Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք այլևս չենք հանդուրժելու այսպես ասած բախչաները, քոլիկները և ապօրինի շինարարությունը»․ Տիգրան Ավինյան

Հունվար 08,2024 12:50

«Շատ մոտավոր տվյալներով՝ այդտեղ առկա է 25 հեկտար կանաչապատման ենթակա տարածք՝ մինչև Կենդանաբանական այգու մոտակայքը»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

Արմեն Բեգոյան

Նա նշեց, որ մի շարք խնդիրներ կան․ մասնավորապես՝ տարածքում առկա են հողազավթման դեպքեր․ «Ցանկապատված են տարբեր տարածքներ, որոնց վրա շինարարություն չկա։ Դրանց հարցը հեշտ լուծելի է։ Ութ անձի կողմից նաև ինչ-որ շինություններ կան կառուցված և ութ ընտանիք Մյասնիկյանին հարող մասում, կարելի է ասել, բնակվում է։ Լվովյան փողոցի կողմից շինարարական աշխատանքների կատարման ժամանակ բազալտե մեծ քարեր են կուտակվել, որը շինարարի կողմից պետք է տեղափոխվի։ Երկրորդ հարցը տարածքի սանմաքրումն է։ Այդ հսկա տարածքներն են՝ ամայի կամ չորացած ծառերով պատված։ Ոռոգման ջրի խնդիրն է, որը լուծելի է։ Հաշվի առնելով կազմակերպության ռեսուրսները՝ այդ աշխատանքները հնարավոր կլինի սկսել և ծառատունկը իրականացնել լավագույն դեպքում այս տարի աշնանը կամ հաջորդ տարի գարնանը»։

Նա Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին խնդրեց մեկ ամսով հանձնարարության կատարման ժամկետը երկարաձգել, քանի որ զավթված տարածքների խնդիրն է, որ հանդիպեն բնակիչների հետ, հասկանան։

Տիգրան Ավինյանը հայտարարեց․ «Կարծում եմ՝ այդ դարաշրջանն արդեն ավարտվել է, և մենք այլևս չենք հանդուրժելու այսպես ասած բախչաները, քոլիկները և ապօրինի շինարարությունը։ Կարծում եմ՝ դրա ժամանակը վաղուց սպառվել է։ Այսօր քննարկելու ենք որոշակի օրենսդրական փոփոխություններ, որոնք էլ ավելի են բարդացնելու նմանատիպ տարածքների զավթումը։ Ինձ համար մեծ տարբերություն չկա՝ համայնքային բյուջեից են գողանում, թե համայնքային հողերն են գողանում։ Նույն համայնքային գողությունն է, հետևապես այդտեղ բանակցելու շատ լայն դաշտ չունենք։ Ունենք գործելու դաշտ, և համապատասխան վարչության հետ՝ մասնավորապես մեր քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանման ծառայության և վարչական շրջանի ղեկավարի հետ պետք է քննարկել և տարածքները ազատել։ Տասնամյակներ մեր կանաչ ֆոնդը նվազել է նաև նման գործողությունների հաշվին, հետևաբար հիմա կանաչ ֆոնդի վերականգնման ժամանակն է։ Պետք է խնդրեմ անցնել ակտիվ գործողությունների»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031