«Ձեր խիղճը թելադրե՞լ է՝ ազատ ժամանակ լսեք այդ սկավառակները, ուր ասվում է, որ ազդեցություն չեմ գործել որևէ մեկի վրա»,- դատական նիստի ժամանակ՝ դիմելով դատավորին, այսօր հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Արմեն Աշոտյանը դատավորին նաեւ հարցրեց՝ իրեն չի՞ հետաքրքրում, ինչո՞ւ Արմեն Աշոտյանի եւ գործով մեղադրյալների հետ առերեսում չի եղել՝ հիշեցնելով, որ մեղադրյալներից մեկը հրաժարվել է իր ցուցմունքներից, մյուսն էլ հայտարարել է, որ չի եղել նման բան, իրեն ոչ ոք ոչ մի հարց չի տվել:
Դատարանն այսօր քննում է Արմեն Աշոտյանի կալանքի հարցը: Ըստ պաշտպանների, վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել՝ Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու երեք հիմքերից երկուսը հանելով: Խոսքը փողերի լվացման դրվագի մասին է: Իսկ մյուս հիմքը, ըստ Արմեն Աշոտյանի՝ վերանալու է Գալինա Հարությունյանի կարգավիճակի հարցի որոշմամբ, ինչի մասին քննարկումներից հետո, դատարանն այսօր հետաձգեց որոշման կայացումը: Այսպիսով, նրա գնահատմամբ, ակնհայտ է այս գործի կողմնակալ, ուղղորդված քննությունը:
«Տուժողն ո՞ւր է, տուժողի թեման ինչո՞ւ սվաղեցիք ու զակատ արեցիք»,- վրդովվեց Արմեն Աշոտյանը:
Կարդացեք նաև
Դատավորն, ի դեպ, Արմեն Աշոտյանին կրկին դիտողություններ արեց՝ հորդորելով իր խոսքը կառուցել այնպես, որ դիմացինների մոտ տպավորություն չլինի, թե իրեն վիրավորում են: Տվյալ պարագայում դատարանին ուղղված խոսքերի մասին էր դիտողությունը:
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նիստը սկսվեց ԵՊԲՀ արհմիության նախկին ղեկավար Գալինա Հարությունյանի՝ տուժողի հատուկ ներկայացուցիչ ճանաչելու հարցի քննարկմամբ: Հիշեցնենք, Գալինա Հարությունյանն առհասարակ հրաժարվում է սույն գործով նիստերին մասնակցել, քանի որ վիճելի ժամանակահատվածում ինքը չի հանդիսացել ԵՊԲՀ արհմիության ղեկավար: Գալինա Հարությունյանի պաշտպանը միջնորդեց՝ դադարեցնել ԵՊԲՀ «Մխիթար Հերացու» անվան արհեստակցական կազմակերպության՝ տուժողի կարգավիճակը, քանի որ կազմակերպությանը տուժող ճանաչելու օրվա դրությամբ արհեստակցական միության գործունեությունը դադարեցված է եղել եւ նախաքննական մարմինը սա ընդունել է: Պաշտպանը միջնորդեց նաեւ դադարեցնել Գալինա Հարությունյանի՝ տուժողի լիազոր ներկայացուցչի կարգավիճակը: Հարցի մասին որոշման կայացումը դատավորը հետաձգեց:
Պաշտպանական կողմը գրավ է առաջարկել՝ 40 միլիոն դրամ, ինչպես նաեւ 15 անձնական երաշխավորություն է ներկայացվել:
Արմեն Աշոտյանի պաշտպանների միջնորդությունը՝ կալանքը վերացնելու մասին՝ տեսանյութում
Հանրային մեղադրողները առարկեցին ներկայացված միջնորդությունների դեմ: Նրանց համոզմամբ, Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու հիմքերը նույնն են, իսկ դրանք դատարանը նախորդ անգամ անհիմն է համարել եւ մերժել է:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, Արմեն Աշոտյանը մեղադրվում է իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ փողերի վատնում, փողերի լվացում կատարելու մեջ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