«Մշակվող արդյունաբերության ոլորտում նոր աշխատողների ներգրավման մեր ծրագիրը թույլ է տալիս ավելի արագ ընթացակարգով աշխատանքի վերցնել Արցախից բռնի տեղահանվածներին եւ դրա դիմաց ստանալ փոխհատուցում։ Այսինքն գործատուներն ունեն շահագրգռվածություն այդ մարդկանց աշխատանքի ընդունելու համար»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին՝ նախարարությունն ի՞նչ է ձեռնարկում, որպեսզի աջակցի Արցախից բռնի տեղահանված գործարարներին։
Նախարարն ասաց, որ կառավարությունում շարունակվում են քննարկումները՝ հասկանալու, թե ինչ այլ ուղղություններով կարող են աջակցել նաեւ ձեռնարկատերերին․ «Մենք կարգավորումներ ենք ընդունել, որպեսզի ԼՂ ընկերություններն արագ վերագրանցվեն Հայաստանում եւ շարունակեն իրենց գործունեությունը»։
Անդրադառնալով հարցին՝ կա՞ արդյոք հետաքրքրվածություն կառավարության հռչակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նկատմամբ, Քերոբյանը պատասխանեց․ ««Գյումրիի չոր նավահանգիստը» «Խաղաղության խաչմերուկի» հյուսիսարեւմտյան հանգույցն է եւ հանդիսանում է «Խաղաղության խաչմերուկի» բաղկացուցիչ մաս, որի նկատմամբ կա հետաքրքրվածություն մի շարք միջազգային գործընկերների կողմից։ Ճիշտն ասած՝ հարցի հասցեատերը ԱԳՆ-ն է, բայց այո, կա հետարքրքություն տարբեր երկրների կողմից, հիմնականում ծոցի երկրներից են։ Մեր գործընկերներն ամեն ինչ անում են, որպեսզի համախմբումն այս ծրագրի շուրջ լինի այնպիսին, որ մենք անցնենք պրակտիկ դաշտ»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