Լրահոս
Օրվա լրահոսը

Նորատուսում միջադեպի մասնակիցը ոստիկանի ծառայողական գործունեությանը միջամտել է դանակի գործադրմամբ․ նախաքննությունն ավարտվել է

Հունվար 08,2024 13:31

Ավարտվել է Նորատուս բնակավայրի 27–ամյա բնակչի կողմից, բռնություն գործադրելու սպառնալիքով, ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ 2023թ․ դեկտեմբերի 19-ին առավոտյան Սևանա լճում Նորատուս բնակավայրի շուրջ 50 դիմակավորված բնակիչներ առերևույթ հանցավոր արարքներ էին կատարել Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայողների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների նկատմամբ։

Նշված վայրում հասարակական կարգը պահպանելու և հանցագործությունները կանխելու նպատակով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի՝ հասարակական կարգի պահպանության հատուկ վաշտը մեկնել էր Գեղարքունիքի մարզ։

Ոստիկանության ծառայողները սկսել են իրականացնել միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալելու նպատակով։ Այդ շրջանակում քաղաքացիներին ոստիկանական ավտոմեքենաների մեջ նստեցնելու ընթացքում, ժամը 05։00-ի սահմաններում, Նորատուս բնակավայրի 27–ամյա բնակիչը, նպատակադրվելով միջամտել ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը, դանակով բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել է վերջինիս վրա և փորձել հարվածել նրան։ Ոստիկանության ծառայողը, խույս տալով հարվածից, սայթաքել և վայր է ընկել։ 27–ամյա երիտասարդը, շարունակելով իր հանցավոր մտադրությունը և օգտվելով ոստիկանի՝ պառկած դիրքում գտնվելու հանգամանքից, ևս մեկ անգամ դանակով հարվածել է վերջինիս գոտկատեղի հետևի հատվածին՝ վնասելով ոստիկանական համազգեստը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031