Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ Ադրբեջանը փորձում է գրպանել ուրիշի պատմամշակութային ժառանգությունը` hերթական փաստերն են գտնվել Հայաստանի` ուրարտական տերության ժառանգորդը լինելու վերաբերյալ

Հունվար 08,2024 16:28

Հնագույն քաղաք Երևանում պեղումները շարունակվում են, իսկ արձանագրված փաստերը հերթական վկայություններն են Հայաստանի` ուրարտական տերության ժառանգորդը լինելու։

«Այս տարիներին իրականացվող պեղումները մեր հնագիտության մեջ շատ կարևոր փուլ են, դրանք վերաբերում են Ք.Ա. 7-րդ դարի վերջերին, 6-րդ դարին: Այս պեղումները ցույց են տալիս, որ կա Ուրարտուից ժառանգականություն դեպի Երվանդյան Հայաստանը և շարունակականություն: Այդ ժառանգության փաստերն ընդգծված են հնագիտական, լեզվական նյութերում, ճարտարապետության, խեցեղենի մեջ»,- նշեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը:

«Էրեբունի» ամրոցում 2008թ.-ից մինչ օրս պեղումներ են իրականացվում: Տնօրենը հիշատակեց, որ բացել են խճաքարերով շատ գեղեցիկ փողոց, ջրահեռացման համակարգ, Սուսի տաճարի դիմաց խճաքարերով հատակ, փոքր ինչ այն կողմ` աղյուսներով հատակներ, արտաքին բնակավայրում են պեղումներ իրականացրել` ամրոցից դուրս` հարավ-արևելք տեղակայված բլրաշարի վրա, որտեղ արդեն միջին և ցածր խավի մարդկանց կենսագործունեության հետքեր ու կառույցներ են ֆիքսել։

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոցում պեղումներն իրականացվում են հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի կողմից: Միքայել Բադալյանը այս արշավախմբի համաղեկավարն է: Նրա խոսքով` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը տեխնիկական մեծ աջակցություն է ցուցաբերել` Էրեբունու տարածքը մասնագիտական տեսախցիկով տեսանկարահանելու հարցում, որի շնորհիվ, ըստ Միքայել Բադալյանի, հստակ պատկերացում է ստեղծվում ամրոցի տարբեր հատվածներն ուսումնասիրելիս:

«Էրեբունի» արգելոցի «Կարմիր Բլուր» մասնաճյուղում հայ-ավստրիական հնագիտական արշավախումբն է աշխատում: Արշավախմբի համաղեկավարը կրկին Միքայել Բադալյանն է: Նա նշեց, որ այնտեղ գլխավոր հայտնագործությունը ամրոցի մուտքից հարավ-արևելք գտնվող մոնումենտալ կառույցի բացահայտումն էր. «Այն իր ճարտարապետական հատակագծով հիշեցնում է հայկական միջնադարյան քարավանատները, բայց ուրարտական ժամանակաշրջանում, այսինքն՝ դա մեր միջնադարյան քարավանատների նախատիպն է, որը ևս փաստում է ժառանգականության և կապի մասին: Մեր նպատակն է, որ «Կարմիր բլուրում» քարավանատուն կոչված կառույցը պեղելուց հետո այն հատուկ ծածկի տակ առնվի և հասանելի լինի հանրությանը, թեպետ այսօր էլ Կարմիր Բլուրում էքսկուրսիաների ժամանակ այդ կառույցը ցույց ենք տալիս այցելուներին»,-ասաց Բադալյանն ու շեշտեց, որ ավստրիական կողմը հոգում է ռադիոածխածնային անալիզները:

Հայ-ամերիկյան արշավախմբի համատեղ գործունեության արդյունքում էլ Շենգավիթ հնավայրում են պեղումներ իրականացվում: Միքայել Բադալյանն ասաց, որ բացի պեղումներից՝ նախատեսվում է սարքել Կուր-Արաքսյան կացարանի նմանօրինակ և վիառ ակնոցներ, որպեսզի այցելուները հագնելով այդ ակնոցները՝ ուղևորություն կատարեն հազար տարի առաջվա ժամանակահատված` տեսնելու Կուր-Արաքսյան շենգավիթյան տունը, թե ինչպես են այդ ժամանակահատվածում ապրել մարդիկ: Նրա խոսքով՝ այս հնարավորությունից այցելուները կարող են օգտվել մոտ վեց ամսից:

