է հասկանա՝ ի՞նչ պատճառներով, ինչի՞ համար են այդ մարդիկ «վրեժ լուծում», ի՞նչ է տեղի ունեցել նրանց նախորդ կյանքում, որ նրանք ձգտում են «տեղը հանել» եւ հասնել գերիշխելու (domination) բարձունքներին:

Փոքր երկրներում եւ գավառական միջավայրում հրահանգներ տալու ու պատիժներ սահմանելու ձգտումը հաճախ ձեռք է բերում, կարելի է ասել՝ «ծաղրանկարային» տեսք: 5,5 տարում մանկամիտ ինքնահաստատման մոլուցքն այս իշխանության մոտ պետք է որ ինչ-որ չափով հագենար: Բայց արի ու տես՝ վարչապետ Փաշինյանը շարունակում է «բռունցքը սեղանին խփել» եւ հայտնաբերել վոլեյբոլի ճղված ցանց, զուգարանի թափանցիկ դուռ, փչացած ցնցուղ եւ այլն: Այն բանից հետո, երբ նա այսքան հոյակապ ձեւով պաշտպանել է Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը, կատարյալ երջանկության համար մնում է լուծել այդ մանր խնդիրները:

…Ռուսաստանյան հեռուստաալիքներից մեկում մի քանի տարի շարունակ հաջողությամբ իրականացվում էր մի նախագիծ, որը կոչվում էր «Ռեվիզոռռո»: Լրագրող աղջիկն առանց զգուշացնելու մտնում էր ռեստորաններ, հյուրանոցներ, գիշերային ակումբներ, նման այլ տեղեր ու սկսում էր նկարահանումներ անել: Մի տեղ պաստառներն էին ծուռ կպցրած, մի տեղ զուգարանն էր խցանված, իսկ հասարակական սննդի օբյեկտներում չէին պահպանվում սանիտարական նորմերը: 2021 թվականին նախագիծը փակվեց, որովհետեւ, հեղինակների պնդմամբ, իրեն սպառել էր:

Որպես հեռուստաշոու՝ դա նայվում էր: Բայց երբ նման գործելակերպը դառնում է բարձրագույն պաշտոնյայի ինքնահաստատման գործիք, դա ինձ զավեշտալի է թվում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հայ says:

    Երբ պատժվում է չինովնիկը, բոլորը ուրախանում են,քանի որ չինովնիկը Հայաստանում ասոցացվում է անհոգի կամակատար պարազիտի հետ,որը, միայն մարդկանց վնասելու դիմաց, վարձատրվում է ։Բացի այդ, այդ չինովնիկը չգիտես թե ինչու, շատ հաճախ ունենում է առանձին կաբինետ,պետական մեքենա,վարորդ,քարտուղարուհի,ու քամահրական դեմքի արտահայտություն։
    Փաշինյանը շատ լավ գիտի,որ մարդիկ Հայաստանում միշտ պատրաստ են ողջունել կեղտոտ չինովնիկի նվաստացումը,(իսկ չինովնիկները բոլորն այդպիսին են,համենայնդեպս մեր ուղեղում) նրա աշխատանքից ազատումը, քանի որ միշտ հույս են փայփայել, որ կեղտոտ չինովնիկական ապարատը ոչ միայն ժողովրդի դեմ է աշխատում այլ նաև յուրայինների։
    Հույս, որ չինովնիկը կարող է ավելի շատ օգնել, քան թե վնասել,երբեք չի էլ եղել։

  2. Հ.Շ. says:

    Փաշինյանը, եթէ անէր ինչ որ նկարագրուած է վերեւը (պետական փողերով կատարուած շինարարութեան մանրակրկիտ ստուգում), առանց որ իր պատճառով կրած ըլլայինք այդքան անասելի – ու դեռ անաւարտ – կորուստներ, իր այս ըրածը՝ գովասանքի, հիացմունքի, ծափահարութեան արժանի կը հանդիսանար:

    Կոռուպցիայի դէմ կառավարական պայքար է: Զորս ստիպուած է ինք անձնապէս եւ ուղղակի կատարել, քանի որ ուրիշները իրենց գործը չեն կատարում: Եւ այդ ուրիշներէն ոմանք գոնէ, ստանում են իրենց իրաւացի – եւ նուազագոյն – պատիժը:

    Անհանդուրժելին այն է, որ միեւնոյն անձը տեսնում ենք այդպէս գոռոզ, խիստ ու խստապահանջ, կարծր, առիւծ կտրած՝ տունէն ներս, եւ թոյլ ու տկար, վախկոտ ու փախչոտ, ճղճիմ ու լպրծուն, ծնկաչոք աղերսող, տխեղծ մողէզ մը, պոչիկը բրդած զզուելի խլէզ մը՝ տունէն դուրս:

