Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քերոբյան․ «Այս տարեվերջին կունենանք մեր գործընկերոջը՝ Գյումրիի չոր նավահանգստի օպերատորին»

Հունվար 08,2024 19:44

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր նախարարությունում հրավիրված ասուլիսում անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե գործարաններ բացելու խոստումներն իրականություն չեն դարձել, ասաց՝ եթե ընկերությունները ձախողում են, դա նորմալ է։

Նախարարը ժամանակին հայտարարում էր լաստանավի շահագործման մասին, Սեպուհ-1 ավտոմեքենաների արտադրության, Գյումրիի չոր նավահանգստի մասին, վերելակների եւ գազաբալոնների գործարանների մասին։

Լրագրողի այս հիշեցմանն ի պատասխան, Քերոբյանն ասաց՝ էկոնոմիկայի նախարարությունը աշխատում է տարբեր ընկերությունների հետ, աջակցում է դրանց տարբեր ծրագրերով․ «Օրինակ՝ 3300-ից ավելի ընկերություն օգտվել են մեր միայն մեկ լիզինգային ծրագրից, 189 միլիարդ դրամի նոր սարքեր եւ սարքավորումներ են ձեռք բերել։ Մեկ այլ ծրագրով 77 ընկերություն 700 միլիարդ դրամից ավելի մաքսային արտոնություն է ստացել եւ այլն։ Բնականաբար, երբ մենք ստանում ենք առաջարկներ կամ երբ փորձում ենք օգնել ինչ-որ ընկերություններին տարբեր հարցերում, այդ թվում՝ գնալ գործարաններ բացել, ապա մենք դա անում ենք, որպեսզի խթանենք եւ խրախուսենք այդ գործարարներին։ Եվ բնականաբար, մենք ոչ այդ գործարանների տերերն ենք, ոչ էլ տնօրենները։ Մենք ուղղակի մեր աջակցությունն ենք ցույց տալիս բազմաթիվ ընկերությունների, եւ եթե դրանց մի մասը հետագայում ձախողում է, դա նորմալ է, աշխատանքային պրոցես է, այդտեղ ոչ մի մեծ խնդիր չկա»։

Նախարարի ներկայացմամբ՝ ձախողումների կողքին կան նաեւ հազարավոր ընկերություններ, որոնք հաջողությամբ աճում են եւ աշխատում։

Ինչ վերաբերում է լաստանավին, ապա նախարարն ասաց՝  լաստանավը մի քանի ամիս աշխատել է․ «Մեր գնահատմամբ՝ այն բավարար լցվածություն չի ապահովել, չի առաջացրել բավարար հետաքրքրվածություն արտահանողների եւ ներմուծողների մոտ,եւ մենք չենք տեսել, որ արտահանողներն ու ներմուծողներներն օգտագործում են լաստանավն այնպես, որ մենք ինքներս մեզ եւ մեր գործընկերներին համոզեինք ծրագիրը շարունակել»։

Անդրադառնալով Գյումրի չոր նավահանգստի ծրագրին, Քերոբյանն ասաց՝ աշխատանքները սկսել ենք 2021-ի սկզբից․ «Ներգրավել ենք աշխարհում բարձրակարգ մասնագետի, որը ազգությամբ կիսահայ է, որը մի քանի անգամ հրապարակային ներկայացրել էր չոր նավահանգստի ծրագիրը։ Այս ծրագիրը մեկ տարի առաջ ներկայացրել ենք հանրային ներդրումային կոմիտեին, որը նախնական հավանություն է տվել, որից հետո մենք տեխնիկատնտեսական վերլուծություն ենք արել, դա էլ հոլանդական MTBS ընկերությունն է արել»։

Քերոբյանի ներկայացմամբ՝ ըստ այդ վերլուծության՝ սա տնտեսական արդյունք ապահովող ծրագիր է, այն եւս մեկ անգամ պետք է ներկայացվի կոմիտեին, նիստը տեղի կունենա հունվարին․ «Եթե ծրագիրը հաստատվի, ապա հաջորդելու է պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի պատրաստումն ու մրցութային պրոցեսի ընթացքը, որի ավարտից հետո եթե մենք հաջողությամբ կարողանանք ներգրավել մասնավոր գործընկերներին, կսկսվի իրագործման փուլը։

Մեր ուսումնասիրություններով, կարծում ենք, որ հաջողությամբ կավարտվի, այս տարեվերջին կունենանք մեր գործընկերոջը Գյումրիի չոր նավահանգստի եւ ինդուստրիալ պարկի հատուկ տնտեսական գոտու օպերատորի հարցում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031