Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը դատարանում չի կարողացել հիմնավորել, թե ինչու է տուգանել Արգամ Աբրահամյանի ընկերությանը. «Հետք»

Հունվար 08,2024 18:25

«Հետք». Հարկային մարմինը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն` Արգամ Աբրահամյանին և եղբորորդուն՝ Հովհաննես Աբրահամյանին պատկանող «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ի համար մոտ 1 մլրդ 236 մլն դրամի պարտավորություն է սահմանել՝ առանց ծանուցման գործունեություն իրականացնելու համար: Սակայն դատարանում չի կարողացել հիմնավորել, որ պահանջը հիմնավոր է և օրինական: Վարչական դատարանը բավարարել է ընկերության հայցը և վերացրել Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) որոշումը: Ընկերության օգտին է որոշել նաև Վերաքննիչ դատարանը: Գործն այժմ Վճռաբեկ դատարանում է:

ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից 2020թ. հունիսի 26-ին «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ի դեմ կազմվել է արձանագրություն:

Արձանագրության հիման վրա հարուցվել է վարչական վարույթ։ Ընկերության կողմից ներկայացվել են առարկություններ և դիրքորոշումներ, որոնք սակայն հաշվի չեն առնվել վարչական մարմնի կողմից։ 2020թ. օգոստոսի 7-ին «Արտաշատ Վինկոն» ընկերության դեմ որոշում է կայացվել, որով կրկին արձանագրվել են վերը նշված խախտումները։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին մեկ տարված ընթացքում խախտումը կատարվել է առաջին անգամ, «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակվել է 1 մլրդ 123 մլն 608 հզր դրամ տուգանք և 112 մլն 361 հզր դրամ՝ վնասի հատուցում:

Վարչական ակտը վերադասության կարգով բողոքարկվել է ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողով։ Վերջինս առաջադրված տուգանքի մասով բողոքը մասնակի բավարարել է՝ ընդհանուր մոտ 1 մլրդ 236 մլն դրամից 974 մլն դրամի չափով առաջադրված տուգանքը նվազեցրել է։

«Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ն, դժգոհ մնալով այս որոշումից, դիմել է Վարչական դատարան նաև այն հիմնավորմամբ, որ ընկերությունը չէր կարող նշված ապրանքների մասով իրականացնել գործունեության ծանուցում, քանի որ հայտնի չէր և օրենսդրորեն սահմանված չէր այն պետական լիազոր մարմինը, որին պետք է ուղղված լիներ ծանուցումը։

ՊԵԿ-ը դատարանին հայտնել է, որ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ին 2003թ․ տրվել է թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության լիցենզիա։ Ընկերության կողմից նշված գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետը լրանում էր 2019թ․ ապրիլին, հետևաբար, ընկերությունն այդ ժամկետից հետո պետք է ներկայացներ խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության և մինչև 100 հազար լիտր արտադրանքի իրացման իրականացման ծանուցում: Սակայն ընկերությունը խախտել է օրենքի պահանջները, և 10․04․2019թ․-ից մինչև 15․09․2019թ․-ը զբաղվել է արտադրությամբ և արտադրանքի իրացմամբ, չի ներկայացրել ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար ծանուցումներ։

ՊԵԿ-ի դիրքորոշումն այն է, որ «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ին լիցենզիան տրվել է Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից։ Թեև լիազորած պետական կառավարման մարմին սահմանված չի եղել, այնուամենայնիվ, ընկերությունը, կրելով նշված գործունեության տեսակով զբաղվելու համապատասխան ծանուցում ներկայացնելու պարտականություն, հիմք ընդունելով իր իսկ լիցենզիան Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված լինելու հանգամանքը, կարող էր որպես նախկինում լիցենզիա տրամադրած մարմին ծանուցում ներկայացնել և հաշվառվել Էկոնոմիկայի նախարարության կողմից։

Վարչական դատարանը հիմնավոր չի համարել ՊԵԿ-ի դիրքորոշումը: Մասնավորապես՝ արձանագրել է, որ մոտ 1 մլրդ 236 մլն դրամի չափով պարտավորության գումարի հաշվարկը հասկանալի չէ: Պարզ և հստակ չէ, թե տուգանքի գումարը, ինչպես նաև վնասի հատուցման գումարը ինչպես են գոյացել և ինչից են բաղկացած, պարզապես նշվել են ընդհանուր թվեր:

«Դատական նիստի ընթացքում չպետք է պարզվեին վերը նշված հարցերը, այլ վարչական ակտը պետք է ի սկզբանե լիներ հիմնավորված, պարզ և հասկանալի, որպեսզի գործնականում հնարավոր լիներ պարզել փաստական և իրավական հիմքերը, որոնք վարչական ակտն ընդունած վարչական մարմինը դրել է իր վարչական ակտի հիմքում»,- եզրակացրել է դատարանը (դատավոր՝ Ռուզաննա Ազրոյան):

Գրիշա Բալասանյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031