Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախաքննական մարմինը Ձեզ չի հարգում, որ Ձեզ այսպես գործ են սարքել-բերել». Արմեն Աշոտյանի ու դատավոր Վահե Դոլմազյանի միջեւ վիճաբանություններ եղան

Հունվար 08,2024 14:56

«Դուք կորպորատիվ իրավունքը եւ քրեական իրավունքը խառնում եք իրար եւ փորձում եք ստանալ մի բան, որը կապ չունի իրավաբանության հետ»,- այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով նիստի ժամանակ դատավոր Վահե Դոլմազյանին դիմեց Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Վահե Դոլմազյան

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նիստը սկսվեց ԵՊԲՀ արհմիության նախկին ղեկավար Գալինա Հարությունյանի՝ տուժողի հատուկ ներկայացուցիչ ճանաչելու հարցի քննարկմամբ:

Հիշեցնենք, Գալինա Հարությունյանն առհասարակ հրաժարվում է սույն գործով նիստերին մասնակցել, քանի որ վիճելի ժամանակահատվածում ինքը չի հանդիսացել ԵՊԲՀ արհմիության ղեկավար:

Գալինա Հարությունյանի պաշտպանը միջնորդեց դադարեցնել ԵՊԲՀ «Մխիթար Հերացու» անվան արհեստակցական կազմակերպության՝ տուժողի կարգավիճակը, քանի որ կազմակերպությանը տուժող ճանաչելու օրվա դրությամբ արհեստակցական միության գործունեությունը դադարեցված է եղել եւ նախաքննական մարմինը սա ընդունել է: Պաշտպանը միջնորդեց նաեւ դադարեցնել Գալինա Հարությունյանի՝ տուժողի լիազոր ներկայացուցչի կարգավիճակը:

Տիգրան Աթանեսյանը՝ դիմելով դատավորին ասաց՝ լեզվաբանական հնարքներ շատ կան եւ կարելի է անգամ սպանությունը արդարացնել, բայց գոյություն ունի իրավունքի սկզբունք եւ անգամ մահացած մարդու ժամանակ խոսքը ժառանգների իրավունքների մասին է, ոչ թե մահացած մարդու: Իսկ տվյալ դեպքում տուժողի իրավունք չկա, քանի որ տուժողը չկա ու չի կարող լինել տուժողի օրինական ներկայացուցիչ, քանի որ տուժողը չկա: Հարցի որեւէ այլ մեկնաբանությունն, ըստ Տիգրան Աթանեսյանի, ապացուցում է այս գործի քաղաքական ենթատեքստը: Այս արտահայտությունը դատավոր Վահե Դոլմազյանին դուր չեկավ, նա դիտողություն արեց Տիգրան Աթանեսյանին, համարելով, որ վերջինս դատարանի անունից է ենթադրություններ անում:

«Լուծարված ՍՊ-ը-ի սեփականատերը կարող է դիմել իր շահերի պաշտպանության համար, եթե եղել է հանցանք, եթե վնասն իրեն է պատճառվել, ոչ թե ՍՊԸ-ին կամ բժշկականի 1000 աշխատողներ կգային եւ կասեին, որ իրենց վնաս է պատճառվել. բայց դա չկա եւ չի կարող լինել»,- հայտարարեց Տիգրան Աթանեսյանը՝ համամիտ լինելով Գալինա Հարությունյանի պաշտպանի ներկայացրած միջնորդության հետ՝ դադարեցնել «Մխիթար Հերացու» անվան ԵՊԲՀ արհեստակցական միության տուժողի կարգավիճակը, դադարեցնել արհեստակցական միության նախկին ղեկավար Գալինա Հարությունյանի՝ տուժողի օրինական ներկայացուցչի կարգավիճակը: Պաշտպանական կողմը, ընդհանուր առմամբ, համամիտ է այս դիրքորոշման հետ:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաեւ Արմեն Աշոտյանը՝ ասելով, որ հարցի քննությունը ապացուցում է՝ այս գործը, առնվազն նախաքննության փուլում, «սարքած գործ է». «Ի մի բերելով այս ամբողջ իրավական տեքստային ելույթների բովանդակությունը, ժողովուրդ ջան, հետեւյալն է՝ 2017 թվականին կառույցը լուծարվել է…»:

Արմեն Աշոտյանի խոսքը կիսատ մնաց, դատավորը՝ հիշեցրեց, որ նախորդ դատական նիստին վերջինս զգուշացվել է՝ դիրքորոշում ներկայացնելիս դիմել դատարանին: Արմեն Աշոտյանը պահանջեց, որ դատավորը վկայակոչի օրենքի այն կետը, որով պահանջվում է, որ իր խոսքի ժամանակ պետք է ակնդետ նայի դատարանի կամ նիստի կարգով սահմանվա՞ծ է, թե ինքն ի՞նչ անկյան տակ պետք է կանգնի. «Դուք վոլյունտարիզմով մի զբաղվեք, խնդրում եմ: Կա՞ այդպիսի օրենք, հոդված, որով ես պետք է ձեզ նայեմ, եթե չկա, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ձեր պահանջը ոչ միայն անառողջ է, այլեւ անօրինական»:

Դահլիճից ծիծաղ լսվեց:

Վահե Դոլմազյանը պնդեց՝ դատական նիստի սահմանված կարգով, որը նախագահող դատավորն է սահմանում, Արմեն Աշոտյանը պարտավոր է իր հայացքն ուղղել դատավորին, ոչ թե դահլիճին:

