Լրահոս
Օրվա լրահոսը

Այ, էդ որ ուսուցիչներն ասել են՝ մենք չենք տեսել որեւէ բան, որը կվկայեր բռնության մասին, իսկ այդ որեւէ բանը ուսուցիչները գիտե՞ն ինչերն են. Արշակ Գասպարյան

Հունվար 08,2024 23:33

2023 թվականին Գավառում անչափահաս աղջկա՝ մոր կողմից սեռական, ֆիզիկական, հոգեբանական բռնության ենթարկվելու դեպքը   ամբողջությամբ բացահայտված է: Այս մասին Հանրայինի եթերով ասել էր Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Ըստ նրա՝ այս գործով կա երեք մեղադրյալ՝ պատվիրատուն, որը կալանավայրից է, բռնություն իրականացրած անձը՝ երեխաների մայրը ու տեսագրությունները տարածած անձը: Երեքի նկատմամբ էլ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Հիշեցնենք, որ աղջկա նկատմամբ բռնություն կիրառած կնոջ բոլոր հինգ երեխաները եղել են ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության մասնագիտացված ծառայողների հոգածության ներքո:

Իսկ արդյոք կատարվածից հետո Ոստիկանության համապատասխան վարչության մասնագիտացված ծառայողները, սոցիալական աշխատողները, որոնք պետք է հետեւեին երեխաների իրավունքների պաշտպանությանը, կատարվածի համար չպե՞տք է կրեին  պատասխանատվություն: Մեր այս հարցին պատասխանում է հոգեբան Արշակ Գասպարյանը. «Մենք բոլոր խնդիրների հետ հրշեջի պես ենք աշխատում, հենց խնդիր է լինում, փնտրում ենք մեղավորների: Բայց չենք աշխատում այն ուղղությամբ, որ խնդիրները նախապես կանխատեսենք ու դրանք կանխարգելենք: Սա վերաբերում է ոչ միայն երեխաների իրավունքների պաշտպանությանը, այլեւ մնացած ոլորտներին: Շատ ավելի հեշտ է մեզ մոտ ստացվում ինչ-որ մարդկանց ու կառույցների  պատասխանատվության ենթարկելը, էդ էլ, եթե ստացվում է:

Այս  իմաստով երեխայի ու ընտանիքի խնամքի հարցերը պետք է կատարելապես բարեփոխվեն ու լինեն պետության հոգածության  եւ ուշադրության կենտրոնում: Առհասարակ, եթե  երեխայի իրավունքների պաշտպանության խնդիրներ են առաջանում, համար մեկ կառույցը, որ պետք է զբաղվի խնդրով, սոցիալական ծառայություններն են: Գավառի ընտանիքի  դեպքով, երբ կային նախնական պատկերացումներ, ահազանգեր, առավել եւս պետք է արագ արձագանք լիներ: Զարգացող աշխարհը սոցիալական ծառայություններ է պատվիրակում, ոչ թե ոստիկանական: Իսկ ոստիկանությունն ինչպես է հաշվառել, կանխարգելել… սոցիալական ծառայություն-ընտանիք-դպրոց-ոստիկանություն այս կապը պիտի ամբողջական լիներ ու լինի, որ մենք կանխարգելենք նմանատիպ ցանկացած այլ դեպք:  Սոցիալական ծառայությունները պիտի կարողանային ճիշտ գնահատել կարիքները, դպրոցը պետք է լիներ շատ արձագանքող, ոստիկանությունը պիտի կանխարգելեր, որ բռնությունը չվերաճեր հանցագործության: Սա է պետության պոզիտիվ պարտականությունը՝ դեպքը տեսնել նախապես»:

Մեր զրուցակիցը, անդրադառնալով սոցիալական աշխատողների, երեխաների ուսուցիչների կողմից բռնություն չնկատելու մասին հայտարարություններին, շարունակեց. «Այ էդ որ ուսուցիչներն ասել են՝ մենք չենք տեսել որեւէ բան, որը կվկայեր բռնության  մասին, իսկ այդ որեւէ բանը ուսուցիչները գիտե՞ն ինչերն են: Եղունգների չխնամված  լինելուց մարզերի յուղոտությունից մինչեւ երեխայի փախուստը շփումներից՝ համադասարանցիներից, մեծահասակներից, երեխաների արձագանքը ուսուցչի դիտողություններին… սրանք այն դրսեւորումներն են, որտեղից շատ ակնհայտ կարող է լինել բռնությունը կամ դրա տարատեսակները: Բռնությունը անպայման չէ, որ երեխան կապտած աչքով պետք է հայտնվեր դպրոցում: Առավել եւս մենք դպրոցներում չունենք ու պետք էլ չէ որ լինի մարմնի ամբողջական զննություն մինչեւ դասի նստելը: Իսկ դուք ինչ գիտեք՝ այդ երեխայի մարմնի վրա ինչեր կան: Կա նաեւ մեկ այլ ցուցիչ՝ եղանակին ոչ համապատասխան հագնվելը, օրինակ՝ շոգ եղանակին շատ տաք հագուստներ հագնել, որ ուսերը, նախաբազուկը եւ մարմնի այլ մասերը չերեւան: Կամ երեխան ինչպես  է կարողանում նստել դասին, սեռական բռնության ժամանակ երեխաները, շատ դեպքերում, նույնիսկ չեն կարողանում նստել, առավել եւս երկար ժամանակով: Պետք էր հասկանալ, արդյոք ուսուցիչներն ունե՞ն այդքան գիտելիք՝ ինչպես տարբերակել բռնությունը կամ առնվազն դրա երեք տեսակները՝ սեռականը, հոգեբանականն ու ֆիզիկականը: Որովհետեւ ուսուցչի համար կարող է միայն  աչքի տակի կապույտն է համարվում բռնություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031