    Այդ ալ, մնացորդ ու մասնակի տուն մը միայն: Դեռ վտանգուած փլատակ մը, որուն մէկ մասը իսկ դեռ վստահ բան չէ, որ կը մնայ: Եւ ինք բարկանում, զայրանում, կատաղո՛ւմ է, որ զուգարանը լաւ չեն սարքել…

    Հայդուկ Շամլեան

    • Aha says:

      միեւնոյն անձը տեսնում ենք այդպէս գոռոզ, խիստ ու խստապահանջ, կարծր, առիւծ կտրած՝ տունէն ներս, եւ թոյլ ու տկար, վախկոտ ու փախչոտ, ճղճիմ ու լպրծուն, ծնկաչոք աղերսող, տխեղծ մողէզ մը, պոչիկը բրդած զզուելի խլէզ մը՝ տունէն դուրս

      I like it, excellent … կամ թումանյանական փոխաբերություններում մնալով՝ ներսում բազեզ արտեմ, դրսում՝ գյուղացի համբո 🙂

  3. Սարգիս Զեյթունյան says:

    Վերևի ծաղրանկարից ևս երկու հուշում մեր վարչապետին, որից հետո, հուսով եմ, մի 2-3 հպատակի գլուխ էլ կթչի: Տիկին Անդրեասյան, Դուք չգիտե՞ք, որ զամբյուղի վահանակը պիտի լինի բասկետբոլի դաշտի սահմաններում՝ 1.22 մետր եզրային գծից ներս: Եթե զամբյուղներից յուրաքանչյուրը պատին ամրանում է 4 ձողով, ուրեմն պատկան մարմինները 2x4x1.22, այսինքն մոտավորապես 10 մ պողպատյա ձողի փող կերել են: Խնդրում եմ պարզել դրանց շուկայական գինը: Երկրորդ՝ տիկին Անդրեասյան, զամբյուղից անդրադարձած գնդակի համար պայքարելիս երեխեքը գլուխները պատին կտան: Ինչի՞ համար. էլի՛ պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ ©:
    Նկատված թերությունների պատճառով առաջարկում եմ պաշտոնից հեռացնել ԱԳՆ նախարարին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահին:

  4. Հայ says:

    Փաշինյան
    -Վայ,վայ մատս փուշ մտավ այս ձեր շվեդական պատից։ Տիկին Անդրեասյան,շուտ այս փուշը հանեք մատիցս։
    ԱՆԴՐԵԱՍՅԱՆ(անհանգստացած)
    -Հիմա, պարոն վարչապետ։ Ա~~յ,…չի ստացվում,մի քիչ դեպի այս կողմ պահեք։
    ՓԱՇԻՆՅԱՆ (նյարդայնացած)
    -Տեսնես ինչպես է այս շվեդական պատը հայտնվել ստեղ։Դե վա’յր դրեք այդ ցնցուղը ի վերջո,չեք տեսնում,որ այն ձեզ խանգարում է։
    Անդրեասյան(վճռական)
    -Չեմ կարող, սա իրեղեն ապացույց է։Միգուցե մարզպետին հանձնեմ?
    ՓԱՇԻՆՅԱՆ (ցավի մեջ տապակվելով)
    -Ոչ, նա աշխատանքից ազատված է։
    Մարզպետ (շփոթված)
    -Շատ շնորհակալություն համատեղ աշխատանքի համար,պարոն վարչապետ,,շնորհակալ եմ,որ այդ մասին իմացա անձամբ Ձեզնից,այլ ոչ թե ընդդիմադիր մամուլից։Ազատման դիմումս մշտապես գրպանումս է,այն ես կհանձնեմ Ձեր աշխատակազմի ղեկավարին։
    ՓԱՇԻՆՅԱՆ
    -Բարի։
    ԱՆԴՐԵԱՍՅԱՆ (տքնելով)
    -Պարոն վարչապետ,չեմ կարողանում բռնել փուշը, շատ խորն է մտել։
    ՓԱՇԻՆՅԱՆ (նյարդային)
    -Ես ինքս կհանեմ։Պահե’ք այս կախիչը։(տալիս է կախիչը Անդրեասյանին): Ահա բռնեցի,ըհը ,ըհը ,հլը նայի հա, որ դուրս չի գալիս,շատ որակով փուշ ա հա, երևի միակ որակով բանը ստեղ, էս փուշն ա։(ծիծաղում է)
    ԱՆԴՐԵԱՍՅԱՆ։(ծիծաղելով)
    -Իրոք շատ որակյալ է, պարոն Փաշինյան,ինչ էլ մեծ է,կարծես շվեդական պատից չլինի, այլ չինական։
    ՓԱՇԻՆՅԱՆ (լրջացած)
    -Ձեր կատակը տեղին չէր և սա պետք է արձանագրել։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031