Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր հակաբիոտիկը արդյունավետություն է ցուցաբերել մահացու բակտերիայի դեմ պայքարում

Հունվար 09,2024 09:30

Հետազոտողները հայտնել են, որ հակաբիոտիկի նոր տեսակն արդյունավետություն է ցուցաբերել մահացու «սուպերբակտերիայի» դեմ պայքարում։

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ Acinetobacter baumannii-ն (CRAB), որը կայունություն է ցուցաբերում հակաբիոտիկների նկատմամբ, կարող է լրջագույն վարակներ հարուցել թոքերում, միզուղիներում և արյան մեջ։ Ցավոք, այն կայուն է ազդեցության լայն սպեկտրի հզոր հակաբիոտիկների՝ կարբապենեմների նկատմամբ։ 2017 թ․-ին CRAB-ը գլխավորել է ԱՀԿ-ի՝ հակաբիոտիկների նկատմամբ կայունություն ունեցող ախտածինների ցուցակը։

Հունվարի 3-ին Nature ամսագրում հրապարակված հետազոտությունում, սակայն, նշվում է, որ Հարվարդի համալսարանի ու Hoffmann-La Roche դեղագործական ընկերության հետազոտողները հայտնաբերել են, որ նոր տեսակի հակաբիոտիկը՝ զոսուրաբալպինը, կարող է սպանել A. baumannii բակտերիան։

Ինչպես CNN -ին հայտնել է դոկտոր Քենեթ Բրեդլին, զոսուրաբալպինն օգտագործում է ազդեցության բացառիկ մեխանիզմ․ «Սա նոր մոտեցում է ինչպես բուն միացության տեսանկյունից, այնպես էլ այն տեսակետից, թե ինչ մեխանիզմով է դեղամիջոցը վերացնում բակտերիաները»։

Նշենք, որ A. baumannii-ն գրամ բացասական բակտերիա է, այսինքն պաշտպանված է թե՛ արտաքին, թե՛ ներքին թաղանթով, ինչն ավելի է բարդացնում դրա դեմ գրոհը։ Այս հետազոտությունում գիտնականները նախ փորձել են նույնականացնել, ապա ճշգրտորեն մշակել այն մոլեկուլը, որը կկարողանա հատել այդ երկու թաղանթներն ու վերացնել բակտերիան։

Մի քանի տարի մի շարք միացությունների արդյունավետությունն ու անվտանգությունը բարելավելուց հետո հետազոտողներն ընտրել են մեկ մոդիֆիկացված մոլեկուլ։

Ինչպե՞ս է այն աշխատում։ Զոսուրաբալպինը կանխում է խոշոր մոլեկուլների՝ լիպոպոլիսախարիդների տեղափոխումը դեպի բակտերիաների արտաքին թաղանթը՝ թույլ տալով պահպանել պաշտպանիչ թաղանթի ամբողջականությունը։ Այդպիսով մոլեկուլները կուտակվում են բակտերիալ բջջի ներսում, և բջիջը, դառնալով ծայրահեղ թունավոր, մահանում է։

Հետազոտության ընթացքում զոսուրաբալպինն ազդել է CRAB-ի ավելի քան 100 օրինակների վրա։ Դեղամիջոցն այժմ անցնում է մարդկանց վրա կլինիկական փորձարկումների առաջին փուլը։

Չնայած որ զոսուրաբալպինը դեռ երկար ժամանակ չի կարող օգտագործվել մարդկանց բուժման համար, այն խոստումնալից հեռանկարներ է ուրվագծում շատ հիվանդությունների բուժման հարցում։ Այնուամենայնիվ, հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը շարունակում է մնալ առողջապահական հսկայական խնդիր ամբողջ աշխարհում։

Lancet ամսագրում հրապարակված 2022 թ․-ի վերլուծության համաձայն՝ 2019 թ․-ին աշխարհում մոտ 1,3 միլիոն մարդ մահացել է հակամիկրոբային դեղամիջոցների նկատմամբ դեղակայունության պատճառով։ Համեմատության համար նշենք, որ այդ տարի ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակն ու մալարիան համապատասխանաբար 860 000 և 640 000 մարդկանց մահվան պատճառ են հանդիսացել։

 

Ինչպես CNN-ի հետ զրույցում նշել է Փենսիլվանիայի համալսարանի դոցենտ Սեզար դե լա Ֆուենտեն․ «Կարծում եմ, ակադեմիական տեսանկյունից շատ հետաքրքիր է տեսնել նոր տեսակի մոլեկուլ, որը վերացնում է բակտերիաներն այլ եղանակով։ Մեզ անհրաժեշտ են ոչ ստանդարտ մոտեցումներ հակաբիոտիկների հայտնաբերման ճանապարհին, և սա լավ օրինակ է այդ տեսանկյունից»։

Հետազոտողները նշել են, որ հայտնագործության միակ թերությունն այն է, որ մոդիֆիկացված մոլեկուլն աշխատում է միայն կոնկրետ բակտերիայի դեմ, որի ոչնչացման համար էլ նախատեսված է։

Սակայն, ինչպես նշում է Դե լա Ֆուենտեն, այս մեթոդը կարող է ավելի լավը լինել, քան լայն սպեկտրի ազդեցության հակաբիոտիկներինը․

«Տասնամյակների ընթացքում մենք տարված էինք ամեն ինչ ոչնչացնող լայն սպեկտրի հակաբիոտիկների հայտնաբերման կամ ստեղծման գաղափարով։ Իսկ ինչո՞ւ չփորձել մշակել ավելի նպատակաուղղված հակաբիոտիկներ, որոնք ազդում են վարակ առաջացնող կոնկրետ հարուցիչի վրա, այլ ոչ թե մյուս բոլոր գործոնների, որոնք կարող են և օգտակար լինել մարդու համար»։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ CNN, Nature

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031