Լրահոս
Օրվա լրահոսը

«Անմեղության կանխավարկածն է՞լ է մեր երկրում բռնաբարված». Արմեն Աշոտյանը՝ տիկին դատախազուհուն

Հունվար 08,2024 15:26

«Մինչեւ Նոր տարի գլխավոր դատախազուհին հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերությունում… տիկին գլխավոր դատախազը, Հանրային հեռուստաընկերության եթերում, այն Հանրայինի, որից ես դժգոհում էի, որ մեր նիստերը չի լուսաբանում, պարզվեց՝ Վեհափառին չի լուսաբանում, հայտարարեց, որ քաղբանտարկյալներ չկան, կոռուպցիայի գործեր են: Բա եթե այդպիսի պիտակներից վատ են զգում, անմեղության կանխավարկածն է՞լ է մեր երկրում բռնաբարված. անմեղության կանխավարկածը չի բռնաբարվո՞ւմ մեր երկրում, երբ տիկին գլխավոր դատախազը հայտարարում է կոռուպցիա մեր երկրում՝ քաղբանտարկյալ ընկալվող մարդկանց մասին»,- դատական նիստի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հակադարձելով հանրային մեղադրողին, որին դուր չէին եկել Արմեն Աշոտյանի հայտարարությունները:

ԵՊԲՀ «Մխիթար հերացու» անվան արհմիության նախկին ղեկավար Գալինա Հարությունյանն էլ դատարանում հայտարարեց, որ ԵՊԲՀ-ի ներկայացրած տեղեկանքը, որ իբրեւ հաշվեհամար չի եղել, այդ պատճառով էլ գումարներ չեն ներկայացվել, սխալ է, քանի որ հաշվեհամարը կար: Ասաց, որ իր պաշտոնավարման շրջանում երեք ռեկտոր է փոխվել, ինքը բոլորին էլ դիմել է, որ ԵՊԲՀ կոլեկտիվից հավաքված գումարների մեկ տոկոսը փոխանցվի արհմիության հաշվեհամարին, բայց անօգուտ:

Նա նաեւ հավելեց, որ չի ցանկանում լինել տուժողի ներկայացուցիչ:

ԵՊԲՀ «Մխիթար հերացու» անվան արհմիության՝ գործով տուժողի եւ նրա նախկին ղեկավար Գալինա Հարությունյանի՝ գործով տուժողի օրինական ներկայացուցչի, լիազորությունների դադարեցման հարցի վերաբերյալ դատարանը որոշում կկայացնի առաջիկայում, քանի որ կազմակերպության կանոնադրության ուսումնասիրության հարց կա:

Մանրամասները՝  տեսանյութում

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նիստը սկսվեց ԵՊԲՀ արհմիության նախկին ղեկավար Գալինա Հարությունյանի՝ տուժողի հատուկ ներկայացուցիչ ճանաչելու հարցի քննարկմամբ:

Հիշեցնենք, Գալինա Հարությունյանն առհասարակ հրաժարվում է սույն գործով նիստերին մասնակցել, քանի որ վիճելի ժամանակահատվածում ինքը չի հանդիսացել ԵՊԲՀ արհմիության ղեկավար: Գալինա Հարությունյանի պաշտպանը միջնորդեց դադարեցնել ԵՊԲՀ «Մխիթար Հերացու» անվան արհեստակցական կազմակերպության՝ տուժողի կարգավիճակը,  քանի որ կազմակերպությանը տուժող ճանաչելու օրվա դրությամբ արհեստակցական միության գործունեությունը դադարեցված է եղել եւ նախաքննական մարմինը սա ընդունել է: Պաշտպանը միջնորդեց նաեւ դադարեցնել Գալինա Հարությունյանի՝ տուժողի լիազոր ներկայացուցչի կարգավիճակը:

Հիշեցնենք, Արմեն Աշոտյանը մեղադրվում է իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ փողերի վատնում, փողերի լվացում կատարելու մեջ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031