Ավիամեխանիկ-ինժեների մասնագիտության համատեղումը կերպարվեստում դժվար չէ կռահել, թե ինչպիսի հանգուցալուծումների է բերում. չափագրումն ու ճշգրտումը միախառնվում են մինիմալիստական ոճի աշխատանքներում, ինժեները մի ձեռքով դառնում է նկարիչ, մյուսով` աշխատանքում ընդգծում առաջին մասնագիտացված դետալները։
Գևորգ-Ջորջ Քասսաբյանը այս ոլորտի ներկայացուցիչն է, որի համար ազգային արժեքները առանձնահատուկ տեղ ունեն ոչ միայն իր սրտում, այլև աշխատանքներում։
Գևորգը սիրում է աշխատել մինիմալիստական ոճով, քանի որ այն, ինչպես ինքն է նշում, ճարտարագիտությանն ավելի մոտ է։ «Ես չեմ հավատում փիլիսոփայությանը, փոխարենը հավատում եմ տիեզերքից տրվող աշխատանքի ուժին, որի շնորհիվ ինձ մոտ նոր գաղափարներ են ծնվում»,-ասում է նա։
Կարդացեք նաև
Քասսաբյանի մասին ժպիտով են պատմում նրա ընկերներն ու գործընկերները, որոնց համար Ջորջի սերը դեպի նկարչություն չափման ոչ մի միավոր չի ճանաչում։
Քանդակագործ, նկարիչ ու ավիամեխանիկ-ինժեների հմտություններն ամփոփվել են շատ ու շատ անհատական և խմբային ցուցադրություններում, որոնցից բացառություն չէր նաև 50-ամյա ստեղծագործական գործունեությանը նվիրված ցուցահանդեսը Հայաստանի Նկարիչների միությունում։ Միության նախագահ Սուրեն Սաֆարյանը իր խոսքում նշեց, որ Գևորգ Քասսաբյանն ունիկալ անձնավորություն է, քանի որ մեծ տարիքում չի դադարում ստեղծագործելը, ինչի արդյունքում էլ 50-ամյա գործունեության եղելությունն ենք արձանագրում։
«Արտացոլող քանդակներ և հյուսված ներդաշնակություն» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացված էին վերջին տարիների աշխատանքները, որոնցում գերակշռում էր հայկական գորգերի պատկերազարդումը` «մինիմալիզմի մեջ մաքսիմալիզմ» ներկայացնելով։ «Գորգի այս սիմվոլները օգտագործել եմ, որպեսզի կարողանամ գորգը ներառել ժամանակակից արվեստում, քանի որ այսօր մշակույթում փոքր-ինչ պակասում է հայրենասիրությունը։ Ազգը թող իրեն ու հողը սիրել սովորի, որ մշակութային արժեքները չկորցնի»:
Մեր օրերում կարևոր է առանձնացնել նմանօրինակ ցուցահանդեսների լայնամասշտաբ ցուցադրությունը, քանի որ ազգագրագետներն ահազանգում են ` թուրքական արտադրության հայկական տարազանման կտորների վրա թուրքական մշակութային մոտիվները գնալով գերակշռում են, ինչը հանգեցնում է ազգայինի մոռացությանն ու վերացմանը։
Հեղինե Մխիթարյան
ՀՊՄՀ Լրագրության բաժին