Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը կոռուպցիայի՞ հարց է լուծում, թե՞ Աշոտյանին լռեցնելու հարց». Լեւոն Զուրաբյան

Հունվար 08,2024 18:35

«Այս գործը Եվրոպական դատարանում պայթելու է: Ես բերեցի ԵԽԽՎ-ում ընդունված 1900 համարով ընդունված բանաձեւի չափանիշները քաղբանտարկյալի սահմանման մասին: Այս գործը հստակ անցնում է այդ չափանիշներից մեկի ներքո եւ Արմեն Աշոտյանը շատ հստակ քաղբանտարկյալ է»,- այսօր դատարանի մոտ. լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի գործին:

Հիշեցնենք, Լեւոն Զուրաբյանն անձնական երաշխավորություն է ներկայացրել՝ Արմեն Աշոտյանի կալանքը փոխելու համար:

Ըստ Լեւոն Զուրաբյանի, ինքն Արմեն Աշոտյանի հետ անհաշտ քաղաքական հակառակորդներ են, բայց դա չի նշանակում, որ «թույլ կտա վիշապ սպանողին դառնալ վիշապ»: Նրա խոսքով, երբ նոյեմբերի 23-ին եղավ ՔՊ-ի համաժողովը եւ որոշվեց ամենուրեք ընդդիմադիր մարդկանցից իշխանությունը խլել, եւ անցան գործի, իրենք հասկացան, որ սա համակարգված գրոհ է ժողովրդավարական ինստիտուտների վրա. «Իրավապահ համակարգն օգտագործվում է ապօրինաբար իրենց իշխանությունն ուժեղացնելու, հակառակորդներին ոչնչացնելու, լռեցնելու նպատակով: Բազմաթիվ թալանչիներից ո՞վ է նստած բանտում, ո՞ւր են այդ մարդիկ: Ու պետք է գային Աշոտյանի վրա՞ կոտրեին էս բանը: Փաշինյանը կոռուպցիայի հարց է լուծո՞ւմ, թե՞ Աշոտյանին լռեցնելու հարց»:

Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է անցնել «կարմիր գծերը» ժողովրդավարական նորմերի դեմ. «Հիմա հանրությունից է կախված՝ թույլ կտա՞ անցնել այդ կարմիր գծերը, թե՞ թույլ չի տա: Սա ընդամենը մի դրվագ է: Հիմա հետ հոկտեմբերքսանյոթյան ռեժիմի հանդեպ ատելությունը փորձում են շահարկել ոչ թե կոնկրետ հանցագործությունների համար մեղավորներին պատժելու, այլ իրենց իշխանությունը հավերժացնելու նպատակով: Սա անթույլատրելի է»:

Հիշեցնենք, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նիստը սկսվեց ԵՊԲՀ արհմիության նախկին ղեկավար Գալինա Հարությունյանի՝ տուժողի հատուկ ներկայացուցիչ ճանաչելու հարցի քննարկմամբ: Հիշեցնենք, Գալինա Հարությունյանն առհասարակ հրաժարվում է սույն գործով նիստերին մասնակցել, քանի որ վիճելի ժամանակահատվածում ինքը չի հանդիսացել ԵՊԲՀ արհմիության ղեկավար:

Գալինա Հարությունյանի պաշտպանը միջնորդեց՝ դադարեցնել ԵՊԲՀ «Մխիթար Հերացու» անվան արհեստակցական կազմակերպության՝ տուժողի կարգավիճակը,  քանի որ կազմակերպությանը տուժող ճանաչելու օրվա դրությամբ արհեստակցական միության գործունեությունը դադարեցված է եղել եւ նախաքննական մարմինը սա ընդունել է: Պաշտպանը միջնորդեց նաեւ դադարեցնել Գալինա Հարությունյանի՝ տուժողի լիազոր ներկայացուցչի կարգավիճակը: Հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի առաջիկայում, իսկ այժմ դատարանը քննում է Արմեն Աշոտյանի կալանքի հարցը: Կալանավորման ժամկետը լրանում է հունվարի 15-ին:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031