Նշենք, որ օրերս ադրբեջանցի պատմաբան Ջաբի Բախրամովը ադրբեջանական CBC հեռուստաալիքի եթերում Երևանի հիմնադրման վերաբերյալ կեղծ փաստեր է բարձրաձայնել` Հայաստանի մայրաքաղաքը ներկայացնելով ոչ հնագույն քաղաք, և իբր Ադրբեջանի կողմից հիմնադրված: Պատմաբանը նաև ողջունել է այս տարի նույն լրատվամիջոցով Երևանի մասին խեղաթյուրված փաստերով ներկայացված ֆիլմը, որում Երևանը ներկայացվում է իբր թյուրքական ցեղերի բնակատեղի, որն իբր ոչ վաղ անցյալում դիմափոխվել` վերակառուցվել է հայերի կողմից:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հիշատակեց, որ Ադրբեջանը փորձում է յուրացնել ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի` սեֆյանների, աֆշարների ցեղերի պատմությունը, սակայն իրականում որևէ կապ չունեն այդ ցեղերի հետ․ «Վերջերս էլ սկսեցին յուրացնել Վրաստանի պատմությունը` սահմանային հայտնի վրացական վանքը` «Դավիթ Գարեջա»-ն ներկայացնում են որպես աղվանական, որի հաջորդ են հռչակել իրենց, սակայն աղվանները լեզգիների, ավարների, այսինքն՝ կովկասյան ժողովուրդների նախնիներն են և որևէ կապ չունեն ադրբեջանցիների հետ: Ադրբեջանցիները թյուրքական ծագում ունեցող ժողովուրդ են»:

Աշոտ Մելքոնյանն անդրադառնալով ադրբեջանցի պատմաբանի այն խոսքին, թե Սուլթան Սելիմի կողմից ուղարկված խանն է 16-րդ դարում հիմնադրել Երևանը` ընդգծեց, որ 2018թ. ՀՀ ԳԱԱ-ի, Երևանի պատմության թանգարանի և մի շարք բուհերի հետ համատեղ մենագրություն են հրատարակել` «Երևանի պատմությունը», որտեղ հստակ ցույց է տրված այդ կեղծիքը, որ թուրք գրող Էվլիյա Չելեբիի այդ վկայությունը, թե իբր Սուլթան Սելիմի ուղարկած խանն է հիմնադրել Երևանը` պատմական որևէ հենք չունի: Իսկ իրականությունը վերաբերում է Ուրարտական դարաշրջանին՝ այսինքն` Հայաստանը Ուրարտուի ժառանգորդն է:

Ադրբեջանական լրատվամիջոցի կողմից Երևանի մասին պատրաստած ֆիլմում նաև ներկայացվում են ժամանակին Հանրապետության հրապարակի մոտակայքում արված պեղումները, և փաստերը կրկին խեղաթյուրելով՝ այդ պեղումների արդյունքները վերագրվում են իբրև ադրբեջանական հետքերի հայտնաբերմանն ու իբրև այդ նպատակով պեղումների դադարեցմանը:

Աշոտ Մելքոնյանի խոսքով` Հանրապետության հրապարակի պեղումներից գտածո նյութի մի մասը հայկական է, իսկ մյուս մասը Ադրբեջանի հետ կապ չունեցող թուրքմենական տիրապետության ժամանակաշրջանի է. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 14-15-րդ դարերում Միջին Ասիայից թուրքմենական Ակ-Կոյունլու և Կարա-Կոյունլու ցեղերը ներխուժել են այս տարածաշրջան և բնականաբար այդ ժամանակաշրջանը իր հետքերը պետք է թողներ նաև նյութական առումով: Թուրքմենական Կարա-Կոյունլու ցեղերը մայրական գծով հայկական ծագում ունեին և բարեհաճ վերաբերմունք են ունեցել հայերի նկատմամբ: Ադրբեջանցիները նաև թուրքմենական ցեղերի ժամանակաշրջանն են ամբողջությամբ վերագրում իրենց և իրենց Ալիև անունով պատմաբաններից մեկը, որը նաև Ադրբեջանի Պատմության ինստիտուտի տնօրենն էր, ունի ռուսերենով հրատարակած աշխատություն` «Ադրբեջանի Հանրապետություն` Ակ-Կոյունլու-Կարա-Կոյունլու», որն առաջացնում է նաև թուրքմեն գիտնականների դժգոհությունը, որովհետև ամբողջ թուրքմենական մշակույթը փորձում են գրպանել: Ադրբեջանը փորձում է ուրիշի պատմամշակութային ժառանգության գողության տարբերակով տեր դառնալ նաև նրանց պատմական տարածքներին` հայրենիքին»:

Հայ պատմաբանն ընդգծում է` Երևանի պատմության մեջ բոլոր օտար հեղինակները, այդ թվում` պարսիկները, հստակ նշում են, որ Երևանը գերազանցապես հայաբնակ է եղել, այդ թվում՝ Կոնդը, որը Երևանի միջնադարյան դարաշրջանի հնագույն թաղամասերից է, իսկ մահմեդականները շատ քիչ տոկոս են կազմել:

