ԱԱԾ-ում մոտ մեկ տարի տևած նախաքննության ընթացքում 2023 թվականի տարեվերջին ամբողջությամբ հերքվեց Արմավիրի նախկին դատախազ Աշոտ Մարտիրոսյանի կողմից Ներինա Պինխասովայից կաշառք պահանջելու փաստը, քննությամբ պարզվեց, որ Ներինա Պինխասովան սուտ մատնություն է կատարել, վերջինս զղջացել է իր կատարածի համար, ապա խնդրել ներողություն եւ իր նկատմամբ մեղմ պատիժ կիրառել:
Նախկին դատախազը Aravot.am-ի հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ քրեական վարույթին, դրա հիմքերին ու պատճառներին:
«Այս իրավական գործընթացին զուգահեռ՝ իրականացվել է նաեւ իմ անձի պախարակման բարոյական գործընթաց, ինչի կապակցությամբ պատվիրատուները պատվիրել են հրապարակել տեղեկատվություն, թե իբր ԱԱԾ-ի կողմից վատ վերաբերմունքի եմ արժանացել: Ես հերքում եմ այս տեղեկատվությունը: Ամբողջ իրավական գործընթացը իրավական ֆոնի վրա է տեղի ունեցել: Ինչ վերաբերում է տարան, ծեծեցին, հայհոյեցին, ճամփեցին, էդ պատվեր տվողներին ժամանակին տարել են, ծեծել են, հայհոյել, ճամփել են, իսկ որեւէ մեկը ինձ ոչ արել է, ոչ էլ կարող էր… նյութեր են գրում՝ էս դատախազներին տարել են, ծեծել են, մենք իրավաբան մարիկ ենք, սաղից էլ շատ ենք կարդացել, մեր իրավունքները սաղից լավ գիտենք: Ձեզ թվում է, թե Մարտիրոսյան Աշոտը հանցագործության մասին հաղորդում չէ՞ր կարող տալ, սպասում էր ձեր հրապարակումների՞ն, թե՞ որպես տղա չէր կարող ԱԱԾ-ում իր ինքնասիրությունը պահել, պետք է տանեին, հայհոյեին, ծեծեին, ճամփեին: Հիմա երկրորդ գործընթացն է սկսվել էլի, հա լավ արդարացվել է, բայց մեկ է՝ ԱԱԾ-ն տարել է, ծեծել է: Մինչ օրս լրատվամիջոցներով տարածված տեղեկությունները հերքում եմ, այդ հրապարակումները ուղղված են եղել իմ անձի նվաստացմանը»,- մեզ հետ զրույցում ասաց նախկին դատախազը:
Կարդացեք նաև
Մեր զրուցակցի խոսքով, նախաձեռնված քրեական վարույթի մասով լիքը անպատասխան հարցեր կան, որոնց կպատասխանի, բայց ոչ հիմա. «Ես ամփոփիչ կարգով ելույթ կունենամ, դեռ վաղ է այդ ամեն ինչը, ոչ մի հարց անպատասխան չի մնալու… իմ հավատքը մեծ է, երկյուղածությունս Աստծուց է, ես հավատում եմ, որ մնացած ամեն մեկն ինչ արել է այս գործընթացում իր պատիժը Աստծուց կստանա, ես ոչ ներող եմ, ոչ՝ պատժող»:
Մեր հարցին՝ արդարացման որոշումից հետո պատրաստվո՞ւմ է վերադառնալ կրկին դատախազություն, ասաց՝ նման որոշում չունի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