Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք է՞լ եք տուշոնկի հոտ առնում». Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ՝ եւս երեք ամսով

Հունվար 08,2024 20:25

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ. քիչ առաջ նման որոշում կայացրեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը՝ հայտարարելով, որ Արմեն Աշոտյանի կալանքի հիմքերի փոփոխություն տեղի չի ունեցել:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի հերթական ժամկետը լրանում է 2024 թվականի հունվարի 15-ին, ուստի, այսօրվա նիստում դատարանը քննեց Արմեն Աշոտյանի կալանքի հարցը: Մոտ չորս ժամ տեւած քննությունից հետո, դատարանը երկարաձգեց Արմեն Աշոտյանի կալանքը եւս երեք ամսով:

Պաշտպանական կողմը 40 միլիոն դրամ գրավ էր առաջարկել կամ տնային կալանք: Նաեւ անձնական երաշխավորություններ էին ներկայացվել: Արմեն Աշոտյանին կալանքից ազատելու համար անձնական երաշխավորություններ էին ներկայացրել Կոլումբիայի պաշտոնաթող նախագահ, Կենտրոնամետ Դեմոկրատների միջազգային միության նախագահ Անդրես Պաստրանան, ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ, Վրաստանի նախկին ԱԳՆ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի նախագահ Գեորգի Ծերեթելին, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը, Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանը, Աննա Մկրտչյանը, Տիգրան Աբրահամյանը, Հայկ Մամիջանյանը:

«Դուք է՞լ եք տուշոնկի հոտ առնում»,-դատավորի կողմից կալանքի երկարացման որոշումը հրապարակելուց հետո հռետորական հարց հնչեցրեց Արմեն Աշոտյանը:

«Անբարոյականության շքահանդեսը շարունակվում է»,- դատարանի դահլիճից դուրս գալուց առաջ հայտարարեց Արմեն Աշոտյանը:

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր շարունակվում էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նիստը սկսվեց ԵՊԲՀ արհմիության նախկին ղեկավար Գալինա Հարությունյանի՝ տուժողի հատուկ ներկայացուցիչ ճանաչելու հարցի քննարկմամբ: Հիշեցնենք, Գալինա Հարությունյանն առհասարակ հրաժարվում է սույն գործով նիստերին մասնակցել, քանի որ վիճելի ժամանակահատվածում ինքը չի հանդիսացել ԵՊԲՀ արհմիության ղեկավար: Գալինա Հարությունյանի պաշտպանը միջնորդեց՝ դադարեցնել ԵՊԲՀ «Մխիթար Հերացու» անվան արհեստակցական կազմակերպության՝ տուժողի կարգավիճակը,  քանի որ կազմակերպությանը տուժող ճանաչելու օրվա դրությամբ արհեստակցական միության գործունեությունը դադարեցված է եղել եւ նախաքննական մարմինը սա ընդունել է: Պաշտպանը միջնորդեց նաեւ դադարեցնել Գալինա Հարությունյանի՝ տուժողի լիազոր ներկայացուցչի կարգավիճակը: Հարցի մասին որոշման կայացումը դատավորը հետաձգեց:

«Նիկոլն անձամբ հայտարարել է նստեցնել Արմենին»,-նիստի ավարտից հետո հայտարարեց պաշտպան Տիգրան Աթանեսյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի նպատակն է, որ Արմեն Աշոտյանը իրենից ներողություն խնդրի, բայց նա դա երբեք չի տեսնելու:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031