Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արուճի Սբ. Գրիգոր Տաճար, VIIդ․

Հունվար 08,2024 21:12

Կաթողիկե տաճարը հիմնադրվել է միջնադարյան Արուճ ավանում և շրջա­պատված է պաշտամունքային ու աշխարհիկ կառույցներով և գերեզմանոցով: Հուշարձանախմբի գլխավոր կառույցը Սբ Գրիգոր տաճարն է, որից 20 մ հարավ գտնվում է հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանի սյունազարդ պալատը, 60 մ հարավ-արևելք՝ հուշարձանախմբի վաղագույն կառույցը՝ եռանավ բազիլիկ եկեղեցին (V դ.), որը հետագայում վերածվել է աշխարհիկ կառույցի, իսկ XII-XIII դդ. համալրվելով աշտարակներով՝ դարձել է դղյակ-ամրոց: Հուշարձանախմբի ներառում է նաև մատուռը և տաճարի շուրջ սփռված գերեզմանոցը:

Հուշարձանախմբից 200 մ հարավ-արևմուտք գտնվում է Արշակունիների ձմեռոց-զորակայանը, որը զարգացած միջնադարում համալրվել է միջնաբերդով, հյուսիսային կողմում՝ M1 մայրուղուն մոտ կանգուն է XIII դ. քարավանատունը:

Ըստ մատենագիր սկզբնաղբյուրների և շինարարական արձանագրության՝ Արուճի տաճարը կառուցել է հայոց ամենանշանավոր իշխաններից մեկը՝ Գրիգոր Մամի­կոնյանը 666 թ.: Նրա կառավարումը նշանավորվեց խաղաղ և շինարարական գործունեության շրջանով, երբ իշխանանիստ Արուճ ավանը դարձավ երկրի վարչական կենտրոնը: Կաթողիկեի օծումը կատարել է Անաստաս Ակոռեցի կաթողիկոսը:

Ըստ պահպանված վիմագրերի՝ եկեղեցին նորոգվել է 973 թ. և XV դ․: XIX դ. և XX դ. առաջին կեսում եկեղեցին ավերված ու լքված էր: 1949-1959 թթ. կատարվել են տաճարի ամրակայման և հիմնական նորոգման աշխատանքները, մաքրվել ու բարեկարգվել է շրջակայքը

Արուճի տաճարը մեզ է հասել առանց էական փոփոխությունների. միայն կործանվել է գմբեթը, չկան արևմտյան և հարավային որմնասյունազարդ շքամուտքերը, կղմիդրածածկն այժմ փոխարինված է քարե սալերով: Կաթողիկեն գմբեթավոր դահլիճ տիպի ամենամեծ, առավել կատարելագործված և լավ պահպանված կառույցն է: Նրա՝ արևելք-արևմուտք ձգված ուղղանկյուն կառուցվածքի կենտրոնական մասում երկու զույգ հզոր որմնամույթերի վրա իջնող լայնաթռիչք գմբեթակիր կամարներով ձևավորվել է գմբեթատակ քառակուսին և ստեղծվել է միասնական ներսույթ: Գմբեթատակ քառակուսուց փոխանցումը դեպի գմբեթի շրջանաձև հիմքը կատարված է առագաստների միջոցով:

Ավագ խորանի երկու կողմերում թաքստոցներով ավանդատներն են: Արտաքուստ արևելյան ճակատը ձևավորված է կամարաշարով պսակված եռանկյունաձև խորշերով, որոնք տեղադրված են աբսիդի և ավանդատների միջև: Տաճարն ունի երեք մուտք՝ արևմտյան, հարավային և հյուսիսային ճակատներում: Կաթողիկեն լուսավորվել է բոլոր ճակատներում բացված լայն պատուհաններով, որոնք պսակված են քանդա­կազարդ կամարունքերով: Քիվերը մշակված են հյուսածո զարդա­քանդակներով:

Ներքին տարածության գեղարվեստական ձևավորումն իրականացվել է որմնա­նկարազարդմամբ: Իր վայելչությամբ այցելուի ուշադրությունն է գրավում խորանի կենտրոնում պատկերված մոտ 7 մ բարձրությամբ Քրիստոսի կերպարը՝ ձեռքին գալարափաթեթ, որից մնացել է միայն ստորին մասը: Զարդագոտիով առանձնացված Քրիստոսի պատկերից ներքև պահպանվել են 12 առաքյալների պատկերաշարի մնացորդները: Որմնանկարներն արվել են Ստեփանոս նկարչի ձեռքով, VII դ․, աչքի են ընկնում կատարողական բարձր վարպետությամբ, հարուստ գունապնակով և կրում են արևելյան հելլենիստական արվեստի կնիքը:

Կաթողիկեի պատերին կան քարտաշ վարպետների բազմաթիվ նշանագրեր:

 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031