Լրահոս
Օրվա լրահոսը

Քերոբյանը՝ ԱՆԻՖ-ի ղեկավար կազմի փոփոխության մասին․ «Մեր նպատակն է, որ ԱՆԻՖ-ը լինի բյուրեղյա մաքրությամբ եւ թափանցիկությամբ ընկերություն»

Հունվար 08,2024 20:40

«ԱՆԻՖ-ում փոփոխություններ կլինեն, որովհետեւ մեր նպատակն է այնպես անել, որ ԱՆԻՖ-ը լինի բյուրեղյա մաքրությամբ եւ թափանցիկությամբ ընկերություն»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն՝ անդրադառնալով ԱՆԻՖ-ի ղեկավար կազմում օրերս կատարած փոփոխությանը։

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ օրերս ԱՆԻՖ-ում իրականացվել են ղեկավար կազմի, այդ թվում՝ տնօրենների խորհրդի փոփոխություններ։ ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները դադարեցվել են վաղաժամկետ։

Լրագրողի հարցին՝ արդյոք ԱՆԻՖ-ում այս փոփոխությունները կապ ունեն պետական վերահսկողական ծառայության ստուգումների հետ, ինչո՞ւ են Փափազյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել, Քերոբյանը պատասխանեց՝ IMF-ը (Արժույթի միջազգային հիմնադրամ, Ն․Բ․) անցած տարի հետազոտություն էր արել ու որոշ խնդիրներ հայտնաբերել հաշվետվողականության թափանցիկության, կորպորատիվ կառավարման մակարդակի վերաբերյալ, որից հետո անցյալ տարի կառավարությունը որոշում ընդունեց, որով ԱՆԻՖ-ի մանդատը փոխվեց։

Քերոբյանի ներկայացմամբ՝ եղել են քննարկումներ ԱՆԻՖ-ի մենեջմենթի հետ կապված, 2022-ի հաշվետվությունների վերաբերյալ քննարկումներ, ու չնայած միջազգային աուդիտորական ընկերությունները աուդիտի մաքուր զեկույց են ներկայացրել, այդուհանդերձ, ըստ նախարարի՝ նախարարությունը համարել է, որ այն ճշգրիտ չի արտացոլում ԱՆԻՖ-ի ֆինանսական արդյունքը․ «Դրա վերաբերյալ դիտողություններն ուղարկել ենք ԱՆԻՖ-ին, որից հետո կոլեգիալ որոշում է կայացվել, որ լինի փոփոխություն ԱՆԻՖ-ի մենեջմենթում, որի արդյունքում տնօրենները փոխվել են»։

Արդյոք խոսքն անարդյունավետ կառավարման մասին է, լրագրողի այս ճշտող հարցին ի պատասխան նախարարն ասաց՝ չեմ ուզում հիմա տալ կոնկրետ գնահատական․«Խոստանում եմ, ավելի ուշ կտամ։ Հիմա չունենք ամբողջական տեղեկատվություն։ Շուտով ԱՆԻՖ-ի թափանցիկությունն էլ կբարձրանա։ ԱՆԻՖ-ն իր այսօրվա մանդատով պետք է իր ջանքերը կենտրոնացնի տնտեսապես բարդ ապրանքների արտադրության վրա եւ արտահանման դիվերսիֆիկացման վրա։ Այս երկու գործառույթներն են լինելու մանդատում։ Մինչ այժմ արված ներդրումները կարող են մնալ ԱՆԻՖ-ի պորտֆելում, բայց նոր ներդրումները կլինեն իմ նշած ուղղություններում։ ԱՆԻֆ-ում փոփոխություններ կլինեն, որովհետեւ մեր նպատակն է այնպես անել, որ ԱՆԻՖ-ը լինի բյուրեղյա մաքրությամբ եւ թափանցիկությամբ ընկերություն»։

Նախարարը չպատասխանեց հարցին՝ արդյոք ԱՆԻՖ-ում չարաշահումներ եղե՞լ են, թե՞ ոչ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031