«Հայացքի ուղղությունը, քանի որ օրենքով սահմանված չէ, չի կարող համարվել նիստի կարգի խախտում: Դուք իմ հայացքի պատճառով ուզում եք իմ նկատմամբ սանկցիա՞ կիրառել, է՞լ ավելի խայտառակվել այս գործով: Առանց այդ էլ խայտառակվել եք, հանեք դահլիճից…»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Միջամտեց Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ առարկելով դատավորի կարգադրություն-պահանջի դեմ եւ խնդրելով դադարեցնել քննարկումը:

Տեւական վիճաբանությունից հետո, Վահե Դոլմազյանը թույլ տվեց Արմեն Աշոտյանին՝ շարունակել ասելիքը. «Ես անգամ չեմ բերում այն փաստարկը, որ հաշվի առնելով ձեր կողմնակալ, պարբերաբար ցայտուն դարձող վերաբերմունքը, ես սկսում եմ Ձեզ նայելով՝ Ձեր ետեւում Նիկոլ Փաշինյանին տեսնել: Ես պարտավոր չեմ Ձեզ վրա նայել, եթե Դուք դա պնդում եք, ես դա չեմ անելու: Կարող եք կալանավոր, քաղբանտարկյալ Աշոտյանին դահլիճից հանել եւ ավելի խայտառակ լինել: Այս քննարկումն ապացուցում է, որ այս գործը ոտքից գլուխ նախաքննության փուլում սարքած է, ջուր է: Այնքան քննարկելու բան չկա, որ քննարկում ենք, թե ես ի՞նչ պարբերականությամբ ձեզ վրա հայացքներ նետեմ»:

Բովանդակային առումով էլ Արմեն Աշոտյանը հավելեց, որ հիմնարկը լուծարվել է 2017-ին, իսկ 2013 թվականից Գալինա Հարությունյանը չի համարվում այդ հիմնարկի ղեկավարը, ինչի մասին փաստաթղթերը ներկայացվել են դատարանին, հետեւաբար որեւէ կերպ հնարավոր չէ 2013 թվականին լիազորությունները դադարեցված մարդը լինի 2015 թվականին կատարված ինչ-որ բաների համար պատասխանատու. «Ես պիտի ապացուցեմ, որ մածունը սպիտա՞կ է»:

«Էս վերջերս ռեպորտաժ տեսա, մարդամեկը գնում էր դպրոցների պատերից կախիչներ էր հանում, ասում էր՝ լավ սարքած չի: Բա գործ սարքելու, էն էլ ըտենց վատ սարքելու համար, մարդ չեն ուզո՞ւմ հանեն: Ինչին կպնում եք այս գործի, փլվում է: Ձեզ չեն հարգում նախաքննության մարմինները, որ Ձեզ այսպես գործ են սարքել-բերել, դուք էլ ստիպված, իրանց հետեւից սանիտարական գործ եք անում. դա նույնն է, որ խաշ կերած՝ գնաս ատամնաբույժի մոտ, թելով ներքնաշորով գնալ եկեղեցի, որ մի շաբաթ չլողացած՝ գնաս սիրուհուդ մոտ… հարգանքի նշան է»,- դատավորին նայելով ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ իր խոսքի այս հատվածը դատավորին է վերաբերում:

Դատավորին հետաքրքրեց Արմեն Աշոտյանի բերած օրինակները: «Սխտորն է՞ր վատ օրինակ, թե՞ եկեղեցին»,- տարակուսեց Աշոտյանը:

«Թելով տռուսիկի մասին, եթե մյուս անգամ պատգամավոր լինեք, կխոսեք ԱԺ-ում»,- ասաց Վահե Դոլմազյանը:

Դատավորի եւ Արմեն Աշոտյանի միջեւ կրկին վիճաբանություն սկսվեց. Արմեն Աշոտյանն ասաց, որ ինքը դատական բժիշկ է եւ ավելի մեծ կեղտեր է տեսել, բայց իր համար նախընտրելի է ֆիզիկապես նեխող մարդը, քան այն մարդը, որը երկու ոտքով քայլում է, բայց արդեն նեխած է:

 Այլ մանրամասները՝ տեսանյութում

Գործով դատախազները առարկեցին միջնորդության դեմ, Արմեն Աշոտյանին էլ խնդրեցին՝ տպավորիչ բառերով չարտահայտվել դատարանում, քանի որ գործի որոշ դրվագներ դեռ չեն ուսումնասիրվել: Դատախազը հայտարարեց, որ պաշտպանական կողմի մոտ թյուրըմբռնում կա հանրային եւ մասնավոր մեղադրանքի մասով, ուստի քրեադատավարական գործիքակազմ կիրառելու համար, տվյալ դեպքում կարիք չկա սպասելու, որ մասնավոր անձը դիմում ներկայացնի: Պաշտպանական կողմի հիմնավորումները, թե խոսքը վերաբերվում է լուծարված կազմակերպությանը, ըստ դատախազի անհիմն են, քանի որ վիճելի ժամանակահատվածում արհմիությունը եղել է գործող, իսկ մինչեւ լուծարման ավարտը Գալինա հարությունյանը հանդիսացել է կազմակերպության նախագահը՝ անկախ նրանից գործունեություն ծավալե՞լ է, թե՞ոչ:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, Արմեն Աշոտյանը մեղադրվում է իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ փողերի վատնում, փողերի լվացում կատարելու մեջ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031