«Հիմա լույս է տեսնում «Հայոց պատմություն» ակադեմիական առաջին հատորի երկրորդ գիրքը, որն սկսվում է Ուրարտուի` Արարատյան թագավորության պատմությամբ, որտեղ հստակ նշվում է, որ այդ պետությունը առաջին հայկական միասնական պետությունն է և էթնիկ առումով հայկական տարրը գերակշռել է, և այս խնդիրը գիտական առումով լուծված է: Մեր նկարահանած «Ուրարտու» ֆիլմում, որը հասանելի է Յութուբում, օրինակ` Էրմիտաժի տնօրեն Միխաիլ Պիոտրովսկին հստակ նշում է, որ Ուրարտուն և Արարատը դրանք նույն երկիրն են` նույն հայկական պետության մասին է խոսքը: Ուրարտու պետության և Մեծ Հայքի թագավորության սահմանների նույնությունն իսկ հուշում է, որ դա նույն պետությունն է, ինչի մասին խոսել է նաև Ք.Ա 6-րդ դարում պարսից արքան` Դարեհ Վշտասպը իր եռալեզու արձանագրության մեջ»,-ներկայացրեց է հայ պատմաբանը:

Աշոտ Մելքոնյանի խոսքով` պարզ հանրության համար Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայ քարոզչությունն արդյունք է ունենում` հատկապես, երբ հետագայում ռազմական ճանապարհով կյանքի կոչելու նպատակներ է դնում Ադրբեջանը, մինչդեռ գիտական հանրության համար հասկանալի է, որ Ադրբեջանը կեղծիք է տարածում. «Այս մասին խոսելու բազմաթիվ առիթներ եմ ունեցել և Եվրոպայում, և Չինաստանում և Ռուսաստանում, և Իրանում և բոլոր երկրների գիտական շրջանակներում նշում են, որ այդ կեղծիքը ստեղծելով՝ Ադրբեջանը բնականաբար ունի տարածքային հավակնություն Հայաստանի նկատմամբ: Այսինքն՝ գաղափարական կեղծ հենքը ստեղծում են, հետո փորձում են կյանքի կոչել: Եվ այս առումով պատահական չէ , որ սկզբնական շրջանում` խորհրդային տարիներին, նրանք ադրբեջանցի հակահայ գիտնական Զիյա Բունիյաթովի տեսությունը ստեղծեցին, որ իբր իրենք աղվանների հաջորդներն են, և հետագայում այս տեսությունը Արցախի վրայից տեղափոխեցին նաև Սյունիքի վրա, հիմա էլ ողջ Հայաստանի»:

Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորները դեկտեմբերին հայտարարություն տարածեցին, ըստ որի՝ «Արևմտյան Ադրբեջան» անհրաժեշտ է վերադարձնել իբր էթնիկ զտման ենթարկված ադրբեջանցիներին: «Արևմտյան Ադրբեջան» ասելով` Բաքուն նկատի ունի Հայաստանը: Աշոտ Մելքոնյանը գտնում է, որ Հայաստանում ամենաբարձր մակարդակով պետք է այս հայտարարությանը կոշտ հակահարված տային, ինչը չի արվում, իսկ եթե արվում էլ է` շատ մեղմ, միայն թե խաղաղության պայմանագրի կնքմանը չխոչընդոտեն, մինչդեռ ըստ պատմաբանի` պայմանագրի մասին ստացված տեղեկատվությունից վկայում է, որ այն հայանպաստ չէ:

Աշոտ Մելքոնյանն այս համատեքստում հիշատակեց Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի վերջերս հնչեցրած խոսքը, թե Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրին և ընդգծեց, որ մյուս կողմից էլ խորհրդարանի մակարդակով հայտարարություն են տարածում՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ. «Այսինքն` ուզում են աշխարհին ներկայանալ խաղաղարար, սակայն իրականության մեջ ուզում են վիժեցնել այդ գործընթացը և հանրային մակարդակով ցույց են տալիս իրենց հավակնությունները Հայաստանի նկատմամբ»:

Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցում ասել էր, որ «Խաղաղության պայմանագրում» ղարաբաղցիների վերադարձի հարցը քննարկելու համար Ադրբեջանն առաջարկում է իր պայմանը` քննարկել նաև Հայաստան` շուրջ 300 000 ադրբեջանցիների վերադարձի հարցը, որոնք իբրև բռնի տեղահանվել են Հայաստանից:

Աշոտ Մելքոնյանը այստեղ էլ Բաքվի կողմից հայտարարված կեղծ տեղեկություն է տեսնում. «80-ականների վերջին ու 90-ականների սկզբին Հայաստանից առավելագույնը 120000 ադրբեջանցի է վերադարձել Ադրբեջան, այն էլ հատուցում ստանալուց հետո և առանց զոհերի, մինչդեռ 1989թ. հունվարի 1-ի Խորհրդային վերջին մարդահամարով Ադրբեջանի տարածքում ապրել է 485000 հայ»,-ընդգծեց նա:

Պատմաբանը վստահ է` Ադրբեջանը խոսելով 300000 ադրբեջանցիների վերադարձի մասին` նպատակ ունի ադրբեջանական ուժեր Հայաստանում տեղակայել և միջանցքի տրամաբանությամբ ազատ տեղաշարժ ապահովել Ադրբեջանի և Թուրքիայի միջև:

 

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031