Խոշոր ծրագրեր կան մշակող արդյունաբերության, կապիտալ շինարարության եւ հանքարդյունաբերության ոլորտներում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա հայտնեց, որ այս տարի արդեն կաշխատի Ամուլսարի հանքը, այսինքն՝ հանքը կսկսի շահագործվել։
«Օրինակ` Ամուլսարը ենթադրվում է, որ մոտ 1000 նոր աշխատատեղ կբացի Վայոց ձորի մարզում։ Պլանավորում ենք, որ այս տարի արդեն Ամուլսարի հանքը կաշխատի, շինարարական աշխատանքները կավարտվեն, հանքը կաշխատի»,-ասաց նախարարը։
Որպես խոշոր ծրագիր` Քերոբյանը նշեց կառավարության կապիտալ շինարարությունը․ «Մեծ պոտենցիալ ունեն կառավարության կապիտալ շինարարության ծրագրերը, ինչպես նաեւ մասնավոր շինարարական նախագծերը»։
Կարդացեք նաև
Քերոբյանի ներկայացմամբ՝ խոշոր ծրագրերից են համաշխարհային առեւտրի կենտրոնի ստեղծումը։
Նա նաեւ ասաց, որ արհեստական բանականության կիրառումը ազդեցություն է թողնում աշխատատեղերի կրճատման վրա․ «Միջազգային վերլուծական խոշոր կենտրոնները հայտարարում են, որ աշխարհում ավելի քան 300 միլիոն աշխատատեղեր գտնվում են արհեստական բանականության կողմից բարձր ռիսկային գոտում։ Արհեստական բանականության ներդրմամբ կարող են այդքան աշխատատեղեր վերանան։ Բայց կան տեսակետներ, որ տեխնոլոգիական առաջընթացը նաեւ նոր տիպի աշխատեղեր է ստեղծում, մի տիպի աշխատատեղերի վերացումը բերում է նոր տիպի աշխատատեղերի բացմանը։ Այն, որ Հայաստանում հարյուր հազարավոր աշխատատեղեր գտնվում են արհեստական բանականության կողմից բարձր ռիսկային գոտում, դա փաստ է»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